eduard poghosyan

Անկեղծ ասած՝ ես հոգնել եմ

Բավ է` հոգնեցինք արդեն:

Ես հայ եմ, ապրում եմ Հայաստանում, 16 տարեկան եմ ու այդ տարիների ընթացքում օտար ափերում մշտական բնակություն հաստատելու նպատակով հայրենիքս չեմ լքել։ Եղել են դեպքեր, մտադրություններ, բայց այդպես էլ ընտանիքով չլքեցինք Հայաստանը:

Գիտեք՝ մեր պատմությունը, որն ապացուցում է, որ մենք էթնիկ դաստիարակություն ունենք՝ հզոր, տոկուն ու անկոտրում լինելու, ուղեղումս չի մնում արդեն։ Ինձ թվում է, թե 14 տարի օդերում եմ ապրել ու ինքնություն չեմ ունեցել, ինձ թվում է, թե մենք բացի վերջին 2 տարուց՝ այլ պատմություն չունենք:

Ձեր արդար մղումները ձեզ պահեք, սիրելիներս: Իսահակյանը, իր «Աբու-Լալա Մահարի» պոեմում մի տող է գրել, որը կանոնն է կյանքի, բայց մենք այն չենք ուզում մտապահել։ Երբ Բաղդադի բանաստեղծ Աբու-Լալան, հոգնած կյանքից ու մարդկային հավերժ ստից, իր ուղտերի քարավանի հետ շարժվում էր դեպի կյանքի միակ ճիշտ աղբյուրը, մի պատճառ ուներ․ «Երբ մարդուն ի օգուտ ես խոսում, ամենագետն ես աշխարհի, երբ մարդուն ի վնաս ես խոսում, տգետն ես աշխարհի»: Ճշմարտությունն է, չենք փախչի: Ախր դուք ու ձեր մղումները արդար չեն: Ախր անձնական շահ չունենաք, անձնական «հալածանք» չտեսնեք՝ ձեր ինչների՞ն է պետք մեր երկիրը․ ցիտում եմ բացառապես նմանօրինակ մտածողների մտքերը: Ախր երբ ոտնատակ դուք եք ընկնում, բոլորին եք դեմ դուրս գալիս, կամ նույնը, երբ անձնական շահ եք հետապնդում։ Սա վերաբերում է և՛ անհատներին, և՛ խմբավորումներին։ Լռե՛ք, ավելի ճիշտ է: Իմ քաղաքագետներ, «իմեր»…

Մի կողմ դրեք պարտադրված այլ կարծիք ունենալու բարդույթը և ընդամենը պաշտպանեք ձեր կարծիքը:

Բայց կարծիք ձևավորելիս մի կողմ դրեք ամենը, անաչառ եղեք՝ առաջին հերթին ինքներդ ձեզ հետ, լոկ սա է խնդրանքս: Ձեր կարծիքը ու դրա դրսևորումը հանեք ֆեյսբուքից, դա ձեր միակ հարթակը չէ արտահայտվելու՝ մանավանդ, երբ դրանք վերաբերում են ձեր իսկ պետությանը: Պետության մասին մտածեք՝ դրսևորելով ձեր կարծիքը հանրաքվեների գնալով, ձեր իսկ դիրքորոշումը արտահայտելով: Ֆեյսբուքյան տիրույթում դրանք առոչինչ են: Ախր այդ 3-5 գրամ կշռող քվեաթերթիկն է ձեր վճիռը, ձեր ներկան ու ապագան, ոչ թե ֆեյսբուքյան պաթետիկ գրառումները: Մի կտրվեք իրական կյանքից. հիշե՛ք՝ ամեն օրը պատմություն է, և մենք սերունդների առաջ պատասխան ունենք տալու:

Երկրում այս անառողջ մթնոլորտը դադարեցրեք, վերջ տվեք թշնամանքին, մի բուռ ազգ ենք: Ախր շատերիդ նպատակը արդար չէ, ախր շատերիդ պայքարը, մղումը արդար չէ… Ախր բոլորդ շահ եք հետապնդում, ամեն մեկդ՝ միայն ձերը, և ոչ պետականը: Ախր ձեր գրառումերը ամեն մեկդ հիշեք: Մերժված, դու քոնը հիշիր, ընտրյալ, դու էլ՝ քոնը:

Գիտեք՝ այնպիսի հատուկ «էկզեմպլյառ» է երկիրը մեր դարձել, որ մասնագիտություններն են արդեն նվաստանում: Նախկինում հեղինակություն վայելող լրատվականներն այսօր հասել են խեղճագույն մակարդակի: Ու սա ասում է մի մարդ, ով մեծացել է մանկուց լրագրող դառնալու երազանքով: Ախր լրագրողը պիտի գործի մասնագիտապես՝ մասնագիտության պատվերներով, ոչ թե ոմանց՝ «յուրայինների» կամ էլ վճարողների: Լրագրությունը մահացավ, լրագրողները մեռան:

Հերիք է, բավ է… Գժվեցրիք արդեն: Հատեցիք հաստ ու բարակ: Հոգնեցնող է այս ամենաթողությունը ու հա, չփորձեք հանկարծ ընտրյալներին մեղադրել: Անկարգությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից:

Դուք՝ հումանիստներդ, ինչ որ անում եք ժողովրդի օգուտի ու բարօրության համար, հիշեք, որ նույն ժողովուրդը ընտրեց այս իշխանությունը, և ձեզ պատասխանատու մանդատ չտվեց: Մի մեղադրեք ժողովրդին կամ իշխանությանը, դրա փոխարեն ձեր անցյալը հիշեք և այն վերանայեք: Իհարկե, վստահ եմ, որ դժվար թե բան ստացվի, բայց փորձեք:

Գիտեք՝ ես հոգնել եմ ու շա՜տ եմ հոգնել…