Ագարակում երիտասարդները զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ

20181007_101322_Burst01Արագածոտնի մարզի Ագարակ գյուղը հարակից գյուղերի համեմատությամբ մշտապես աչքի է ընկել ակտիվ երիտասարդներով ու պատանիներով։ Նրանք, որպես կանոն, իրենց քաղաքացիական ակտիվությունը ցույց են տալիս ոչ միայն համայնքի ներսում, այլև մարզկենտրոնում և ողջ հանրապետությունում։ Նրանց ակտիվությունը խրախուսվում է դեռ դպրոցական նստարանից` շնորհիվ շրջահայաց ուսուցիչների, ովքեր ջանք ու միջոցներ չեն խնայում քաղաքացիներ դաստիարակելու գործում։ Նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ ցանկացած նոր ուսումնական ծրագիր կիրառվում է Ագարակում։ Ասվածիս ապացույցն է 2017 թվականից աշակերտների կողմից տնտեսագիտություն առարկայի ուսումնասիրությունը։ Առարկան հետաքրքրում էր ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ այս տարի Հայաստանի Պատանեկան Նվաճումներ ՀԿ-ի կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական կրթությունը դպրոցներում» ծրագրի շրջանակներում ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան իրենց գիտելիքները գործնականում կիրառելու։ 20181007_112523-1

Սեպտեմբերին աշակերտները հասարակագիտության եւ տնտեսագիտության ուսուցչուհի Անահիտ Մուրադյանի օգնությամբ ստեղծեցին #ԼավԱգարակ աշակերտական գործարար բաց բաժնետիրական ընկերությունը, որը ոչ միայն զբաղվելու էր ձեռնարկատիրական գործունեությամբ, այլև Ագարակ համայնքի բրենդավորմամբ, իսկ իր կորպորատիվ պատասխանատվությունն ընկերությունն իրականացնելու էր զբոսաշրջության ոլորտում։ 20181007_133117-1Շահույթի մի մասով աշակերտները զբոսաշրջային գրավչություն հանդիսացող պատմամշակութային կոթողների մոտ տեղադրելու էին QR ծածկագրերով վահանակներ, որոնց վրա ընդամենը հեռախոսը պահելով զբոսաշրջիկը կարող է եռալեզու տեղեկատվություն գտնել։ Նման ծածկագրերով հագեցած են նաև ընկերության արտադրանքները` փայտե կազմով նոթատետրեր, քանոններ, բաժակներ, սառնարանի մագնիսներ, շապիկներ և օրացույցներ։
Առաջին մեծ վաճառքն ընկերությունը իրականացրել է հոկտեմբերի 7-ին` Ագարակի Վերածննդի տասնամյակին, երբ Ագարակ այցելեց նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այժմ աշակերտները պատրաստվում են գարնանային մեծ տոնավաճառին, որի շրջանակներում հույս ունեն գրավել բոլոր մասնակիցներին։