narnia

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը. գլուխ չորրորդ

Նարնիայի քրոնիկոնները

 

Առյուծը, վհուկը և զգեստապահարանը

Գլուխ չորրորդ

Ռահաթ-լոխում

-Բայց դու ի՞նչ ես,-կրկին հարցրեց թագուհին:-Մի՞թե մորուքը կտրած  չափազանց բարձրահասակ վայրի թզուկ ես:

-Ո՜չ, Ձե՜րդ մեծություն,-ասաց Էդմունդը,- ես տղա եմ և երբեք էլ մորուք չեմ ունեցել:

-Տղա՟՞,-ասաց նա,-նկատի ունես, որ Ադամի որդի՞ ես:

Էդմունդը լուռ ու անշարժ կանգնել էր: Շատ շփոթված էր և չհասկացավ հարցը:

-Ես հասկացա. ինչ էլ որ ես, հիմարի մեկն ես,-ասաց թագուհին:-Վերջին անգամ եմ հարցնում, պատասխանի՜ր, այլապես համբերությանս բաժակը կլցվի: Դու մա՞րդ ես:

-Այո՜, Ձե՜րդ գերազանցություն,-ասաց Էդմունդը:

-Իսկ այդ ինչպե՞ս ես իմ թագավորություն ընկել:

-Ձե՜րդ մեծություն, եկել եմ պահարանի միջով:

-Պահարանի՞: Այդ ինչպե՞ս:

-Բացեցի դուռն ու հայտնվեցի այստեղ, Ձե՜րդ մեծություն,-ասաց Էդմունդը:

-Հըմմմ,-ասաց թագուհին ինքն իրեն, ոչ թե տղային,-դո՞ւռ: Մարդկանց աշխարհից այստեղ բերող դուռ: Այդպիսի բաներ լսել եմ: Սա ամեն ինչ կխափանի: Բայց նա մենակ է, և հախից գալը հեշտ է:

Այս խոսքերի հետ թագուհին ոտքի կանգնեց և բոցկլտացող աչքերով զննեց Էդմունդին: Նույն րոպեին բարձրացրեց կախարդական գավազանը: Էդմունդը վստահ էր, որ թագուհին մի ահավոր բան կանի, բայց չկարողացավ անգամ տեղից շարժվել: Եվ հենց այն ժամանակ, երբ տղան վերջնականապես հավատաց, որ կորած է, թագուհին կարծես մտափոխվեց:

-Խե՜ղճ երեխա,-ասաց նա ձայնի բոլորովին այլ հնչերանգով,-երևի մրսում ես: Արի՜, նստիր ինձ հետ սահնակում, որ մուշտակովս տաքացնեմ քեզ, իսկ հետո կզրուցենք:

Այս իրավիճակն Էդմունդին ընդհանրապես դուր չէր գալիս, բայց հակառակվել չհամարձակվեց: Բարձրացավ սահնակն ու նստեց թագուհու ոտքերի մոտ: Վերջինս իր մուշտակի մի ծայրը գցեց տղայի վրա և բոլոր կողմերից ամուր ծածկեց:

-Չէի՞ր ցանկանա ինչ-որ տաք բան խմել,- հարցրեց նա:

-Այո՜, Ձե՜րդ մեծություն,-ասաց Էդմունդը, որի ատամները ցրտից իրար էին զարկվում:

Թագուհին մուշտակի ծալքերի միջից մի շիշ հանեց, որ կարծես թե պղնձից էր: Հետո, ձեռքը երկարելով, սահնակի կողքի ձյան վրա մի կաթիլ կաթեցրեց այդ շշից: Մի ակնթարթ Էդմունդը տեսավ, թե այդ կաթիլն ինչպես է ընկնում` շողալով ադամանդի պես: Բայց հենց դիպավ ձյանը, ինչ-որ ֆշշոց լսվեց, և թանկարժեք քարերով պատված մի գավաթ հայտնվեց, որից գոլորշի էր բարձրանում: Թզուկն անմիջապես վերցրեց այն և խոնարհվելով ու ժպտալով հանձնեց այն Էդմունդին: Բայց այդ ժպիտն այնքան էլ բարի չէր: Էդմունդը շատ ավելի լավ զգաց իրեն, երբ սկսեց խմել այդ տաք ըմպելիքը: Երբեք այդպիսի բան չէր համտեսել. դա ինչ-որ քաղցր, փրփուրով, յուղալի հեղուկ էր, որը տղային ոտքից գլուխ տաքացրեց:

-Ադամի՜ որդի, ձանձրալի է խմել առանց ուտելու,-շուտով ասաց թագուհին:-Ամենից շատ ի՞նչ կուզեիր ուտել:

-Եթե կարելի է, ռահաթ-լոխում, Ձե՜րդ մեծություն,-ասաց Էդմունդը:

Թագուհին ևս մեկ կաթիլ կաթեցրեց ձյան վրա, և իսկույն մետաքսյա ժապավենով երիզված մի տուփ հայտնվեց, և երբ այն բացվեց, Էդմունդը տեսավ, որ այն լի է ամենալավ ռահաթ-լոխումի մի քանի կտորով: Բոլոր կտորներն էլ քաղցր ու փափուկ էին. երբեք այդպիսի համեղ բան չէր կերել: Հիմա տաքացել էր և լավ էր զգում:

Մինչ ուտում էր, թագուհին շարունակ հարցեր էր տալիս: Սկզբում Էդմունդը փորձում էր լիքը բերանով չխոսել, քանի որ հիշում էր, որ դա շատ անքաղաքավարի է: Բայց արագ մոռացավ այս մասին, և միայն մտածում էր, թե ինչպես հնարավորինս շատ ռահաթ-լոխում կուլ տա: Եվ ինչքան շատ էր ուտում, այնքան ավելի էր ուզում ուտել: Եվ այդպես էլ չէր փորձում կռահել, թե թագուհին ինչու է այդքան հետաքրքրասեր: Վերջինս տղային ստիպեց պատմել, որ ունի մեկ եղբայր և երկու քույր, և որ քույրերից մեկն արդեն եղել է Նարնիայում և հանդիպել ինչ-որ ֆավնի, և որ ոչ ոք, բացի իր եղբորից և քույրերից, ոչինչ չգիտի Նարնիայի մասին: Թագուհուն, թվում էր, հետաքրքրեց հատկապես այն հանգամանքը, որ երեխաները չորսն էին, և շարունակ անդրադառնում էր դրան:

-Դուք հաստա՞տ ընդամենը չորս հոգի եք,-հարցնում էր նա,-Ադամի երկու որդի և Եվայի երկու դո՞ւստր, ոչ ավել, ոչ պակա՞ս:

Եվ Էդմունդը լիքը բերանով անընդհատ պատասխանում էր.

-Այո՜, արդեն ասել եմ,-և անընդհատ մոռանում էր ասել «Ձերդ մեծություն», բայց թագուհին, կարծես, դրան այլևս ուշադրություն չէր դարձնում:

Վերջապես ռահաթ-լոխումը սպառվեց, և Էդմունդը սկսեց զննել դատարկ տուփը` ցանկանալով, որ նա հարցնի, թե արդյոք չի՞ ուզում մի քիչ էլ ռահաթ-լոխում: Թագուհին հավանաբար շատ լավ գիտեր, թե տղան ինչ է մտածում: Չէ՞ որ, ի տարբերություն Էդմունդի, գիտեր, որ ռահաթ-լոխումը կախարդական է, և ինչքան ուտես, այնքան ավելի կուզենաս ուտել, և եթե թույլ տան, կուտես այնքան, մինչև պայթես: Բայց չէր առաջարկում: Փոխարենն ասաց.

-Ադամի՜ որդի, շատ կուզենայի տեսնել եղբորդ և քույրերիդ: Կբերե՞ս նրանց ինձ մոտ:

-Կփորձեմ,-ասաց Էդմունդը` շարունակ նայելով դատարկ տուփին:

-Որովհետև եթե նորից գաս ու, իհարկե, բերես նրանց քեզ հետ, կկարողանամ քեզ կրկին ռահաթ-լոխում տալ: Հիմա չեմ կարող, որովհետև կախարդանքը մեկ անգամ է գործում: Իսկ իմ տանը կկարողանամ:

-Իսկ ինչո՞ւ Ձեր տուն հիմա չենք գնում,-հարցրեց Էդմունդը:

Երբ բարձրանում էր սահնակ, վախենում էր, որ թագուհին իրեն կտանի ինչ-որ անծանոթ տեղ, որտեղից չի կարողանա հետ վերադառնալ: Բայց հիմա մոռացել էր այդ վախը:

-Իմ տանը շա՜տ հաճելի է,-ասաց թագուհին,-վստահ եմ, որ քեզ դուր կգա: Այնտեղ  կան սենյակներ, մեջը` լիքը ռահաթ-լոխում: Իսկ ես սեփական երեխաներ չունեմ: Կուզեի մի լավ տղա ունենալ, որին կկարողանայի մեծացնել որպես արքայազն, և որն իմ մահից հետո կդառնար Նարնիայի արքան: Արքայազն ժամանակ ոսկե թագ կկրեր և ամբողջ օրը ռահաթ-լոխում կուտեր: Իսկ դու իմ տեսած պատանիներից ամենագեղեցիկն ու խելացին ես: Կարծում եմ` հարմար ես արքայազն լինելու համար, եթե մի օր մյուսներին ինձ մոտ բերես:

-Իսկ ինչո՞ւ ոչ հիմա,-հարցրեց Էդմունդը:

Նրա դեմքը կարմրել էր, մատներն ու շրթունքները կպչուն էին դարձել: Ինչ էլ որ թագուհին ասեր, այդ պահին նա ո՜չ գեղեցիկ էր, ո՜չ էլ խելացի:

-Բայց եթե հիմա քեզ տանեմ իմ տուն,-ասաց թագուհին,-չեմ տեսնի քո եղբորն ու քույրերին: Իսկ ես շատ եմ ուզում ճանաչել քո սքանչելի հարազատներին: Դու արքայազն ես լինելու, իսկ հետո` նաև թագավոր: Հասկանալի է, չէ՞: Բայց դու պետք է ունենաս պալատականներ և ազնվականներ: Եղբորդ դուքս կդարձնեմ, իսկ քույրերիդ` դքսուհիներ:

-Նրանք առանձնապես ուշադրության արժանի չեն,-ասաց Էդմունդը:-Համենայն դեպս, ցանկացած պահի կարող եմ բերել նրանց:

-Բայց եթե իմ տուն գաս,-ասաց թագուհին,-կմոռանաս, կվայելես և չես ուզենա գնալ-բերել նրանց: Ո՜չ: Դու պետք է գնաս քո երկիրը և գաս մի ուրիշ օր` նրանց հետ: Հասկանո՞ւմ ես, լավ չի լինի, եթե վերադառնաս առանց նրանց:

-Բայց ես նույնիսկ իմ երկիր տանող ճանապարհը չգիտեմ,-ասաց Էդմունդը:

-Դժվար չէ գտնել,-պատասխանեց թագուհին.-տեսնո՞ւմ ես այն լապտերասյունը:

Նա պարզեց իր գավազանը, Էդմունդը շրջվեց այդ ուղղությամբ և տեսավ այն նույն լապտերասյունը, որի մոտ Լյուսին հանդիպել էր ֆավնին:

-Ուղիղ դրա հետևում է գտնվում մարդկանց աշխարհ տանող ճանապարհը: Իսկ հիմա այս կողմ նայի՜ր,-պարզեց գավազանը հակառակ ուղղությամբ:-Ասա՜ ինձ, տեսնո՞ւմ ես ծառերի հետևից երևացող այն երկու փոքր բլուրը:

-Կարծես թե այո՜,-ասաց Էդմունդը:

-Իմ տունն այդ բլուրների միջև է: Այսպիսով, երբ հաջորդ անգամ գաս, միայն պետք է գտնես լապտերասյունը, հետո` այդ բլուրները, և քայլես անտառի միջով, մինչև որ հասնես իմ տուն: Բայց հիշի՜ր. պետք է մյուսներին բերես հետդ: Եթե մենակ գաս, շատ կբարկանամ:

-Ես ամեն ինչ կանեմ,-ասաց Էդմունդը:

-Ի դեպ,-ասաց թագուհին,-պետք չէ ասել նրանց իմ մասին: Լավ կլինի, որ այս ամեն ինչը մեր գաղտնիքը լինի: Թող նրանց համար անակնկալ լինի: Ուղղակի բեր նրանց երկու բլուրների մոտ: Քեզ պես խելացի տղան մի հնար կգտնի: Երբ մոտենաք իմ տանը, ուղղակի ասա. «Եկե՜ք տեսնենք` ով է ապրում այս տանը», կամ նման մի բան: Վստահ եմ, որ այդպես ավելի ճիշտ է: Եթե քո քույրը հանդիպել է ֆավներից մեկին, ապա իմ մասին հաստատ շատ տարօրինակ և տհաճ հեքիաթներ լսած կլինի, որոնք կարող են վախեցնել նրան: Ֆավներն ինչ ասես, որ չեն ասի… Իսկ հիմա…

-Խնդրո՜ւմ եմ,- հանկարծ ասաց Էդմունդը,-մի կտոր էլ ռահաթ-լոխում տվեք` ճանապարհին ուտեմ:

-Ո՜չ, ո՜չ,-ասաց թագուհին ծիծաղելով,-հաջորդ անգամ:

Այս ասելով` նշան արեց թզուկին, և վերջինս մտրակեց եղջերուներին: Եվ մինչ սահնակը կհեռանար տեսադաշտից, թագուհին ձեռքով արեց Էդմունդին` բացականչելով.

-Հաջորդ անգա՜մ, հաջորդ անգա՜մ, չմոռանա՜ս, շո՜ւտ կվերադառնաս:

Էդմունդը դեռ հայացքով ուղեկցում էր սահնակը, երբ լսեց, որ ինչ-որ մեկն իրեն է կանչում: Շուրջը նայելով` տեսավ Լյուսիին, որ մոտենում էր անտառի հակառակ կողմից:

-Վա՜յ, Էդմո՜ւնդ,-բացականչեց Լյուսին,-ուրեմն դու էլ ես մտել: Հրաշալի է, չէ՞: Իսկ հիմա…

-Լավ,-ասաց Էդմունդը,-հիմա համոզվեցի, որ պահարանը կախարդական է: Եթե ուզում ես, ներողություն կխնդրեմ: Բայց ո՞ւր էիր մինչև հիմա: Անտառով մեկ քեզ էի փնտրում:

-Եթե իմանայի, որ գալիս ես, կսպասեի,-ասաց Լյուսին, որն այնքան էր ոգևորվել և ուրախացել, որ չէր նկատում, թե ինչ նյարդային է խոսում Էդմունդը, և թե որքան կարմրած ու տարօրինակ էր դեմքը:-Ես նախաճաշում էի իմ սիրելի ֆավն միսթր Թամնուսի հետ: Նա լավ է, և Սպիտակ Վհուկը նրան ոչինչ չի արել ինձ բաց թողնելու համար: Միսթր Թամնուսը կարծում է, որ Վհուկը նույնիսկ չի իմացել, և երևի ամեն ինչ լավ կլինի:

-Սպիտակ Վհո՞ւկը,-հարցրեց Էդմունդը,-դա՞ ով է:

-Շատ սարսափելի մի անձնավորություն,-ասաց Լյուսին:-Ինքն իրեն Նարնիայի թագուհի է հռչակել, բայց առհասարակ թագուհի լինելու իրավունք չունի: Եվ բոլոր ֆավները, դրիադները, հավերժահարսերը, թզուկներն ու կենդանիները, բոլոր նրանք, որոնք բարի են, ուղղակի ատում են նրան: Անգամ կարող է մարդկանց քար դարձնել և ամեն տեսակ սարսափելի բան անել: Նա է կախարդել Նարնիան, որ այստեղ միշտ ձմեռ լինի, բայց երբեք Սուրբ Ծնունդ չլինի: Շրջում է եղջերուներին լծված սահնակով` ձեռքին` գավազան, գլխին` թագ:

Էդմունդն առանց այն էլ լավ չէր զգում, որովհետև շատ էր քաղցր կերել, իսկ երբ իմացավ, որ այն կինը, որի հետ ընկերացել էր, շատ վտանգավոր մի վհուկ է, ավելի վատ զգաց: Բայց, միևնույն է, աշխարհում ամենից շատ ուզում էր նորից համտեսել այն ռահաթ-լոխումը:

-Ո՞վ է քեզ այդ բաները պատմել Սպիտակ Վհուկի մասին,-հարցրեց նա:

-Միսթր Թամնուսը` Ֆավնը,- ասաց Լյուսին:

-Չի՜ կարելի միշտ հավատալ ֆավների ասած ամեն բանի,- ասաց Էդմունդը` ձևացնելով, թե ֆավների մասին շատ ավելի շատ գիտի, քան Լյուսին:

- Ո՞վ ասաց,-հարցրեց Լյուսին:

-Դա հայտնի բան է,-ասաց Էդմունդը,-ում ուզում ես` հարցրո՜ւ: Բայց իմաստ չունի ձյան մեջ այսպես կանգնել: Տուն գնանք:

-Այո՜, գնացի՜նք,-ասաց Լյուսին:-Ա՜խ, Էդմո՜ւնդ, ուրախ եմ, որ դու էլ ես այստեղ: Մյուսները ստիպված կլինեն հավատալ, որ Նարնիան կա: Չէ՞ որ երկուսս էլ եղել ենք այստեղ: Ինչ լա՜վ կլինի:

Բայց Էդմունդը ծածուկ մտածեց, որ իր համար այնքան լավ չի լինի, ինչքան Լյուսիի: Ստիպված կլինի բոլորի առջև ընդունել, որ Լյուսին ճիշտ էր, և վստահ էր, որ մյուս բոլորը կանցնեն Ֆավնի ու կենդանիների կողմը, իսկ ինքն արդեն ավելին, քան կիսով չափ վհուկի կողմից էր: Չգիտեր, թե ինչ կասի կամ ինչպես կպահի իր գաղտնիքը, երբ խոսեն Նարնիայի մասին:

Արդեն բավականին երկար քայլել էին: Եվ հանկարծ ճյուղերի փոխարեն նրանց սկսեցին քսվել վերարկուները: Հաջորդ պահին երկուսն էլ կանգնած էին դատարկ սենյակում` պահարանի դիմաց:

-Ասում եմ,-խոսեց Լյուսին,-սարսափելի տեսք ունես, Էդմո՜ւնդ: Լավ չե՞ս զգում:

-Ամեն ինչ լավ է,-ասաց Էդմունդը, բայց այդպես չէր: Նա շատ վատ էր զգում:

-Դե ուրեմն, գնա՜նք,- ասաց Լյուսին,-գտնե՜նք մյուսներին: Ինչքա՜ն շատ բան ունենք նրանց պատմելու: Եվ ի՜նչ հրաշալի արկածներ կունենանք, չէ՞ որ միասին կլինենք:

(Շարունակելի)

Անգլերենից թարգմանությունը` Ծովինար Տալյանի