Երաժշտությունը խոսող հոգի է

Արմեն Ադամյանը  երգիչ, կիթառահար է: Որոշեցի հարցազրույցս վերցնել նրանից, քանի որ շատ եմ լսել նրա մասին: Նա էլ է եղեգնաձորցի և սովորել է մեր դպրոցում` գերազանց առաջադիմությամբ:  Եղել է իր ժամանակի առաջադեմ, արվեստասեր մարդկանցից: Ստեղծագործում է նաև իմ ամենասիրած ռոք ժանրով:

-Երբվանի՞ց է Ձեր մեջ ծագել սեր դեպի երաժշտությունը և կիթառը:

-Դեռ անցած դարի 60-ական թվականներից, երբ ես ապրում էի Ագարակաձորում և սովորում Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ու ամեն օր դպրոց հասնելու համար ոտքով անցնում էի 6-7 կմ:

Ծնողներս մանկավարժներ էին, և այդ պատճառով էլ մեր տանը միշտ շատ էին ամսագրերն ու թերթերը: Տանը նստած՝ ամսագիր էի թերթում, հանկարծ տեսա լեհական երաժշտական մի խումբ, որի ձեռքին կար Չերնիկովի կիթառ: Կիթառն ինձ գերեց:

Մեր ժամանակվա հիմնական ինֆորմացիայի աղբյուրը հեռուստացույցով ցուցադրվող հնդկական ու ադրբեջանական ֆիլմերն էին: Հաճախ լսում էի տարբեր ժանրերի երաժշտություն, որոնք փորձում էի կատարել: Դրանցից էին Beattles քառյակի առաջին երգերը:

-Եթե կարելի է, պատմեք Ձեր առաջին քայլերի մասին այդ բնագավառում:

-Ես դեռ դպրոցական տարիներին արդեն կայացել էի որպես երգիչ: Լինելով իմ հեռավոր ազգականների տանը՝ Դոնի Ռոստովում, ես լսել էի որակյալ էստրադային երգեր: Վերադառնալով Եղեգնաձոր՝ շատ հաճելի անակնկալ բերեցի մեր դպրոցի համար: Առաջին անգամ, մի համերգի ժամանակ, հանդես եկա ռոքնռոլային երգով, որը լավ ընդունվեց երաժշտասեր հանդիսատեսի կողմից:

Հիշում եմ՝ մշակույթի տան տեղը ճահճուտներ էին, իսկ ամֆիթատրոնի տեղում՝ վարունգի կախովի այգիներ: Կինոթատրոն էլ չկար: 12 տարեկան էի, երբ մշակույթի տանը կից մի փոքրիկ երաժշտական խումբ բացվեց՝ «Ծիծեռնակ» անվամբ, որի անդամներն ինձ հրավիրեցին միանալ իրենց խմբին:

-Այժմ  Դուք պատմում եք Ձեր դպրոցական տարիներից, իսկ ինչպե՞ս եք սովորել դպրոցում և ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք կապված դպրոցի հետ:

-Ես դպրոցում սովորել եմ գերազանց և ավարտել ոսկե մեդալով: Մասնակցել եմ հիմնականում մաթեմատիկայի օլիմպիադաներին, իսկ բանաստեղծություններ գրել եմ դեռ 3-րդ դասարանից:

Երբ 7-րդ դասարանում էի՝ 13 տարեկան, Եղեգնաձորի գերազանց սովորող և ակտիվությամբ աչքի ընկնող երեխաների մի խումբ ստեղծեցին, որի մեջ ընդգրկվեցի նաև ես, և ձմեռային արձակուրդներին մեզ տարան Մոսկվա-Լենինգրադ: Հենց Կարմիր հրապարակի խանութներից մեկում տեսա իմ երազանքների՝ Չերնիկովի կիթառը և  մոտս եղած ամբողջ գումարով գնեցի այն, որը դարձավ այդ ժամանակվա Հայաստանի առաջին էլեկտրական կիթառներից մեկը: Ես սկսեցի ինքնուրույն պարապել այդ կիթառի վրա, որովհետև ոչ մեկը չկար, որ սովորեցներ: Ես հաճախել էի երաժշտական դպրոց և ունեի որոշակի կրթություն: Հետո բախտս բերեց, երբ Եղեգնաձոր եկավ ջութակի ուսուցիչ Մերուժան Սիմոնյանը, ով նաև կիթառ նվագել գիտեր: Ես ընդգրկվեցի նրա խմբում: Բայց հետո նա մեկնեց, և ես ստեղծեցի իմ առաջին խումբը՝ 9-րդ դասարանում: Այն կազմված էր չորս տղայից ու երկու աղջկանից և կոչվում էր «Ե-Ե», այսինքն` «Եղեգնաձորի Երաժիշտներ»: Այդ խմբից էր շատ հայտնի են՝ Ժորա Սիմոնյանը և Հայկ Իսախանյանը:

-Նվագելը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ ուղղակի նախասիրություն:

Նվագելը, բացի մասնագիտությունից, Աստծու և բնության կողմից տրված շնորհ է, երկրորդը՝ պարգև, երրորդը՝ միակ փրկիչ օղակ, որը փրկում է աշխարհի և երկրագնդի վրա գտնվող ամեն տեսակ ճղճիմ ու անհեթեթ բաներից՝ սկսած պատերազմից, վերջացրած փողով, պաշտոնով, ընչաքաղցությամբ և քաղքենիությամբ:

Ինձ համար աշխարհի վրա ամենամաքուր տեղը դաշնամուրն է՝ սև ու սպիտակ ստեղների թագավորությունը: Երաժշտությունը խոսող հոգի է, որտեղ դու մտնում ես ու հանդիպում մաքրության: Երաժշտությունը ես համեմատում եմ բնության հետ:

Երաժշտությունը իդեալական է՝ իր բոլոր առանձնահատկություններով: Այն աշխարհի և տիեզերքի մի մասնիկն է:

-Ի՞նչ համերգներով եք հանդես եկել և որտե՞ղ:

-Ես չպատմեցի մի խմբի մասին, որը կոչվում էր «Էվրիկա»: Այդ խմբում նվագում էին մոտ 140 մարդ, որոնցից էին՝ Արման Հովհաննիսյանը, գեներալ-մայոր Ներսիկ Եսայանը և շատ շատերը:

Ես տարբեր խմբերով հանդես եմ եկել արտասահմանյան երկրներում՝ Լեհաստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Մորավիայում, Լատվիայում, Լիտվայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և ԽՍՀՄ-ի այլ երկրներում:

-Ասացիք, որ եղել եք տարբեր երկրներում: Իսկ վերաբերունքի ինչ-որ տարբերություն զգացե՞լ եք:

Ճիշտն ասած, ո՛չ մի տարբերություն: Նույնիսկ Ադրբեջանում մեզ շատ լավ ընդունեցին և խտրականություն չդրեցին ազգերի միջև: Նաև ունեցել եմ ադրբեջանցի ծանոթ երաժիշտներ, ովքեր ինձ օգնել են տարբեր հարցերում:

-Ո՞ր երգիչների հետ եք համագործակցել և ելույթներ ունեցել:

-Ելույթներ եմ ունեցել Ձախ Հարութի, Ռուբեն Հախվերդյանի, Դավիթ Ամալյանի, Էդուարդ Զորիկյանի, Վահան Արծրունու, Վահե Քոչարի, Աշոտ Ղազարյանի, Հրաչյա Հարությունյանի՝ Սիրուշոյի հոր, Արթուր Մեսչյանի, Արա Գևորգյանի, Նունե Եսայանի և այլոց հետ:

-Ի՞նչ Էիք ցանականում դառնալ մանկության տարիներին :

-Մանկության տարիներին ուզում էի դառնալ լրագրող: Նույնիսկ ավարտական քննության շարադրությանս մեջ, որն ուներ «Ինչպես ես քեզ տեսնում քսան տարի անց» վերնագիրը, գրել էի՝ լրագրող: Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի միանգամից լրագրող դառնալ: Սակայն նոր օրենք էր դուրս եկել. դիմորդը պիտի ունենար երկու տարվա աշխատանքային ստաժ: Ես թողեցի իմ մտադրությունը: Սովորեցի Մոսկվայի Մորիս Թորեզի անվան համալսարանում: Առաջին մասնագիտությամբ թարգմանիչ եմ: «Պիոներ-կանչ» թերթի հատուկ թղթակիցներից էի Եղեգնաձորում: Այդ ժամանակ արդեն հայտնի երգիչ էի:

-Արդյո՞ք այժմ էլ  ստեղծագործում եք: Եվ եթե՝ այո, ապա՝ ի՞նչ ժանրով:

-Այո՛, ստեղծագործում եմ: Ստեղծագործում եմ տարբեր ժանրերով՝ ռոք, փոփ, ջազ, ժամանակակից… Ունեմ նաև ժողովածուներ, որոնցից են՝ «Աստղիկները», «Հանդիպում ծերացած ռոքերի հետ», «Կարծիքներ, մտքեր, աֆորիզմներ»: Ունեմ 12 CD ժողովածու և 250 տեսաերիզ: Հայտնի  են «Այգաբաց», «Մեղավոր գարուն», «Աղոտ աչքերով ծաղրածուն», «Ճամփորդական», «Ամառային ձայներ», «Արևածաղիկ» ստեղծագործությունները:

-Ժամանակին շատ մեծ ճանաչում ուներ հեղինակային երգը, մարդիկ սիրում և լսում էին: Ինչպիսի՞ն է այսօրվա հեղինակային երգի ոլորտը Հայաստանում:

-1988-1994 թթ. իմ նախաձեռնությամբ Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվեցին և անցան հեղինակային երգի առաջին՝ թվով հինգ հանրապետական փառատոները, ուր առաջին անգամ բեմ դուրս եկան այսօր հեղինակային երգում արդեն հայտնի անուններ դարձած Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը, Արմեն Մովսիսյանը,Կարեն Մամիկոնյանը, Շիբոյան եղբայրները,Լիլիթ Կարապետյանը,Արամ Ավագյանը և շատ ու շատ ուրիշներ….Այսօր տաղանդավոր հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանի նախաձեռնությամբ Երևանում՝ Թումանյան 40 հասցեում, գործում է հայ հեղինակ-կատարողների «Բարդ ակումբ»-ը, որտեղ ամեն ուրբաթ օր հանդես են գալիս այս ժանրի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուբեն Հախվերդյանը, Քրիստ Մանարյանը, Դավիթ Ամալյանը, Լիլիթ Սարգսյանը, Վահե Քոչարը, Վարդան Գալստյանը, վերջապես ես և այլոք…

-Մի հետաքրքիր պատմություն կարո՞ղ եք պատմել, որը տեղի է ունեցել Ձեր համերգների ժամանակ:

-Հետաքրքիր պատմություններ շատ են եղել: Մի անգամ Ռուբեն Հախվերդյանի հետ համերգի ժամանակ հանկարծ զգում եմ, որ նրա ձայնը չի հնչում: Շրջվում եմ ու ի՞նչ տեսնեմ.  քնել է: Դահլիճում մոտ 400 հոգի կար, ես վեր կացա ու ասացի. «Շը՜շ… Հախվերդյանը քնել ա: Կամաց-կամաց վեր կացեք և դանդաղ դուրս եկեք»:

Ու պատկերացրեք, որ ամբողջ ժողովուրդը շարան-շարան դուրս եկավ:

Հիշում եմ՝ մի անգամ ուղղաթիռով գնում էինք համերգի ու վայրէջք կատարեցինք եղջերուների հոտի մեջ:

Հետաքրքիր դեպք է նաև, թե ինչպես սովորեցի լողալ: Ես փոքր էի՝ 4-5 տարեկան, երբ բարեկամներով գնացել էինք գետ: Ես ուզում էի ցատկել, երբ հայրս բացականչեց. «Արմե՛ն, չթռչե՛ս, խորն ա՜»: Բայց ես արդեն ցատկել էի և զգում էի, որ չեմ կարողանում ջրից դուրս գալ: Բախտս բերեց, որ հայրս ցատկեց ու փրկեց ինձ:

-Ինչպիսի՞ խորհուրդ և բարեմաղթանք կտաք այսօրվա երիտասարդությանը:

-Հայ երիտասարդներին մաղթում եմ չմոռանալ մեր ազգային պատվի, տեսակի և որակի մասին:

Հարցազրույցը վարեց Սոֆյա Աբրահամյանը