aniharutyunyanarm

Ադամի կործանումը

Բացում եմ դուռը ու մտնում տուն, վառարանի ջերմությունը ներս է քաշում ինձ միանգամից, հանում վերարկուս, շարֆս, կոշիկներս, գլխարկս էլ միգուցե հանեի, բայց գլխարկ դնելու սովորություն չունեմ: Արդեն նստել եմ` ամբողջովին բեռնաթափված, շորաթափված, անելիքս սառած մատներս տաքացնելն ու մտածելն է հավանաբար:

Մի քանի կին աշխարհում Գեղեցկուհի Հեղինեին ունի իր մեջ, որոնց պատճառով Տրոյան ու աշխարհի ցանկացած քաղաք կկործանվեր ևս մեկ անգամ, բայց մեր կյանքը դիցաբանություն չէ, կյանքում նրանք կկործանեն միայն տղամարդկանց:

Որոշ կանայք ինչ-որ չափով Կլեոպատրա են` ոչ այնքան գեղեցիկ ու ոչ իդեալական դիմագծերով, բայց անդիմադրելի ձգողականությամբ: Յուրաքանչյուրը նրանցից կգրավեր Հուլիոս Կեսարին ու կդառնար թագուհի, բայց հիմա կեսարներ չկան, բարեկա՛մս, հիմա միայն կանանց մեջ քնած կլեոպատրաներ են, որոնց արթնացնելու համար Եգիպտոսի էությունն էլ առաջվանը չէ:

Կանանց ինչ-որ մասը Ժաննա դ’Արկ է` պատերազմող, կռվող, հաղթող, բայց մի երազիր, սիրելի՛ս, որովհետև հիմա պատերազմները չեն ավարտվում, հիմա մարդկանց միայն մահացած են հրկիզում` Հնդկաստանում:

Կան կանայք, որ հավերժ են` Էլիզաբեթ Երկրորդի նման, նրանք միայն ձևական են, նրանք միայն գեղեցկության համար են, որովհետև թագուհիները վաղուց արդեն մոդայիկ չեն:

Արքայադուստր Դիանան մահացավ երիտասարդ, բայց նրա ժողովրդի աչքերում դեռ արցունքը չի չորացել: Անմոռանալի կանայք կան քո կյանքում, ընկե՛ր, ինչպես Դիանան` Ուելսի, ու դու երբեք չես դադարի սգալ նրանց կորուստը:

Ախ, գրո՛ղը տանի, որոշ կանայք էլ Մերլին Մոնրոն են, որ անգամ ինձ են խելքահան անում, իսկ դու դեռ մտածում ես` ճի՞շտ էր արդյոք ընտրությունդ:

Կանայք, որոնց մենք ամենից շատն ենք սիրում` մեր սեռից անկախ, Մայր Թերեզան են ամբողջությամբ, մայրերն են ուղղակի, բոլորը, միշտ:

Ու ի վերջո, Ադա՛մ, սիրելի՛ս, մենք բոլորս, մենք` կանայքս, Եվաներն ենք, որ քեզ տանելու ենք կործանման, ու դու ամեն ինչ իմանալով մեզնից հեռանալ չես կարողանալու, դու քո կործանման դեմ ոչինչ անել չես կարողանալու: