narnia

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը. Գլուխ հինգերորդ

Նարնիայի քրոնիկոնները

 

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը

Գլուխ հինգերորդ

Նորից դռան այս կողմում

Էդմունդն ու Լյուսին մյուսներին գտան որոշ ժամանակ անց, որովհետև դեռ պահմտոցին շարունակվում էր: Եվ երբ վերջապես նրանք զրահահանդերձներով զարդարված երկար սենյակում գտան միմյանց, Լյուսին պոռթկաց.

-Փիթե՜ր, Սյուզա՜ն… Ամեն ինչ ճիշտ է: Էդմունդն էլ է տեսել: Իսկապես հնարավոր է  պահարանի միջով ուրիշ աշխարհ մտնել: Երկուսս էլ մտել ենք: Մենք հանդիպեցինք այնտեղ՝ անտառում: Դե՛, Է՛դմունդ, պատմի՛ր:

-Է՛դ, ի՞նչ է կատարվում,-հարցրեց Փիթերը:

Իսկ մենք հասանք այս պատմության ամենատհաճ հատվածին: Մինչ այժմ Էդմունդը վատ էր զգում և բարկացած էր Լյուսիի վրա, որ վերջինս ճիշտ էր: Բայց դեռ չէր որոշել իր անելիքը: Երբ Փիթերը հանկարծ տվեց այդ հարցը, նա միանգամից դիմեց մտքով անցած ամենանենգ և ամենաչար քայլին: Որոշեց դավաճանել Լյուսիին:

-Դե պատմի՛ր, Է՛դ,-ասաց Սյուզանը:

Էդմունդն այնպիսի դեմք ընդունեց, կարծես շա՜տ մեծ էր Լյուսիից, այնինչ ընդամենը մեկ տարվա տարբերություն կար նրանց միջև:

-Այո՛, ես ու Լյուսին խաղում էինք: Ձևացնում էինք, թե այդ պահարանի և երկրի մասին պատմությունը ճիշտ է: Ուղղակի զվարճանում էինք: Ոչ մի բան էլ գոյություն չունի:

Խեղճ Լյուսին Էդմունդի վրա մի հայացք նետեց և դուրս վազեց սենյակից:

Էդմունդը, որ ամեն րոպե ավելի ու ավելի վատն էր դառնում, մտածեց, որ իրեն ամեն ինչ հաջողվել է, և անմիջապես շարունակեց.

-Ահա՛: Նորից սկսեց: Ի՞նչ է եղել նրան: Փոքր երեխաների ամենավատ կողմը դա է. նրանք միշտ…

-Ուրեմն այսպես,-կոպտորեն միջամտեց Փիթերը,-ձայնդ կտրի՛ր: Դու շատ հրեշավոր վերաբերմունք ես ցույց տվել Լյուսիին սկսած այն պահից, երբ նա պահարանի մասին այս անմտությունը հորինեց, իսկ հիմա ինչ-որ խաղեր ես խաղում և հիշեցնում Լյուսիին այդ մասին: Հաստատ ուղղակի չարությունից դրդված ես այդպես վարվել:

-Բայց սրանք անիմաստ բաներ են,-շվարած ասաց Էդմունդը:

-Իհարկե անիմաստ են,-ասաց Փիթերը,-իմ ասածն էլ հենց դա է: Երբ հեռանում էինք տնից, Լյուսին լավ էր իրեն պահում: Բայց ինչ այստեղ ենք, նա կամ խելքը թռցրել է, կամ էլ սարսափելի սուտասան է դարձել: Բայց ինչ էլ որ է, քո կարծիքով ի՞նչ կփոխվի, եթե մեկ ծաղրես և հոգին հանես, մեկ էլ՝ քաջալերես:

-Ես կարծում էի… Ես կարծում էի…-սկսեց Էդմունդը, բայց չկարողացավ ոչինչ ասել:

-Ոչինչ էլ չէիր կարծում,-ասաց Փիթերը:-Դա ընդամենը չարություն է: Միշտ էլ սիրել ես հրեշավոր վարվել քեզնից փոքրերի հետ. դպրոցում ականատես ենք եղել դրան:

-Վե՛րջ տվեք,-ասաց Սյուզանը,-վիճելով ոչինչ չեք փոխի: Եկե՛ք գտնենք Լյուսիին:

Եվ զարմանալի չէր, երբ երկար ժամանակ անց վերջապես գտան Լյուսիին, ակնհայտ էր, որ լաց էր եղել: Ոչ մի բանով չկարողացան մխիթարել: Լյուսին կրկին կառչեց իր պատմությունից և ասաց.

-Ինձ համար միևնույն է, թե ինչ եք մտածում և ինչ եք ասում: Կարող եք պատմել Պրոֆեսորին, կամ պատմել մայրիկին, կամ անել այն, ինչ ուզում եք: Ես գիտեմ, որ հանդիպել եմ Ֆավնի և կուզենայի այնտեղ մնացած լինել, իսկ դուք բոլորդ հրեշնե՜ր եք, հրեշնե՜ր:

Երեկոն շատ տհաճ էր: Բոլորը խղճում էին Լյուսիին, իսկ Էդմունդը սկսում էր հասկանալ, որ իր ծրագիրը չի աշխատում այնպես, ինչպես ինքն էր սպասում: Երկու ավագները սկսում էին կարծել, որ Լյուսին խելքը թռցրել է: Նրա քնելուց հետո դեռ երկար շշուկով խոսում էին այդ մասին միջանցքում:

Արդյունքում որոշեցին գնալ և ամեն ինչ պատմել Պրոֆեսորին:

-Նա նամակ կգրի հայրիկին, եթե գտնի, որ իրոք մի բան այն չէ,-ասաց Փիթերը,-լուծում գտնելը մեր ուժերից վեր է:

Այսպիսով նրանք գնացին և թակեցին աշխատասենյակի դուռը: Պրոֆեսորն ասաց.

-Նե՛րս եկեք:

Նրանց համար աթոռներ գտավ և ասաց, որ ինքն ամբողջովին նրանց տրամադրության տակ է: Հետո նստեց և, մատների ծայրերն իրար կպցրած, առանց ընդհատելու լսեց նրանց ամբողջ պատմածը: Հետո բավականին երկար ժամանակ ոչինչ չասաց: Այնուհետև կոկորդը մաքրեց և ասաց մի բան, որ երկուսն էլ ամենաքիչն էին ակնկալում լսել:

-Իսկ ի՞նչ գիտեք,-հարցրեց Պրոֆեսորը,-որ ձեր քրոջ պատմությունը ճշմարիտ չէ:

-Բայց չէ՞ որ,-սկսեց Սյուզանը և հետո կանգ առավ: Ծերունու դեմքին նայելով բոլորդ էլ կհասկանայիք, որ շատ լուրջ էր խոսում: Հետո Սյուզանն ինքն իրեն հավաքեց և ասաց.

-Բայց Էդմունդն ասում էր, որ ընդամենը ձևացնում էին:

-Այս հարցը,-ասաց Պրոֆեսորը,-պետք է մեծ ուշադրությամբ քննել: Օրինակ, ներեցե՛ք, որ այսպիսի հարց եմ տալիս, ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս: Ո՞վ է ավելի վստահելի, ձեր եղբա՞յրը, թե՞ քույրը: Նկատի ունեմ՝ նրանցից ո՞վ է ավելի ճշմարտախոս:

-Հենց դա էլ ամենատարօրինակն է, սը՛ր,-ասաց Փիթերը:-Մինչ այժմ միանշանակ կասեի, որ Լյուսին:

-Իսկ դո՞ւ ինչ ես կարծում, սիրելի՛ս, -դիմեց Պրոֆեսորը Սյուզանին:

-Այո՛,-ասաց Սյուզանը,-ընդհանուր առմամբ, համաձայն եմ Փիթերի հետ, բայց ինչպե՞ս կարող է անտառի և Ֆավնի մասին այդ պատմությունը ճիշտ լինել:

-Սա իմ պատկերացումներից էլ վեր է,-ասաց Պրոֆեսորը,-իսկ ճշմարտախոս մեկին ստելու մեջ մեղադրելը շատ լուրջ բան է, չափազանց լուրջ:

-Մենք նույնիսկ վախենում ենք, որ ոչ թե ստում է,-ասաց Սյուզանը,-այլ խելքը թռցրել է:

-Նկատի ունեք` գժվե՞լ է,-սառնասրտորեն հարցրեց Պրոֆեսորը:-Կարող եք չանհանգստանալ: Բավական է միայն նայել նրան և խոսել հետը, որպեսզի համոզվեք, որ չի գժվել:

-Բայց այդ դեպքում,-ասաց Սյուզանը և կանգ առավ: Անգամ երազում չէր տեսել, որ մեծ մարդն այնպես խոսի, ինչպես Պրոֆեսորը, և չգիտեր` ինչ մտածեր:

-Պարզ տրամաբանությո՜ւն,-մասամբ ինքն իրեն ասաց Պրոֆեսորը:-Ինչո՞ւ դպրոցներում տրամաբանություն չեն սովորեցնում: Երեք տարբերակ կա. կամ ձեր քույրը ստում է, կամ խելագարվել է, կամ էլ ճիշտ է ասում: Դուք գիտեք, որ սուտ չի խոսում, և ակնհայտ է, որ խելագար չէ: Եվ քանի դեռ այլ փաստարկ չունենք, պետք է ընդունենք, որ ճիշտ է ասում:

Սյուզանն ուշադիր նայում էր նրան, և վերջինիս դեմքի արտահայտությունից ակնհայտ էր, որ կատակ չի անում:

-Բայց ինչպե՞ս կարող է ճիշտ լինել, սը՛ր,-հարցրեց Փիթերը:

-Ինչո՞ւ եք հարցնում,-հարցին հարցով պատասխանեց Պրոֆեսորը:

-Դե, եթե իրական է,-շարունակեց Փիթերը,-ինչո՞ւ պահարանին ամեն մի մոտեցող չի գտնում այդ երկիրը: Նկատի ունեմ, երբ զննեցինք պահարանը, այնտեղ ոչինչ չկար. նույնիսկ Լյուսին չձևացրեց, թե տեսնում է ինչ-որ բան:

-Դա ի՞նչ կապ ունի,-ասաց Պրոֆեսորը:

-Դե, սը՛ր, եթե ինչ-որ բան իրական է, այն միշտ գոյություն ունի:

-Իսկապե՞ս,-հարցրեց Պրոֆեսորը, և Փիթերը ոչինչ չկարողացավ ասել:

-Բայց ժամանակ չկար,-ասաց Սյուզանը,-Լյուսին որևէ տեղ գնալու ժամանակ չուներ, եթե նույնիսկ այդպիսի տեղ գոյություն ունենար: Հենց այն պահին, երբ դուրս եկանք սենյակից, նա մեր հետևից վազելով դուրս եկավ: Նույնիսկ մի րոպե չտևեց, բայց  ձևացնում էր, թե ժամեր շարունակ բացակայել է:

-Հենց դա էլ այդքան հավանական է դարձնում պատմության ճշմարտացի լինելը,-ասաց Պրոֆեսորը:-Եթե այս տանն իսկապես այլ աշխարհ տանող դուռ կա (իսկ ես զգուշացնում եմ, որ սա շատ տարօրինակ տուն է, և նույնիսկ ես շատ քիչ բան գիտեմ դրա մասին), ասում եմ ձեզ, եթե նա ինչ-որ այլ աշխարհ է ընկել, բոլորովին էլ չէի զարմանա, եթե պարզվեր, որ այդ այլ աշխարհի ժամանակը մեր աշխարհի ժամանակից տարբեր է: Այնպես որ, ինչքան էլ երկար մնայիք այնտեղ, մեր ժամանակից մի րոպե էլ չէր խլի: Իսկ մյուս կողմից, կարծում եմ, որ նրա տարիքի աղջիկների մեծ մասը չէր կարող ժամանակների տարբեր լինելու գաղափարը հորինել: Եթե Լյուսին ձևեր թափեր, երկար ժամանակ կթաքնվեր և միայն հետո դուրս կգար ու այդ պատմությունը կպատմեր:

-Բայց իսկապե՞ս կարծում եք, սը՛ր,-հարցրեց Փիթերը,-որ ամեն տեղ, ամեն անկյունում կարող են ուրիշ աշխարհներ լինել:

-Շատ հավանական է,-պատասխանեց Պրոֆեսորը՝ հանելով ակնոցը և մաքրելով, մինչ քթի տակ կխոսեր,-հետաքրքիր է, ի՞նչ են սովորեցնում այս դպրոցներում:

-Հիմա ի՞նչ անենք,-հարցրեց Սյուզանը: Նա զգում էր, որ խոսակցությունը սկսում է ձգձգվել:

-Իմ սիրելի՛ երիտասարդ լեդի,-ասաց Պրոֆեսորը՝ հանկարծ դեմքի շատ լուրջ արտահայտությամբ նայելով նրանց,-մի գաղափար ունեմ, որ դեռ ոչ ոք չի առաջարկել, և այն արժանի է ուշադրության:

-Ի՞նչ գաղափար,-հարցրեց Սյուզանը:

-Լավ կլիներ բոլորս փորձեինք չխառնվել միմյանց գործերին,-ասաց նա:

Եվ այսպիսով խոսակցությունն ավարտվեց:

Սրանից հետո Լյուսիի համար ամեն ինչ շատ ավելի լավ էր: Փիթերը նկատեց, որ Էդմունդը դադարել էր ծաղրել նրան, և ոչ նա, ոչ էլ որևէ մեկը բացարձակապես հակված չէին խոսել պահարանի մասին: Այս թեման անհանգստության առիթ էր դառնում ամեն անգամ, և մի որոշ ժամանակ թվում էր, թե արկածներն ավարտվել են, բայց այդպես չէր:

Պրոֆեսորի այս տունը, որի մասին անգամ ինքը շատ քիչ գիտեր, այնքան հին էր և հայտնի, որ ողջ Անգլիայից մարդիկ էին գալիս այն դիտելու: Այս տունն այն տներից էր, որոնք նկարագրվում են գրքերում և անգամ պատմության դասագրքերում: Այդ տան մասին բացի ինձնից բազմաթիվ այլ մարդիկ են պատմություններ գրել, և իմը դրանցից ամենաարտասովորը չէ: Եվ երբ այցելուների խմբերը գալիս էին տունը դիտելու, Պրոֆեսորը միշտ թույլ էր տալիս, և տնտեսուհին՝ միսիս Մակրիդին, նրանց հետ շրջում էր՝ պատմելով զրահահանդերձների, նկարների և գրադարանի հազվագյուտ գրքերի մասին: Միսիս Մակրիդին այնքան էլ չէր սիրում երեխաներ և տանել չէր կարողանում, երբ խանգարում էին պատմել այն, ինչ գիտեր: Երևի հենց առաջին առավոտն էլ բազմաթիվ այլ հրահանգների հետ միասին զգուշացրել էր Սյուզանին և Փիթերին.

-Եվ խնդրում եմ հիշե՛ք, որ պետք է ինձնից հեռու մնաք, երբ այցելուների հետ շրջում եմ տանը:

-Իբր թե մենք ամբողջ սրտով փափագում ենք ողջ օրը քարշ գալ ինչ-որ տարօրինակ խմբի հետևից, -ասաց Էդմունդը, իսկ մյուս երեքը մտածեցին նույն բանը:

Ահա թե ինչպես արկածները վերսկսվեցին:

Մի քանի օր հետո Փիթերն ու Էդմունդը կանգնած նայում էին զրահահանդերձին՝ փորձելով կռահել, թե կարո՞ղ են այն մասերի բաժանել, երբ երկու քույրերը ներս վազեցին և ասացին.

-Զգուշացե՛ք: Միսիս Մակրիդին և ամբողջ խումբը գալիս են այս կողմ:

-Փախա՜նք, -բացականչեց Փիթերը, և չորսն էլ դուրս թռան սենյակի հեռավոր ծայրի դռնից: Բայց երբ կանաչ սենյակի միջով հասան գրադարան, առջևից հանկարծ ոտնաձայներ լսեցին ու հասկացան, որ միսիս Մակրիդին այցելուներին բերում է ոչ թե շքամուտքով, ինչպես իրենք ենթադրում էին, այլ հետևի աստիճաններով: Իսկ հետո, միգուցե այն պատճառով, որ խուճապի էին մատնվել, կամ էլ այն պատճառով, որ միսիս Մակրիդին փորձում էր բռնել նրանց, իսկ միգուցե այն պատճառով, որ տան մեջ ինչ-որ կախարդանք էր արթնացել և հետապնդելով տանում էր նրանց Նարնիա, երեխաներին թվում էր, թե ամեն կողմից իրենց հետևում են, մինչև վերջապես Սյուզանն ասաց.

-Գրողը տանի այդ զբոսաշրջիկներին: Եկե՛ք մտնենք զգեստապահարանի սենյակը մինչև հեռանան: Ոչ ոք մեր հետևից այնտեղ չի գա:

Բայց հենց այն պահին, երբ ներս մտան, միջանցքից ձայներ լսվեցին, և հետո տեսան, թե ինչպես պտտվեց դռան բռնակը:

-Արա՛գ, -ասաց Փիթերը, -ուրիշ ճար չկա, -և բացեց պահարանի դուռը: Բոլորն արագ մտան ներս ու մթության մեջ հևալով նստեցին հատակին: Փիթերը դուռը փակեց, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև ինչպես ամեն մի խելացի մարդ, ինքն էլ, իհարկե, գիտեր, որ պետք չէ ինքն իրեն պահարանում փակել:

(Շարունակելի)

Անգլերենից թարգմանությունը` Ծովինար Տալյանի