narnia

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը. Գլուխ վեցերորդ

Նարնիայի քրոնիկոնները

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը

Գլուխ վեցերորդ

 

Դեպի անտառի խորքը

 

-Երանի՜ Մակրիդին շուտ գար ու տաներ այս բոլոր մարդկանց,- քիչ հետո ասաց Սյուզանը,- տեղս շատ է նեղ:

-Ու ի՜նչ կամֆորայի զզվելի հոտ է գալիս,-ասաց Էդմունդը:

-Երևի այս վերարկուների գրպանները լիքը կամֆորա են լցրել,-ասաց Սյուզանը,-որ հեռու պահեն ցեցերին:

-Ինչ-որ բան մեջքիս խփեց,-ասաց Փիթերը:

-Եվ ինչ ցուրտ է, չէ՞,-ասաց Սյուզանը:

-Ճիշտ ես ասում, իրոք ցուրտ է,-ասաց Փիթերը,-ու, գրո՜ղը տանի, համ էլ խոնավ է: Այս ի՞նչ տեղ է: Ինչ-որ թաց բանի վրա եմ նստած: Ու գնալով ավելի եմ թրջվում:

Փիթերը վեր թռավ տեղից:

-Եկեք դո՛ւրս գանք,-ասաց Էդմունդը,-արդեն գնացած կլինեն:

-Ա՜խ,-հանկարծ ասաց Սյուզանը, և բոլորը միաբերան հարցրեցին, թե ինչ է պատահել:

-Ես ինչ-որ ծառի էի հենվել,-ասաց Սյուզանը,-և, հապա նայե՛ք, այնտեղ լո՜ւյս է:

-Տե՜ր Աստված, իսկապե՜ս,-ասաց Փիթերը,-հապա այնտե՜ղ նայեք: Շուրջբոլորը ծառ է: Իսկ այս թաց բանը ձյուն է: Վա՜յ, իրոք հավատում եմ, որ ընկել ենք Լյուսիի անտառը:

Հիմա այլևս կասկած լինել չէր էլ կարող: Չորսն էլ կանգնած էին ձմռան ցերեկվա լույսի մեջ և զարմացած աչքերն էին թարթում: Նրանց հետևում կախիչներից կախված վերարկուներն էին, իսկ առջևում` ձյան ծածկոցով ծածկված ծառերը:

Փիթերն անմիջապես շրջվեց դեպի Լյուսին:

-Ներողություն, որ չհավատացի,-ասաց նա,-ների՛ր ինձ: Արի՛ հաշտվենք:

-Իհարկե,-ասաց Լյուսին: Եվ սեղմեցին միմյանց ձեռքերը:

-Իսկ հիմա ի՞նչ անենք,-ասաց Սյուզանը:

-Գնանք անտառն ուսումնասիրենք, իհարկե,-ասաց Փիթերը:

-Վա՜յ,-ասաց Սյուզանը` թփթփացնելով ոտքերը,-շա՜տ ցուրտ է: Եկե՛ք այս վերարկուները հագնենք:

-Բայց մերը չեն,-կասկածամտորեն պատասխանեց Փիթերը:

-Հաստատ ոչ ոք դեմ չի լինի,-ասաց Սյուզանը,-չէ՞ որ տնից դուրս չենք տանում: Նույնիսկ պահարանից չենք հանում:

-Մտքովս չէր էլ անցել, Սյո՛ւ,-ասաց Փիթերը,-իհարկե, այդ առումով ճիշտ ես: Ոչ ոք չի կարող մեղադրվել վերարկուի գողության մեջ, եթե այն չի էլ հանել պահարանից, որտեղ որ գտել է: Իսկ իմ կարծիքով, այս ամբողջ երկիրն այդ պահարանի մեջ է:

Երեխաներն անմիջապես իրագործեցին Սյուզանի խելացի ծրագիրը: Վերարկուները չափազանց մեծ էին, և երբ նրանք հագան, ծածկվեցին անգամ կրունկները, և թվում էր` դրանք թագավորական ծիրանիներ են: Բայց շատ լավ տաքացան, և ամեն մեկի աչքում մյուսներին ավելի էին սազում վերարկուները, քան իրենց, և մյուսներն ավելի համահունչ էին շրջակա միջավայրին:

-Կարող ենք ձևացնել, թե արկտիկական բևեռախույզների խումբ ենք,-ասաց Լյուսին:

-Առանց ձևացնելու էլ շատ հետաքրքիր կլինի,-ասաց Փիթերը` առաջնորդելով եղբորն ու քույրերին դեպի անտառ: Մութ ամպեր էին կուտակվել երկնքում, և թվում էր` մինչ մութն ընկնելը ձյուն է գալու:

-Լսե՛ք,-քիչ անց ասաց Էդմունդը,-եթե ուզում եք լապտերասյանը հասնել, ավելի լավ չէ՞` ձախ գնանք:

Մի պահ մոռացել էր, որ պիտի ձևացնի, թե երբևէ չի եղել անտառում: Հենց այդ բառերը բերանից դուրս թռան, գիտակցեց, որ ինքն իրեն մատնել է: Բոլորը կանգ առան ու հայացքներն ուղղեցին նրան: Փիթերը մռնչաց.

-Ուրեմն իսկապես եղե՞լ ես այստեղ, այն ժամանակ, երբ Լյուսին ասաց, որ քեզ այստեղ հանդիպել է, իսկ դու խեղճին սուտ հանեցիր:

-Ա՜խ, դո՛ւ, փոքրի՛կ, թունավո՛ր հրեշ,-ասաց Փիթերը, հետո թոթվեց ուսերն ու էլ ոչինչ չասաց: Թվում էր` էլ ոչինչ չկա ասելու: Եվ շուտով շարունակեցին ճանապարհը: Բայց Էդմունդը մտածում էր.

«Ես ձեզ դեռ ցո՜ւյց կտամ, ինքնագո՛հ գոռոզներ»:

-Իսկ ո՞ւր ենք գնում,-ասաց Սյուզանը, որ փոխի խոսակցության թեման:

-Ինձ թվում է` Լյուն պետք է առաջնորդի,-ասաց Փիթերը,-հաստատ վաստակել է դրա իրավունքը: Ո՞ւր ես ուզում մեզ տանել, Լյո՛ւ:

-Չգնա՞նք միսթր Թամնուսին տեսնելու,-հարցրեց Լյուսին,-իմ սիրելի ֆավնին, պատմել եմ ձեզ իր մասին:

Բոլորը համաձայնեցին ու շարունակեցին արագ քայլել` թփթփացնելով ոտքերը: Լյուսին լավ առաջնորդող դուրս եկավ: Սկզբում մտածում էր, թե արդյոք կգտնի՞ ճանապարհը: Բայց մի տարօրինակ արտաքինով ծառ ու կողքին մի կոճղ տեսավ, ճանաչեց դրանք և տարավ նրանց այնտեղ, ուր գետինը խորդուբորդ էր: Հետո դուրս եկան մի փոքրիկ հովիտ և վերջապես հասան ճիշտ միսթր Թամնուսի քարանձավի դռան մոտ: Բայց նրանց սարսափելի անակնկալ էր սպասում:

Դուռն իր ծխնիներից հանել էին ու ջարդուփշուր արել: Քարանձավի ներսում մութ էր ու ցուրտ, և այնպիսի զգացողություն էր, կարծես մի քանի օր ոչ ոք չէր ապրել: Ձյունը դռան շեմից ներս էր լցվել ու ճզմվել գետնին` ինչ-որ սև բանի հետ խառնված, որը, պարզվեց, խարույկից մնացած մոխիրն էր: Ակնհայտ էր, որ ինչ-որ մեկն այն ցրիվ էր տվել սենյակով ու ոտնակոխ արել: Ամանեղենը գցել էին գետնին ու ջարդուփշուր արել, իսկ Ֆավնի հոր նկարը` դանակով պատառոտել:

-Ա՜յ քեզ ձախորդություն,-ասաց Էդմունդը,-լավ չէր, որ եկանք:

-Սա ի՞նչ է,-ներքև նայելով` ասաց Փիթերը: Նա թղթի մի կտոր էր նկատել, որ գորգի միջով մեխած էր գետնին:

-Ինչ որ  բա՞ն է գրած,-հարցրեց Սյուզանը:

-Կարծում եմ` այո՛,-պատասխանեց Փիթերը,-բայց լույսը թույլ է, չեմ կարող կարդալ, եկեք դո՛ւրս գանք:

Երեխաները դուրս եկան դեպի լույսը և խմբվեցին Փիթերի շուրջ, մինչ վերջինս կկարդար հետևյալ տողերը.

«Այս տան նախկին բնակիչը` Ֆավն Թամնուսը, ձերբակալված է և սպասում է իր դատին այն մեղադրանքով, որ նորին Թագավորական Մեծություն Ջադիսի` Նարնիայի թագուհու, Քեյր-Փարավելի տիրակալի, Միայնակ կղզիների և այլ տարածքների կայսրույու դեմ Մեծ Դավաճանություն է գործել, ինչպես նաև հյուրընկալել է նորին Մեծության թշնամիներին, ապաստան տվել լրտեսներին և եղբայրացել Մարդկանց հետ:

 

ստորագրված է`

Գաղտնի ոստիկանության կապիտան`

Մոուգրիմ

Կեցցե՜ Թագուհին»:

 

Երեխաները քարացած միմյանց նայեցին:

-Ընդհանրապես, չէի ասի, թե այստեղ ինձ դուր է գալիս,-ասաց Սյուզանը:

-Ո՞վ է այդ թագուհին, Լյո՛ւ,-հարցրեց Փիթերը:-Ինչ-որ բան գիտե՞ս նրա մասին:

-Նա ամենևին էլ իսկական թագուհին չէ,-պատասխանեց Լյուսին:-Սարսափելի վհուկ է` Սպիտակ Վհուկը: Անտառի բոլոր բնակիչներն ատում են նրան: Նա է կախարդել ամբողջ երկիրն այնպես, որ միշտ ձմեռ լինի, իսկ Սուրբ Ծնունդ երբեք չլինի:

-Մտածում եմ` արժե՞ արդյոք այստեղ մնալ,-ասաց Սյուզանը:-Նկատի ունեմ, որ այդքան էլ ապահով չէ, ոչ էլ առանձնապես ուրախ է: Րոպե-րոպե ավելի է ցրտում, իսկ մենք ուտելու ոչինչ չունենք: Չգնա՞նք տուն:

-Ախր, չենք կարող գնալ,-հանկարծ ասաց Լյուսին,-չե՞ք հասկանում: Չենք կարող հենց այսպես թողնել-գնալ տուն այս ամենից հետո: Իմ մեղքով է խեղճ Ֆավնը այս ձախորդության մեջ ընկել: Ինձ Վհուկից թաքցրեց, ցույց տվեց տուն վերադառնալու ճանապարհը: Ահա, թե ինչ է նշանակում «հյուրընկալել է Թագուհու թշնամիներին և եղբայրացել է Մարդկանց հետ»: Մենք պիտի գոնե փորձենք փրկել նրան:

-Ի՞նչ կարող ենք անել,-ասաց Էդմունդը,-երբ նույնիսկ ուտելու բան չունենք:

-Դու սո՛ւս մնա,-ասաց Փիթերը. դեռ բարկացած էր Էդմունդի վրա:-Ի՞ նչ ես կարծում, Սյո՛ւզան:

-Ես տհաճ զգացողություն ունեմ, որ Լյուն ճիշտ է,-ասաց Սյուզանը:-Չեմ ուզում նույնիսկ մի քայլ առաջ գնալ, շատ կուզեի` երբեք եկած էլ չլինեինք այստեղ: Բայց կարծում եմ` պետք է ինչ-որ բան անել միսթր… Ի՞նչ էր անունը… Նկատի ունեմ` Ֆավնի համար:

-Ես էլ նույն զգացողությունն ունեմ,-ասաց Փիթերը:-Ինձ անհանգստացնում է այն, որ ուտելիք չունենք: Կառաջարկեի հետ գնալ ու ինչ-որ բան վերցնել մառանից: Բայց կարծես երաշխիք չկա, որ երբ դուրս գաս այստեղից, կկարողանաս վերադառնալ: Կարծում եմ` պետք է առաջ շարժվել:

-Համամի՜տ եմ,-միաբերան ասացին աղջիկները:

-Եթե՜ միայն իմանայինք, թե այդ խեղճին որտեղ են բանտարկել:

Նրանք կանգնել ու մտածում էին` ինչ անել, երբ Լյուսին ասաց.

-Նայե՛ք: Տեսնո՞ւմ եք այն Արշալուսիկին*` կարմիր կրծքով: Սա առաջին անգամն  է, որ այստեղ թռչուն եմ տեսնում: Հետաքրքիր է` Նարնիայում թռչունները խոսել գիտե՞ն: Կարծես ինչ-որ բան է ուզում ասել:

Հետո դիմելով Արշալուսիկին` ասաց.

-Կարո՞ղ եք ասել, թե ուր են տարել Ֆավն Թամնուսին:

Այս ասելով մի քայլ արեց դեպի թռչնակը: Արշալուսիկը միանգամից թռավ, բայց նստեց կողքի ծառին: Հետո շրջվեց ու անթարթ նայեց նրանց կողմը, կարծես հասկանար այն ամենը, ինչ ասում էին: Առանց գիտակցելու, թե ինչ են անում, երեխաները մեկ-երկու քայլ մոտեցան թռչունին: Այդ պահին Արշալուսիկը կրկին թռավ-փախավ, նստեց կողքի ծառին ու անթարթ նայեց նրանց (դժվար թե երբևէ հանդիպեք ավելի կարմիր փորիկով ու ավելի փայլուն աչքերով Արշալուսիկ):

-Գիտե՞ք,-ասաց Լյուսին,-իսկապես, ինձ թվում է, թե նա ուզում է, որ իր հետևից գնանք:

-Ինձ էլ է թվում,-ասաց Սյուզանը:-Ի՞նչ կասես, Փիթե՛ր:

-Եկե՛ք փորձենք հետևել,-պատասխանեց Փիթերը:

Թվում էր, թե Արշալուսիկը հասկանում է ամեն ինչ: Շարունակ ծառից ծառ էր թռնում` միշտ մի քանի մատնաչափ նրանցից առաջ, բայց միշտ այնքան մոտ, որ կարողանան հեշտ հետևել: Այսպես առաջնորդում էր նրանց դեպի բլրակի ստորոտը: Որտեղ որ կանգ էր առնում, ճյուղից մի քիչ ձյուն էր թափվում ներքև: Շուտով ամպերը ցրվեցին, ձմռան արևը դուրս եկավ, և երեխաների շուրջ ձյունը սկսեց պայծառ շողշողալ: Արդեն մոտ կես ժամ քայլել էին, առջևում` աղջիկները, հետևում` տղաները, երբ Էդմունդն ասաց Փիթերին.

-Եթե մի կողմ դնես մեծամտությունդ, ապա մի բան կասեմ. լավ կլիներ` լսեիր ինձ:

-Ասա՛,-պատասխանեց Փիթերը:

-Կամա՛ց: Այդքան բարձր մի՛ խոսիր,-ասաց Էդմունդը,-պետք չէ վախեցնել աղջիկներին: Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ենք անում:

-Ի՞նչ,-հարցրեց Փիթերն ավելի ցածր ձայնով` շշուկով:

-Հետևում ենք մի ուղեկցողի, որի մասին ոչինչ չգիտենք: Ի՞նչ գիտենք, թե ում կողմից է: Արդյո՞ք մեզ ծուղակը չի գցի:

-Սարսափելի կլիներ, եթե այդպես լիներ: Բայց արշալուսիկները…. Իմ կարդացած բոլոր պատմություններում նրանք բարի են: Վստահ եմ, որ չարի կողմից չէ:

-Եթե այդպես է, ապա ո՞րն է լավ կողմը: Ի՞նչ գիտենք, որ ֆավները բարի են, իսկ Թագուհին` չար: Այո՛, գիտեմ, մեզ ասել են, որ Վհուկ է: Բայց ոչ մեկի մասին ոչինչ չգիտենք:

-Ֆավնը փրկել է Լյուսիին:

-Այդ ինքն է այդպես ասում: Բայց մենք ի՞նչ իմանանք: Հա՛, ի դեպ, ևս մի հարց. ինչ-որ մեկս գիտի՞ այստեղից տուն տանող ճանապարհը:

-Տե՜ր Աստված,-ասաց Փիթերը,-այդ մասին չէի էլ մտածել:

-Եվ ոչ մի տարբերակ չկա ճաշելու,-ասաց Էդմունդը:

 

  • Արշալուսիկ – ճնճղուկազգիների կարգին պատկանող թռչուն

 

(Շարունակելի)

Անգլերենից թարգմանությունը` Ծովինար Տալյանի