manana davtyan

Զբաղմունքի ԿՈՐՈՆումներ

Ողջույն:

Կորոնավիրուսի «թեթև ձեռքով» ստեղծված այս ձանձրալի իրավիճակում այդ վիրուսից բացի ուրիշ թեմա չկա էլ խոսելու: Ուզում էի խոսել մի ուրիշ թեմայից (թե՛ չկրկնվելու, թե՛ իրավիճակից շեղվելու համար),  դե չի լինում, վիրուսն ուրիշ թեմաներին էլ է խեղդում: Շատերը վախենում են, շատերի համար միևնույն է, բայց հարազատների  համար են անհանգստանում, շատերը դժգոհում են օնլայն դասերից, ավելի շատերն էլ պարզապես պարապ են:

Պարապությունն այս օրերի ամենաարդիական զբաղմունքն է բոլորի` այդ թվում նաև ինձ համար: Չնայած հաճախ փորձում եմ արհամարհել այն` մտածելով: Համացանցում մի օր հանդիպեց հետևյալ կատակը. «Ինքնամեկուսացում, օր 14: Աղավնի ենք բաց թողնում, որ իմանանք դրսում ինչ ա կատարվում»: Իրոք, կարծես նույն իրավիճակն է, ինչ Նոյի ժամանակ է եղել:

Սկսեցի հենց էդ հարցի շուրջ էլ մտածել։ Երկիրը հոգնել է մարդկանցից, ուզում է շնչել, հանգստանալ, մաքրվել այն ամենօրյա կեղտից ու փոշուց, և դա կարծես ստացվում է: Բայց  հենց իր հանգիստն առնի, անպայման կարոտելու է իր բնակիչներին` չար թե բարի, մեծ թե փոքր, իրենն են, չէ՞: Հավատացեք` պանդեմիան էլ ավարտ ունի ու հուսով եմ՝ այդ ավարտը մեզ երկար սպասել չի տա։

Զգացե՞լ եք` պահերը ինչ թանկ են դարձել: Դե հա, այդքան էլ հաճելի զբաղմունք չէ շաբաթներ շարունակ տանը նստելը, բայց հարազատների հետ անցկացրած պահերը, էկրանից այն կողմ ընկերներիդ տեսնելը և նման շատ «կարանտինային» պահերն էլ իրենց հետաքրքրությունն ունեն: Պարզապես եկեք փորձենք ամեն ինչի մեջ ժպիտի ու հետաքրքրության մի կտոր դնել ու կտեսնենք, թե ինչ բավականություն կստանանք:

Իսկ զգացե՞լ եք, որ ինչ էլ լինի, միևնույն է, դժգոհ ժողովուրդ ենք: Տանը նստած՝ սպասում ենք, թե երբ է այս ամենն ավարտվելու, երբ ենք վերջապես վերադառնալու մեր սովորական կյանքին, որ նորից բողոքենք տուն-դպրոց, դպրոց-տուն ռեժիմից ու երազենք տանը մնալու մասին, երբ ենք նորից դպրոց գնալու, որ դժգոհենք, թե ինչու 6:60-ի փոխարեն արդեն ժամը 7-ն է ու պիտի արթնանանք:

Չեմ սկսի զբաղմունքներ առաջարկելը, ինչն այսօր բոլորն են անում: Չէ, ֆիլմեր, երգեր կամ գրքեր էլ չեմ առաջարկի: Ուղղակի մի բան եմ ցանկանում ասել. պետք է մեր կյանքն էնպես դասավորենք, որ ցանկացած իրավիճակում առավոտյան ժպտանք ու շտապենք վեր կենալ, գիշերը չշտապենք քնել, դասի ժամանակ չսպասենք դրա ավարտին, չսպասենք` երբ անձրև կգա կամ արևոտ եղանակ կլինի: Եկեք ապրենք, ուրախանանք թեկուզ կորոնավիրուսով, օնլայն ժպտանք ու իրար ժպիտ տանք, պատուհանից մաքուր օդ շնչենք ու բավարարվենք սեփական տանը բանտարկյալ լինելու կարգավիճակով, տատիս ասած` «էս էլ իր տեղն ունի»։