narnia

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը. Գլուխ իններորդ

Նարնիայի քրոնիկոնները

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը

Գլուխ իններորդ

Վհուկի տանը

Իսկ հիմա, իհարկե, կուզեիք իմանալ, թե ինչ էր պատահել Էդմունդին: Տղան կերել էր ընթրիքի իր բաժինը, բայց չէր վայելել, որովհետև անընդհատ մտածում էր Ռահաթ-Լոխումի մասին. ոչինչ չի կարող փչացնել սովորական, լավ ուտելիքի համը, որքան վատ, բայց կախարդված ուտելիքի մասին հիշողությունը: Եվ լսել էր խոսակցությունը, և այն նույնպես չէր «վայելել», որովհետև նրան անընդհատ թվում էր, թե իրեն բանի տեղ չեն դնում ու սառն են վերաբերվում: Իհարկե, այդպես չէր. Էդմունդին միայն թվում էր: Նա լսեց այնքան ժամանակ, մինչև միսթր Կուղբը պատմեց Ասլանի և Քարե Սեղանի մոտ հանդիպելու պայմանավորվածության մասին: Եվ միայն հետո սողոսկեց դռնից կախված վարագույրի հետևը: Որովհետև Ասլանի մասին լսելիս խորհրդավոր և սարսափելի զգացողությամբ էր համակվում, ճիշտ այնպես, ինչպես մյուսները` խորհրդավոր և հաճելի զգացողությամբ:

Այն պահին, երբ միսթր Կուղբը կրկնում էր Ադամի մարմնի և Ադամի ոսկորի մասին խոսքը, Էդմունդն աննկատ պտտեց դռան բռնակը, և մինչև միսթր Կուղբը կասեր, որ Սպիտակ Վհուկն իրականում մարդ չէ, այլ կես Ջին, կես հսկա, նա հայտնվեց դրսում` ձյան մեջ, ու զգուշորեն փակեց դուռը:

Հանկարծ չմտածե՛ք, թե Էդմունդն այնքան վատն էր, որ իսկապես ուզում էր` Վհուկը եղբորն ու քույրերին քար դարձնի: Ուղղակի շատ էր ուզում Ռահաթ-Լոխում և երազում էր Արքայազն ու հետո Թագավոր դառնալ ու վրեժ լուծել Փիթերից իրեն «հրեշ» ասելու համար: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչ կանի Վհուկը մյուսներին… Չէր ուզում Վհուկը շատ բարեհամբույր լինի նրանց հանդեպ և հաստատ չէր ուզում, որ իրեն հավասար դասվեն: Բայց մի կերպ հավատում էր կամ ձևացնում էր, թե հավատում է, որ Վհուկը ոչ մի սարսափելի բան չի անի նրանց: «Որովհետև,- ասում էր ինքն իրեն,-այս բոլորը, որոնք վատ-վատ բաներ են ասում նրա մասին, նրա թշնամիներն են, ու երևի կեսից շատը սուտ է: Շատ լավ էր ինձ վերաբերվում, շատ ավելի լավ, քան նրանք: Կարծում եմ, նա է օրինական Թագուհին: Ամեն դեպքում, հաստատ ավելի լավը կլինի, քան այդ ահավոր Ասլանը»: Այսպես Էդմունդն ինքն իր արածի համար արդարացում հորինեց: Իհարկե, այդքան էլ լավ արդարացում չէր, քանի որ սրտի շա՜տ խորքերում գիտակցում էր, որ Սպիտակ Վհուկը վատն է ու դաժան:

Հենց որ Էդմունդը հայտնվեց դրսում ու տեսավ, որ չորս բոլորը ձյուն է, հասկացավ, որ մուշտակը թողել է Կուղբերի տանը: Եվ, իհարկե, հիմա հետ գնալու ու վերցնելու տարբերակ չկար: Հաջորդ պահին հասկացավ, որ մութը համարյա ընկել է. չէ՞ որ ժամը երեքի մոտ էր, երբ նստեցին ընթրելու, իսկ ձմռան օրերը կարճ են: Չէր էլ մտածել այս մասին: Բայց ի՞նչ աներ: Օձիքը վեր բարձրացրեց ու ամբարտակի եզրով ոտքերը քարշ տալով գնաց դեպի գետի հեռու ափը (բարեբախտաբար այդքան էլ չէր սահում, որովհետև ձյուն էր նստած):

Երբ հասավ հեռու ափը, իրավիճակը չլավացավ: Ամեն րոպե ավելի էր մթնում, ձյան փաթիլներն էլ աչքերն էին լցվում, և հազիվ թե երևար` ինչ կա երեք ոտնաչափ այն կողմ: Բացի դրանից, ճանապարհ չկար: Անընդհատ խրվում էր ձնակույտերի մեջ, սայթաքում էր սառած ջրափոսերի վրա, ոտքը խփում էր ընկած ծառերի բներին ու ընկնում, ներքև էր սահում կտրուկ վայրէջքներից, քարերին քսվելով` քերծվում էր, մինչև որ ամբողջովին թրջվեց, սառեց ու ծածկվեց կապտուկներով: Մեռելային լռություն էր ու միայնություն: Կարծում եմ` կհանձնվեր, հետ կգնար, կզղջար ու կհաշտվեր մյուսների հետ, եթե ինքն իրեն չասեր. «Երբ Նարնիայի Թագավորը դառնամ, առաջին հերթին կարգին ճանապարհներ կսարքեմ»: Ու սկսում էր մտածել թագավոր դառնալու և այլ բաներ անելու մասին, և այդ միտքը նրան բավականին ոգևորում էր: Արդեն մտովի պատկերացնում էր, թե ինչ պալատ կունենա, որքան մեքենա, ինչպիսի անձնական կինոթատրոն, և թե որտեղով կանցնի հիմնական երկաթգիծը, և թե ինչ օրենքներ կընդունի կուղբերի ու ամբարտակների դեմ, և արդեն ավարտուն տեսքի էր բերում Փիթերին տեղը դնելու մի քանի սխեմա, երբ հանկարծ եղանակը փոխվեց: Սկզբում ձյունը դադարեց: Հետո քամի բարձրացավ, և սառնամանիք սկսվեց: Հետո ամպերը չքվեցին, և լուսինը դուրս եկավ: Լիալուսին էր, ու ձյունն այնպես էր փայլում, որ գրեթե ցերեկվա պես լուսավոր էր. միայն ստվերներն էին շփոթեցնում:

Էդմունդը երբեք չէր գտնի ճամփան, եթե լուսինը դուրս չգար հենց այն պահին, երբ նա հասավ մյուս գետի մոտ, որը, եթե հիշում եք, տեսել էր, երբ հասան Կուղբերի տուն: Դա մի փոքր գետակ էր, որը լցվում էր ներքևի մեծ գետի մեջ: Հասավ գետակին ու քայլեց դրա երկայնքով: Բայց այս մյուս հովիտը, որով հոսում էր գետակը, նախորդից ավելի քարքարոտ էր ու լի կտրուկ վայրէջքներով ու թփերով, ու եթե մութ լիներ, չէր կարողանա հաղթահարել: Նույնիսկ հիմա ոտքից գլուխ թրջվում էր, որովհետև ստիպված կռանում-անցնում էր ճյուղերի տակով, և լիքը ձյուն էր թափվում մեջքին: Ու ամեն անգամ նորից մտածում էր, թե ինչքան է ատում Փիթերին. կարծես ամեն ինչում Փիթերն էր մեղավոր:

Բայց վերջապես հասավ մի ավելի հարթ տեղ, որտեղ հովիտը լայնանում էր: Եվ այնտեղ` գետակի մյուս կողմում, իրեն բավականին մոտ, երկու բլուրների միջև գտնվող փոքր սարահարթի կենտրոնում, տեսավ տունը, որը պետք է որ լիներ Սպիտակ Վհուկինը: Իսկ լուսինն ավելի պայծառ էր շողում: Իրականում Տունը մի փոքր դղյակ էր: Կարծես ամբողջությամբ բաղկացած լիներ փոքր աշտարակներից` սրածայր տանիքներով, որոնք կարծես ասեղներ լինեին: Դրանք նման էին կախարդների գլխարկների ու փայլում էին լուսնի լույսի տակ, իսկ դրանց երկար ստվերները ձյան վրա շատ տարօրինակ էին: Էդմունդը սկսեց Տնից վախենալ:

Բայց արդեն ուշ էր հետ վերադառնալու համար:

Նա անցավ սառած գետի վրայով ու մոտեցավ Տանը: Ոչ մի կենդանի շունչ չկար. ոչ մի տեղից ոչ մի ձայն չէր գալիս: Նույնիսկ իր ոտնաձայները չէին լսվում նոր եկած խորը ձյան մեջ: Էդմունդն առաջ գնաց` անցելով անկյունից անկյուն ու ոլորանից ոլորան, որ գտնի դուռը: Ստիպված եղավ հասնել հակառակ ծայրը, որ այն գտնի: Մի հսկայական կամար էր` լայն բացված երկաթե դարպասով:

Էդմունդը գաղտագողի մոտեցավ կամարին ու ներս նայեց դեպի բակ: Նրա առջև մի տեսարան բացվեց, որից սիրտը գրեթե դադարեց բաբախել: Ուղիղ դարպասից ներս` լուսնի լույսի ներքո, մի հսկայական առյուծ էր կանգնած, որը կարծես պատրաստվում էր ցատկել: Էդմունդը ծնկները դողալով կանգնել էր կամարի ստվերում` վախենալով առաջ կամ հետ գնալ: Այնքան երկար մնաց կանգնած, որ ատամները ցրտից կչխկչխկային, եթե նույնիսկ վախից չչխկչխկային: Չգիտեմ, թե ինչքան այդպես մնաց կանգնած, բայց իրեն մի ամբողջ հավերժություն թվաց:

Հետո վերջապես սկսեց մտածել, թե ինչո՞ւ է առյուծն այդքան անշարժ կանգնել. չէ՞ որ իր տեսնելուց հետո գեթ մի մատնաչափ էլ չէր շարժվել: Էդմունդը համարձակություն գտավ մի փոքր մոտենալու` դեռևս մնալով կամարի ստվերում, որքան որ կարող էր: Հիմա առյուծի կանգնած դիրքից հասկացավ, որ այն իր կողմ չի էլ նայում: («Բայց ենթադրենք` գլուխը շրջի»,-մտածեց Էդմունդը): Առյուծն իրականում մի ուրիշ, փոքր բանի էր նայում. մոտ չորս ոտնաչափ այն կողմ մեջքը դեպի առյուծը կանգնած էր մի թզուկ: «Ահա,-մտածեց Էդմունդը,-հենց որ ցատկի թզուկի վրա, ես կկարողանամ փախնել»: Բայց այդպես էլ ո՛չ առյուծն էր շարժվում, ո՛չ էլ թզուկը: Ու վերջապես Էդմունդը հիշեց, որ  ասում էին, թե Սպիտակ Վհուկը կարողանում է արարածներին քար դարձնել: Միգուցե սա քարե առյուծ էր: Ու հենց որ այս միտքը եկավ, տղան նկատեց, որ առյուծի մեջքին ու գլխին ձյուն էր նստել: Իհարկե, ընդամենն արձա՜ն պիտի որ լինի: Ոչ մի կենդանի արարած չէր թողնի, որ ձյուն նստի վրան: Հետո դանդաղ, սիրտը պայթելու չափ ուժեղ բաբախելով` Էդմունդը քաջություն ունեցավ մոտենալ առյուծին: Նույնիսկ հիմա չէր համարձակվում դիպչել դրան, բայց վերջիվերջո ձեռքը շատ արագ մեկնեց ու դիպավ: Սառը քար էր: Տղան վախեցել էր ընդամենը ինչ-որ արձանից:

Էդմունդն այնքան թեթևացած զգաց, որ չնայած ցրտին, հանկարծ մինչև ոտքի մատները տաքացավ, ու միաժամանակ գլխում, ինչպես իրեն էր թվում, մի հիանալի միտք ծագեց: «Երևի,-մտածեց,-սա է այդ մեծն Առյուծ Ասլանը, որի մասին խոսում էին: Արդեն բռնել է նրան ու քար դարձրել: Ահա և վերջացան նրանց ծրագրերը: Թո՜ւհ: Ո՞վ է վախենում Ասլանից»:

Ու կանգնած հրճվում էր քարե առյուծով, իսկ հետո մի շատ հիմար ու մանկամիտ բան արեց: Գրպանից մատիտի մնացորդ հանեց ու առյուծի բերանի վերևում բեղեր, իսկ աչքերին ակնոց նկարեց: Հետո ասաց.

-Դե՛, ծե՛ր, հիմա՛ր Ասլան, քար լինելը դուրդ գալի՞ս է: Կարծում էիր` շատ զորավոր ես, չէ՞:

Բայց հակառակ դեմքին խզբզածի, քարե մեծ գազանի դեմքը լուսնի լույսի տակ, միևնույն է, այնքան սարսափազդու էր, տխուր ու արժանապատիվ, որ Էդմունդը ոչ մի հաճույք չստացավ նրան ծաղրելուց: Շրջվեց ու սկսեց անցնել բակով:

Երբ հասավ կենտրոնին, տեսավ, որ տասնյակներով արձաններ էին չորս կողմը` ցաքուցրիվ կանգնած, ինչպես շախմատի խաղաքարերը խաղի ընթացքում: Ամենուր քարե սատիրներ, գայլեր, արջեր, աղվեսներ ու լուսաններ էին: Նաև կային հաճելի տեսքով կանայք, որոնք իրականում ծառերի ոգիներն էին: Մի մեծ կենտավրի արձան էլ կար, մի թևավոր ձի ու մի ինչ-որ երկարավուն, թևավոր արարած, որը, Էդմունդին թվաց, վիշապ էր: Այդ բոլորը լուսնի պայծառ սառը լույսի տակ այնքան տարօրինակ էին, բացարձակապես իրական ու բացարձակապես անշարժ, որ բակով անցնելիս Էդմունդի սիրտը սարսափից քարացավ: Ճիշտ կենտրոնում մարդանման մի արձան կար, բայց ծառի չափ բարձրահասակ, վայրենի դեմքով, խիտ մորուքով, իսկ աջ ձեռքում` մի մեծ մահակ: Ու թեև Էդմունդը գիտեր, որ այդ հսկան քարից է, բայց կողքով անցնելիս տագնապ զգաց:

Հետո տեսավ, որ բակի մյուս ծայրի դռնից աղոտ լույս է երևում, ու քայլեց այդ կողմ: Քարե աստիճաններ էին բարձրանում դեպի բաց դուռը: Էդմունդը բարձրացավ ու տեսավ, որ դռան շեմին մի մեծ գայլ է պառկած:

-Չեմ վախենում, չեմ վախենում,-անընդհատ կրկնում էր ինքն իրեն,-ընդամենը քարից գայլ է: Չի կարող ինձ վնասել:

Հենց որ ոտքը բարձրացրեց, որ անցնի վրայով, այդ հսկա արարածը ոտքի ելավ, մեջքի մազերը բիզ-բիզ կանգնեցին, բացեց մեծ, կարմիր երախն ու գռմռաց.

-Ո՞վ ես: Ո՞վ կա այստեղ: Կա՛նգ առ, օտարակա՛ն, ու ասա ինձ` ով ես դու:

-Այո՛, սը՛ր,-ասաց Էդմունդը, որն այնպես էր դողում, որ հազիվ էր կարողանում խոսել,-անունս Էդմունդ է, ես Ադամի Որդին եմ, Նորին Մեծությունն ինձ էր հանդիպել  անտառում այն օրը, ու եկել եմ` ասեմ, որ իմ եղբայրն ու քույրերն այստեղ են` Նարնիայում: Շատ մոտ են` Կուղբերի տանը: Հաստատ կցանկանա նրանց տեսնել:

-Հիմա կտեղեկացնեմ Նորին Մեծությանը,-պատասխանեց Գայլը,-մինչ այդ, անշարժ կանգնի՛ր շեմին, եթե կյանքդ թանկ է քեզ համար:

Հետո անհետացավ տան մեջ: Էդմունդը կանգնած սպասում էր. մատները ցավում էին ցրտից, իսկ սիրտն այնպես էր բաբախում, կարծես տեղից դուրս էր թռչելու: Շուտով մոխրագույն գայլը` Մոուգրիմը, Վհուկի գաղտնի ոստիկանության պետը, վերադարձավ ու ասաց.

-Նե՛րս արի, Թագուհու բախտավո՛ր ընտրյալ… Կամ էլ` ոչ այնքան բախտավոր:

Եվ Էդմունդը ներս քայլեց` ամեն կերպ փորձելով չտրորել Գայլի հետևի թաթերը:

Հետո հայտնվեց մի երկար, մռայլ, սյունազարդ սրահում, որտեղ, ինչպես և բակում, բազմաթիվ արձաններ կային: Դռան մոտ կանգնածը մի փոքր ֆավն էր` տխուր դեմքով, ու Էդմունդն ինքն իրեն մտածեց, թե արդյո՞ք դա Լյուսիի ընկեր Ֆավնը չէ: Լույսի միակ աղբյուրը մի փոքր լամպ էր, որի կողքին նստած էր Սպիտակ Վհուկը:

-Եկել եմ, ձե՛րդ Մեծություն,-ուրախ առաջ վազելով ասաց Էդմունդը:

-Ինչպե՞ս ես համարձակվել մենակ գալ,-ահարկու ձայնով պատասխանեց Վհուկը:-Չասացի՞, որ մյուսներին էլ պետք է բերես:

-Խնդրում եմ, մի՛ բարկացեք, ձե՛րդ Մեծություն,-ասաց Էդմունդը,-ինչ կարող էի` արեցի: Շատ մոտ եմ բերել: Նրանք գետի ամբարտակի վրայի փոքրիկ տանն են` միսթր ու միսիս Կուղբերի հետ:

Մի դաժան ժպիտ դանդաղ հայտնվեց Վհուկի դեմքին:

-Ուրիշ բան չունե՞ս ասելու,-հարցրեց նա:

-Ունեմ, ձե՛րդ Մեծություն,-պատասխանեց Էդմունդն ու շարունակեց պատմել այն, ինչ մինչև հեռանալը լսել էր Կուղբերի տանը:

-Ի՜նչ, Ասլա՞նը,-ճչաց Թագուհին,-Ասլա՜նը, իսկապե՞ս: Եթե հանկարծ պարզեմ, որ խաբում ես…

-Ներեցե՛ք, ես ուղղակի ասացի` ինչ լսել էի,-կմկմաց Էդմունդը:

Բայց Թագուհին էլ ուշադրություն չդարձրեց նրան: Մի անգամ ծափ տվեց, ու հայտնվեց այն նույն թզուկը, որին Էդմունդն արդեն տեսել էր:

-Պատրաստի՛ր մեր սահնակը,-հրամայեց Վհուկը,-վերցրո՛ւ առանց զանգերի լծասարքը:

(Շարունակելի)

Անգլերենից թարգմանությունը` Ծովինար Տալյանի