Ազատության գինը

Համացանցով ծանոթացա մի աղջկա հետ, ով անօգնական կենդանիներին օգնում էր, խնամում, ընտանիքներ գտնում նրանց համար, և երբ իր էջում տեսա խոշոր դեղին աչքերով և դեղին ու սպիտան գույներ ունեցող փոքրիկ կատվին, մտածեցի, որ կարող եմ իր համար լավ ընկեր լինել: Ամեն ինչ արեցի կատվին իմ տուն բերելու համար։ Մի քանի օր հետո մենք մտերմացանք: Կատուն իմ տանը արժանացավ հատուկ վերաբերմունքի ՝ միշտ ուշադրության կենտրոնում էր, մշտապես խնամում էի, խաղում հետը, կերակրում իր համար նախատեսված հատուկ կերով։

Այո՛, կարող եք մտածել, որ այս պատմության մեջ ոչ մի արտասովոր բան չկա, բայց մի օր կատվին ես գտա իմ պատուհանագոգին. նա ականջները սրել էր և ուշադիր նայում էր դեպի դուրս։ Մոտեցա, ես էլ նայեցի. մեր բակն էր, ոչ ոք չկար ու ոչինչ չկար հետաքրքիր, ինչին կարելի էր այդպես սևեռուն նայել, բայց նա այնտեղ նստեց երեք ժամից ավել, իսկ առավոտյան, երբ բացվեց մեր տան դուռը, կատուն փախավ, ու ես չկարողացա նրան բռնել։ Ինչո՞ւ փախավ կատուն։ Ես շատ երկար էի մտածում նրա գնալու մասին, նույնիսկ տան դուռը բաց էի թողել, որ գար, համոզված էի, որ կգա, իջնում էի մեր բակ ու կանչում նրան, սպասում էի, որ վազելով կգա, մեղավոր աչքերով ինձ կնայի, կամ գոնե կարձագանքի իմ կանչին, բայց…

Հակառակ իմ սպասումներին, կատուն այդպես էլ չեկավ, ու հիմա հաստատ գիտեմ, որ չի գալու։ Պատճառը սահմանափակումն էր: Նրան, ինչպես բոլորին, ազատություն էր պետք՝ մի բան, որը հասկանալը շատ դժվար է: Նույնիսկ սերը, որ վեր է ամեն ինչից ՝կորցնում է իր արժեքը, երբ սկսում ես սահմանափակել սիրելիիդ։ Ահա թե ինչու են մարդու համար պատիժ ընտրել ոչ թե՛ մահը, այլ ազատազրկումը։ Կյանքը ոչինչ չարժե առանց ազատության։ Լավ է մեռնել որպես ազատ մարդ, քան ապրել որպես գերի։ Կատվի համար երևի ոչինչ չարժեր ՝ սերը, հոգատարությունը, ուշադրությունը, եթե նա չուներ ազատություն: Երևի ճնշվում էր տան պատերի մեջ, երևի նրա համար հարազատ հողը ավելի երանելի էր, քան տան հարմարավետ գորգը, իսկ ես մտածում էի, թե օգնել եմ իրեն նոր կյանք շնորհելով, իրեն սիրելով։

Ես հիմա էլ եմ ասում, որ արտասովոր ոչ մի բան չկար այս պատմության մեջ, բայց միայն դրանից հետո ես սկսեցի գիտակցել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ասվածի գինը։ Երևի մեր դժբախտությունների պատճառը հենց սահմանափակումներն են։ Մենք մեզ համար ինչ-որ սահմաններ ենք գծել ու ապրում ենք դրա կաղապարներում` մտածելով, որ դա չի կարելի, դա դուրս է մեր սահմաններից, այնինչ տիեզերքը անսահման է, բայց փոքրիկ մարդն իր համար սահման է գծել ու ապրում է դրա ներսում:

Ես հասկացա, թե ինչ է ազատությունը։ Ոչինչ հետ չպահեց կատվին. ահա ամենակարևորը, որ ես սովորեցի։