1_13-narnija

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը. Գլուխ յոթերորդ

Նարնիայի քրոնիկոնները

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը

Գլուխ յոթերորդ

Մեկ օր կուղբերի հետ

Մինչ տղաները փսփսում էին հետևում, աղջիկները հանկարծ ճչացին «վա՜յ» ու կանգ առան:

-Արշալուսի՜կը,-բացականչեց Լյուսին,-թռավ-գնա՜ց:

Եվ իսկապես, թռչունն անհետացել էր:

-Իսկ հիմա՞ ինչ ենք անելու,-ասաց Էդմունդն ու այնպիսի մի հայացք նետեց Փիթերին, կարծես ուզում էր ասել. «Բա որ ասո՜ւմ էի»:

-Սո՜ւս: Նայե՛ք,-ասաց Սյուզանը:

-Ի՞նչ,-հարցրեց Փիթերը:

-Այնտեղ` ձախ կողմում, ծառերի մեջ ինչ որ բան է շարժվում:

Բոլորը լարված այդ կողմ նայեցին. շատ անհանգիստ էին:

-Ահա՜, նորից շարժվում է,-քիչ անց ասաց Սյուզանը:

-Այս անգամ ես էլ տեսա,-ասաց Փիթերը:-Շարժվողը դեռ այստեղ է, հենց նոր մտավ այն մեծ ծառի հետևը:

-Բայց ի՞նչ է,-հարցրեց Լյուսին` ամբողջ ուժով փորձելով թաքցնել, որ լարված է:

-Ինչ էլ որ լինի, խուսափում է մեզնից: Չի ուզում, որ իրեն տեսնենք:

-Եկեք տո՛ւն գնանք,-ասաց Սյուզանը:

Եվ այդ պահին բոլորով գիտակցեցին այն, ինչ նախորդ գլխի վերջում Էդմունդը շշնջացել էր Փիթերի ականջին. նրանք մոլորվել էին:

-Բայց ի՞նչ է,-հարցրեց Լյուսին:

-Ինչ-որ կենդանու է նման,-ասաց Սյուզանը, իսկ հետո…

-Նայե՛ք, նայե՛ք, ահա՛ նա:

Այս անգամ բոլորը տեսան. բրդոտ ու բեղիկներով մի դեմք ծառի հետևից նայում էր նրանց: Բայց այս անգամ միանգամից չթաքնվեց: Փոխարենը կենդանին թաթը դրեց բերանին ճիշտ այնպես, ինչպես մարդիկ մատն են դնում շուրթերին, որ լուռ մնալու նշան անեն: Հետո կրկին անհետացավ: Երեխաները շունչները պահեցին:

Մի ակնթարթ ևս, և անծանոթը դուրս եկավ ծառի հետևից, շուրջը նայեց, կարծես վախենար, որ իրենց հետևում են, հետո ասաց «շըշշ՜», նշան արեց, որ գնան դեպի անտառի ավելի խիտ մասը, որտեղ որ ինքն էր, և հետո նորից անհետացավ:

-Ես գիտեմ` ինչ է,-ասաց Փիթերը,-կուղբ է: Պոչը տեսա:

-Ուզում է, որ մոտենանք,-ասաց Սյուզանը,-և զգուշացնում է, որ ձայն չհանենք:

-Գիտեմ,-ասաց Փիթերը,-հիմա մոտենա՞նք, թե՞ ոչ: Ի՞նչ ես կարծում, Լյո՛ւ:

-Ինձ թվում է` լավ կուղբ է,-ասաց Լյուսին:

-Ի՞նչ գիտես,-հարցրեց Էդմունդը:

-Միևնույն է, ստիպված ենք ռիսկի դիմել,-ասաց Սյուզանը:-Նկատի ունեմ, որ այստեղ կանգնելն օգուտ չունի: Ես էլ ընթրել եմ ուզում:

Այդ պահին Կուղբը նորից գլուխը հանեց ծառի հետևից և աշխույժ ձեռքով արեց:

-Գնացի՛նք,-ասաց Փիթերը,-եկե՛ք փորձենք: Իրարից չհեռանա՛ք: Կարծում եմ` մի կուղբի հարցերը կկարողանանք լուծել, եթե պարզվի, որ թշնամի է:

Եվ երեխաները, մեկը մյուսին կպած, քայլեցին դեպի ծառը, որի հետևում, իհարկե, գտան Կուղբին: Բայց նա նորից հետ գնաց և խռպոտ, կոկորդային շշուկով ասաց.

-Եկե՛ք, եկե՛ք այստեղ: Բաց տարածքում ապահով չէ:

Եվ միայն երբ հասան մի մութ տեղ, որտեղ չորս ծառ շատ մոտ էին աճել միմյանց, և դրանց ճյուղերը փաթաթվել էին իրար, իսկ ոտքերի տակ երևում էին դարչնագույն հողն ու սոճու փշերը, որովհետև ձյունը չէր կարողացել թափանցել այդտեղ, այդ ժամանակ Կուղբը նորից խոսեց:

-Դո՞ւք եք Ադամի Որդիներն ու Եվայի Դուստրերը,-հարցրեց նա:

-Միայն մի քանիսը,-պատասխանեց Փիթերը:

-Շըշշ՜,-ասաց Կուղբը,-խնդրում եմ, այդքան բարձր մի՛ խոսեք: Նույնիսկ այստեղ ապահով չէ:

-Ինչո՞ւ: Ումի՞ց եք վախենում,-հարցրեց Փիթերը:-Այստեղ մեզնից բացի ոչ ոք չկա:

-Ծառե՜րը,-ասաց Կուղբը,-նրանք միշտ լսում են: Մեծ մասը մեր կողմից է, բայց կան ծառեր, որ մեզ կմատնեն նրան: Երևի գիտեք` ում նկատի ունեմ,-և մի քանի անգամ գլխով արեց:

-Եթե բանը հասավ կողմերին,-ասաց Էդմունդը,-մենք ի՞նչ իմանանք` Դուք ընկե՞ր եք, թե՞ ոչ:

-Չենք ուզում անհարգալից երևալ, մի՛սթր Կուղբ,-ավելացրեց Փիթերը,-բայց, հասկանո՞ւմ եք, մենք ծանոթ չենք:

-Իհարկե, իհարկե,-ասաց Կուղբը:-Ահա՛ իմ երաշխիքը:

Այս ասելով` մի փոքրիկ սպիտակ բան հանեց ու ցույց տվեց: Բոլորը զարմացած նայեցին, իսկ Լյուսին հանկարծ բացականչեց.

-Վա՜յ, իհա՜րկե, իմ թաշկինակն է, տվել էի խեղճ միսթր Թամնուսին:

-Ճիշտ է,-ասաց Կուղբը:-Խեղճը լուր էր ստացել, որ շուտով ձերբակալվելու է, և թաշկինակն ինձ էր տվել: Ասել էր, որ եթե իրեն մի բան պատահի, ձեզ այստեղ դիմավորեմ և ուղեկցեմ դեպի…

Այդ պահին Կուղբը լռեց ու ևս մի քանի անգամ խորհրդավոր գլխով արեց: Հետո երեխաներին նշան արեց, որ հնարավորինս ավելի մոտենան, այնպես, որ նրա բեղիկները խուտուտ էին տալիս երեխաների դեմքերը, և շատ ցածրաձայն շշուկով ավելացրեց.

-Ասում են` Ասլանն արդեն ճանապարհին է: Միգուցե արդեն ափ է հասել:

Եվ այդ պահին մի շատ տարօրինակ  բան կատարվեց: Երեխաներից և ոչ մեկն էլ չգիտեր, ճիշտ այնպես, ինչպես դուք, թե ով է Ասլանը, բայց հենց այն վայրկյանին, երբ Կուղբն արտաբերեց այդ բառերը, բոլորն ինչ-որ յուրահատուկ զգացողություն ունեցան: Միգուցե երբևէ երազում պատահել է ձեզ հետ, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ասի, որը չհասկանաք, բայց ձեզ թվա, թե շատ մեծ լիցք կա թաքնված այդ բառերի մեջ. կամ` սարսափելի լիցք, որն ամբողջ երազը մղձավանջ է դարձնում, կամ` շատ հաճելի, այնքան հաճելի, որ դժվար է բառերով փոխանցել, և այնքան գեղեցիկ է դարձնում երազը, որ հիշում եք ամբողջ կյանքում և անընդհատ ցանկանում կրկին հայտնվել այդ երազում: Հիմա էլ այդպես էր: Ասլանի անունը լսելուն պես երեխաներից յուրաքանչյուրն ինչ-որ թրթիռ զգաց իր ներսում: Էդմունդը խորհրդավոր սարսափ զգաց: Փիթերը հանկարծ

զգաց քաջություն ու արկածախնդրություն: Սյուզանին թվաց, թե անուշահոտություն և

հիասքանչ երաժշտության հնչյուններն են հասնում իրեն: Իսկ Լյուսին զգաց այն, ինչ կզգայիր, երբ առավոտյան արթնանայիր ու գիտակցեիր, որ արձակուրդներն են սկսվել, կամ ամառվա առաջին օրն է:

-Իսկ ո՞ւր է միսթր Թամնուսը,-հարցրեց Լյուսին:

-Շըշշ՜-ասաց Կուղբը,-այստեղ պետք չէ խոսել: Ես ձեզ կառաջնորդեմ այնտեղ, որտեղ կարող ենք հանգիստ զրուցել և ընթրել:

Արդեն բոլորը, բացի Էդմունդից, հանգիստ վստահում էին Կուղբին, և բոլորը, բացի Էդմունդից, ուրախացան` լսելով «ընթրիք» բառը:

Այսպիսով, միասին շտապեցին իրենց նոր ընկերոջ հետևից, որն անսպասելիորեն արագ էր քայլում և միշտ` անտառի ամենախիտ մասերով: Մոտ մեկ ժամ քայլեցին: Շատ հոգնած էին ու սոված: Հանկարծ ծառերը սկսեցին նոսրանալ, և կտրուկ վայրէջք սկսվեց: Մի րոպեից հայտնվեցին բաց երկնքի տակ: Արևը դեռ շողում էր, իսկ առջևում բացվել էր մի գեղեցիկ տեսարան:

Նրանք կանգնած էին զառիթափ և նեղ մի ձորի եզրին, որի հատակին հոսում էր, ավելի ճիշտ` կհոսեր բավականին մեծ մի գետ, եթե սառած չլիներ: Ուղիղ իրենցից ներքև` գետը հատելով, մի ամբարտակ էր կառուցված, և երբ տեսան այն, միանգամից հիշեցին, որ, իհարկե, կուղբերը միշտ ամբարտակներ են կառուցում, և համոզված էին, որ սա միսթր Կուղբի կառուցածն է: Նաև նկատեցին, որ նրա դեմքին ընդգծված համեստ արտահայտություն էր, այնպիսին, ինչպիսին մարդ ունենում է, երբ այցելում ես իր աճեցրած այգին կամ կարդում ես իր գրած  պատմությունը: Այնպես որ, տարրական հարգանք դրսևորելով, Սյուզանն ասաց.

-Ի՜նչ գեղեցիկ ամբարտակ է:

Իսկ միսթր Կուղբն այս անգամ չասաց «շըշշ», այլ փոխարենը բացականչեց.

-Խաղ ու պա՜ր է: Դեռ չեմ էլ վերջացրել:

Ամբարտակից վերև ավազանն էր, ավելի ճիշտ` եղել էր, որն, իհարկե, հիմա ընդամենը հարթ, մուգ կանաչ սառցադաշտ էր: Իսկ ամբարտակից ներքև, շատ ներքև, նույնպես սառույց էր, բայց ոչ թե հարթ, այլ ալիքների ձևով, ինչպես որ ջուրն էր հոսելիս եղել այն պահին, երբ սառնամանիքը վրա էր հասել: Իսկ այն մասերում, որտեղ որ ջուրը շիթերով դուրս էր ցայտել ամբարտակից, հիմա փայլփլուն սառցալուլաներ էին, կարծես ամբարտակի պատը զարդարված լիներ ծաղիկներով, ծաղկեպսակներով և մաքուր շաքարից պատրաստված ծաղկեշղթաներով: Իսկ կենտրոնում, մասամբ` ամբարտակի վրա, փոքրիկ տարօրինակ տնակ էր, որն ավելի շատ նման էր հսկայական փեթակի, և որի տանիքի անցքից ծուխ էր բարձրանում, և եթե տեսնեիք այն (հատկապես եթե սոված լինեիք), միանգամից ճաշելու մասին կմտածեիք և առաջվանից ավելի կսովածանայիք:

Ահա թե ինչ տեսան մյուսները, բայց Էդմունդը մի ուրիշ բան էլ նկատեց: Գետի երկայնքով մի քիչ ավելի ներքև ևս մի փոքր գետ կար իր ձորակով, որը գալիս միանում էր այս մեկին: Նայելով այդ կողմ` Էդմունդը երկու փոքր բլուր տեսավ և գրեթե համոզված էր, որ դրանք հենց այն բլուրներն էին, որոնք Սպիտակ Վհուկն էր այն օրն իրեն ցույց տվել, երբ լապտերասյան մոտ հրաժեշտ էին տալիս միմյանց: Եվ մտածեց, որ դրանց մեջտեղում հաստատ պետք է լինի նրա պալատը` ընդամենը մեկ մղոն կամ ավելի քիչ հեռու: Եվ Էդմունդը մտածեց Ռահաթ-լոխումի և Արքա լինելու մասին («Իսկ հետաքրքիր է` Փիթերն ի՞նչ կասեր»,-հարցրեց ինքն իրեն), ու սարսափելի գաղափարներ ծնվեցին նրա գլխում:

-Ահա և հասանք,-ասաց միսթր Կուղբը,-կարծես միսիս Կուղբը սպասում է մեզ: Ես կուղեկցեմ: Զգո՛ւյշ, չսահե՛ք:

Ամբարտակի եզրը քայլելու համար բավարար լայն էր, բայց ոչ այնքան հաճելի (մարդկանց համար), որովհետև սառույցով էր ծածկված, և թեև սառած ավազանը հենց նույն մակարդակի վրա էր, սակայն մյուս կողմում տհաճ վայրէջքն էր դեպի գետը: Միսթր Կուղբը մի շարքով տարավ նրանց մինչև ամբարտակի կենտրոնը, որտեղից շատ լավ երևում էին թե՛ գետի վերին հոսանքը, թե՛ ստորին: Եվ երբ հասան կենտրոնին, հայտնվեցին տնակի դռան մոտ:

-Ահա և մենք, միսիս Կուղբ,-ասաց միսթր Կուղբը,-գտել եմ նրանց: Ահա՛ Ադամի ու Եվայի Որդիներն ու Դուստրերը:

Եվ բոլորով ներս մտան: Լյուսին միանգամից ինչ-որ թխկթխկոց լսեց և առաջին հերթին տեսավ բարի դեմքով ծեր տիկին Կուղբին, որն, անկյունում նստած, բերանում` թել, զբաղված էր կարի մեքենայով կար անելով: Եվ հենց դրանից էր գալիս այդ ձայնը: Հենց որ երեխաները ներս մտան, նա դադարեցրեց գործն ու ոտքի կանգնեց:

-Վերջապե՜ս եկաք,-ասաց նա` վեր պարզելով կնճռոտված թաթերը,-վերջապե՜ս: Կարո՞ղ եք պատկերացնել, ես տեսա այս օրը: Կարտոֆիլն արդեն եփելու վրա է, թեյնիկն էլ երգում է: Միսթր Կուղբ, խնդրում եմ, մեզ համար ձո՛ւկ բերեք:

-Սիրով,-ասաց միսթր Կուղբը, դուրս եկավ տնակից (Փիթերն էլ միացավ նրան) և սառույցի վրայով քայլեց դեպի սառույցի մեջ բացած փոքրիկ անցքը, որն ամեն օր կացնով թարմացնում էր: Իրենց հետ դույլ էին վերցրել: Միսթր Կուղբը հանգիստ նստել էր անցքի եզրին (կարծես սառույցի սառնությունը նրան չէր անհանգստացնում), անթարթ նայում էր անցքից ներս, հետո հանկարծ թաթը կտրուկ ներս մտցրեց ու մի ակնթարթում մի գեղեցիկ իշխան ձուկ ճանկեց: Հետո այնքան անգամ կրկնեց նույնը, մինչև բավականաչափ ձուկ բռնեցին:

Այդ ընթացքում աղջիկներն օգնում էին միսիս Կուղբին լցնել թեյնիկը, սեղան գցել, կտրատել հացը, ափսեները դնել փուռը, որ տաքանան, տան մի անկյունում դրված տակառից մի մեծ գավաթ գարեջուր լցնել միսթր Կուղբի համար, թավան դնել կրակին ու հալեցնել յուղը: Լյուսին մտածեց, որ կուղբերի տնակը շատ հարմարավետ է, թեև բոլորովին նման չէր միսթր Թամնուսի քարանձավին: Այստեղ ոչ նկարներ կային, ոչ գրքեր, իսկ մահճակալների փոխարեն պատերին ամրացված մահիճներ էին` նավերի նման: Առաստաղից կախված էին խոզապուխտներ, թելով միմյանց ամրացված սոխի գլուխներ, իսկ պատերի տակ շարված էին ռետինե երկարաճիտ կոշիկներ, անձրևանոցներ, բահեր, մանգաղներ, թիակներ, շաղախ քսելու գործիքներ, կարթեր և ուռկաններ: Իսկ սեղանի սփռոցը թեև փայլում էր մաքրությունից, բայց շատ կոպիկ կտորից էր:

Հենց որ թավան սկսեց հաճելի ճթճթալ, Փիթերն ու միսթր Կուղբը ներս եկան` բերելով վերջինիս բռնած ձկները, որոնք արդեն հասցրել էր դրսում դանակով բացել ու մաքրել: Միայն պատկերացրե՛ք, թե ինչ հաճելի բույր ունեին նոր բռնած ձկները տապակվելիս, և թե ինչ ագահությամբ էին երեխաները սպասում դրանց պատրաստվելուն և թե որքան ավելի սովածացան, մինչև վերջապես միսթր Կուղբն ասաց.

-Հիմա համարյա պատրաստ է:

Սյուզանը դատարկեց կարտոֆիլի ջուրը և հետ լցրեց կարտոֆիլն ամանի մեջ ու դրեց օջախի կողքին, որ չորանա, իսկ Լյուսին օգնեց միսթր Կուղբին իշխանը դնել ափսեների մեջ: Մի քանի րոպեից բոլորը սեղանին մոտեցրին իրենց աթոռները (կուղբերի տան բոլոր աթոռները եռոտանի էին, բացի միսիս Կուղբի սեփական հատուկ ճոճաթոռից, որը դրված էր կրակի մոտ) և սկսեցին վայելել ընթրիքը: Մի կուժ յուղոտ կաթ էին դրել երեխաների համար (միսթր Կուղբն իր գարեջուրն էր ըմպում) և մի մեծ կտոր վառ դեղին կարագ ուղիղ սեղանի կենտրոնում, որից ամեն մեկը վերցնում էր որքան ուզեր` իր կարտոֆիլի համար: Երեխաներից յուրաքանչյուրը մտածեց, և ես համամիտ եմ նրանց հետ, որ ոչինչ ավելի համեղ չի կարող լինել, քան հոսող ջրից բռնած ձուկը, հատկապես երբ ընդամենը կես ժամ առաջ այն դեռ կենդանի էր, իսկ թավայից հանել են կես րոպե առաջ: Եվ երբ ձուկը կերան-վերջացրին, միսիս Կուղբն անսպասելիորեն փռից հանեց մի հրաշալի, հյութեղ ջեմով ռուլետ, որից գոլորշի էր բարձրանում, և միաժամանակ թեյնիկը դրեց կրակին, այնպես որ, երբ վերջացրին ջեմով ռուլետը, թեյն արդեն պատրաստ էր: Եվ երբ ամեն մեկն ըմպեց-վերջացրեց իր թեյը, բոլորը հետ հրեցին իրենց աթոռները, որ կարողանան հենվել պատին և բավականությամբ շունչ քաշեցին:

-Իսկ հիմա,-ասաց միսթր Կուղբը` մի կողմ հրելով իր գարեջուրն ու մոտ բերելով թեյի բաժակը,-եթե մի քիչ սպասեք` վառեմ ծխամորճս, արդեն կանցնենք բուն գործին: Նորից ձյուն է գալիս,-ավելացրեց նա` աչքի ծայրով նայելով պատուհանից դուրս:-Ավելի լավ, նշանակում է` այցելուներ չենք ունենա, և եթե որևէ մեկը փորձի էլ ձեզ հետևել, չի գտնի հետքերը:

(Շարունակելի)

Անգլերենից թարգմանությունը` Ծովինար Տալյանի