Աբովյանի շախմատի դպրոցը

Լուսանկարը` Աբովյան-իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի

Լուսանկարը` Աբովյան-իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի ստեղծման տասնամյակին: Միջոցառմանը ներկա էր նաև Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանը: Նա ողջունեց և շնորհավորեց դպրոցի աշխատակազմին՝ արգասաբեր աշխատանքի և այսքան տարի երիտասարդների մեջ դեպի շախմատը սեր առաջացնելու համար: Նա կարևորեց շախմատի դերը աբովյանաբնակ երեխաների կյանքում և իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու դպրոցին և դպրոցի սաներին:

Շախմատի դպրոցի տնօրենը՝ Ն. Մովսիսյանը, ներկայացրեց դպրոցի գործունեությունը և անցած ճանապարհը:

Աբովյան քաղաքի շախմատի դպրոցը հիմնադրվել է 2006 թվականին: Ինչպես նշում է դպրոցի տնօրենը՝ 2007 թվականի փետրվարին սկսվեց սաների ընդունելությունը, 2007 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ դպրոցի պաշտոնական և հանդիսավոր բացումը, իսկ մեկ տարի անց՝ 2008 թվականի հոկտեմբերին, տեղի ունեցավ դպրոցի երկրորդ հարկի և համակարգչային դասասենյակի բացումը։ Երկու հանդիսություններին էլ ներկա է գտնվել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։

Լուսանկարը` Աբովյան-իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի

Լուսանկարը` Աբովյան-իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի

Դպրոցի սաները բազմիցս մասնակցել են բազում մրցույթների՝ և՛ քաղաքային, և՛ մարզային, և՛ հանրապետական, շատերն էլ հնարավորություն են ունեցել իրենց ուժերը փորձելու աշխարհի և Եվրոպայի շախամատային առաջնությունների ժամանակ: Այսօր էլ քաղաքում տեղի են ունենում բազմաթիվ շախմատային մրցաշարեր, մարզային պատանեկան և տղամարդկանց առաջնություններ, կազմակերպվում են սեմինարներ: Դպրոց են հաճախում 500 աշակերտ ոչ միայն Աբովյան համայնքից, այլև շրջակա համայնքներից՝ Նոր Հաճնից, Չարենցավանից, Բյուրեղավանից, Աբովյանի տարածաշրջանի բոլոր գյուղերից։ Դպրոցում աշխատող մարզիչներից շատերը դպրոցի նախկին սաներ են եղել, որոնք բազմիցս բարձր արդյունքներ են ցուցաբերել և մեծ հաջողություններ են գրանցել:

Լուսանկարը` Աբովյան-իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի

Լուսանկարը` Աբովյան-իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի

Դպրոցի տասնամյակի կապակցությամբ պարգևատրվեցին դպրոցի աշխատակիցները և մարզչական կազմը: Մեդալներ, պատվոգրեր, գավաթներ, խրախուսական նվերներ ստացան նաև 2017 թվականի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած սաները, ինչպես նաև «Գավաթ-2017» մրցաշարում բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցները:

Ն. Մովսիսյանը հաջողություններ մաղթեց դպրոցի սաներին և ցանկացավ բազում հաղթանակներ մրցաշարերում: