Ծիսական Զատիկն Օշականում

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Այս տարի ապրիլի 21-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր հինգ տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության օրը։ Շատերն այդ օրը գնում են եկեղեցի, զատկական կերակրատեսակներ են պատրաստում, երեխաները ձու են խաղում, այցելում իրար տներ։ Սակայն հնում մեր նախնիները մի փոքր այլ կերպ են նշել Զատիկը։ Երեխաները երգել են զատկական երգեր ու պարել պարեր, զվարճալի սովորույթներ են եղել, որոնք մեզանում գրեթե չեն պահպանվել։

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

-Մենք շատ ենք սիրում ասել, որ հայերը հին ժողովուրդ են և ունեն հարուստ մշակույթ, սակայն առօրյայում մենք գրեթե «տեր չենք կանգնում» մեր մշակույթին, -ասում է «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Ռազմիկ Մնացականյանը։

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

-Մենք որոշեցինք, որ անհրաժեշտ ու կարևոր է վեր հանել ազգայինն ու ժողովրդականը, և այն դարձնել երիտասարդության մի մասնիկը։ Դրա համար էլ արդեն երկրորդ տարին է մեր հարազատ Օշականում նշում ենք «Ծիսական Զատիկ» փառատոնը։

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Փառատոնի ընթացքում մասնակիցները նախ արշավի միջոցով բացահայտում են Օշականի գեղեցկությունն ու պատմությունը, ապա մասնակցում են զատկական ծեսին, որի ընթացքում դրա մի մասնիկն են դառնում։

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

-Արդեն երկրորդ տարին է, որ Օշականում գտնվող «Հացեկաց» հյուրատունը հյուրընկալում է փառատոնը, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն օգնում է ներկայացնել փառատոնի ծիսական մասը։ Փառատոնի մասնակիցները միանում են մեր երիտասարդներին ու սովորում ծիսական զատկական երգեր ու պարեր, զատկական ճաշատեսակներ են պատրաստում ու համտեսում, խաղեր են խաղում։ Ու այս ամենը մի ուրիշ ոգևորություն է առաջացնում բոլորիս մոտ, -ասում է Ռազմիկը։

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

Լուսանկարը` Վաչե Վարդանյանի

-Այս ամենից զատ մասնակիցները նաև հուշանվերներ են պատրաստում, և տանում իրենց հետ որպես հուշ` խաղալիքներ, որոնք հնում մեր նախնիներն են պատրաստել Զատկին։ Այսինքն մենք փորձում ենք առավելագույնն անել, որպեսզի մասնակիցները լավ ժամանցը համատեղեն օգտակար տեղեկություններ ստանալու և ժողովրդական ու ծիսական գանձերը բացահայտելու հետ։ Ոգևորողն այն է, որ մասնակից երիտասարդները հաճույքով են սովորում ծիսական երգերն ու պարերը, հաճույքով են խաղում ծիսական խաղեր։ Այս ամենը ստիպում է հաշվի չառնել մեր չարչարանքն ու երկարատև աշխատանքը։

Հույս ունենք, որ փառատոնն ավելի կընդլայնվի և մասնակիցների թիվը կմեծանա, ինչն էլ թույլ կտա ավելի մեծ շուքով նշել ոչ միայն ծիսական Զատիկը, այլև մյուս ազգային տոները, -ասում է «Միավորող կամուրջ» ՍՀԿ հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, «Ծիսական Զատիկ» փառատոնի կազմակերպչական թիմի ղեկավար Ռազմիկ Մնացականյանը։