Ազատությունը 17.am-ում

Շատերն են հարցնում, թե ինչու եմ գրում www.17.am կայքում կամ ինչ է այն տալիս ինձ:

Պատկերացրեք, որ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը լիովին փոխեց իմ մտածելակերպը:

Սկսենք նրանից, որ շարադրել ասելով ես հասկանում էի դպրոցական շարադրություն, որը, ինչպես գիտեք, բազմաթիվ սահմանափակումներ ունի: Օրինակ, պետք է գրել տրված թեմայի շրջանակներում և գրական լեզվով: Բայց հաճախ «17.am»-ում ուզում ես գրել այն թեմաներից, որոնց մեջ բարբառով կամ ժարգոնով բառեր չօգտագործել չես կարող: Այստեղից  եզրահանգելով՝ կարող եմ ասել, որ առաջին բանը, որ կայքն ինձ տվել է, ազատ արտահայտվելու հնարավորությունն է: Կարող ես գրել ցանկացած թեմայով և արտահայտել ազատ մտքեր: Հաճախ լինում են անմոռանալի պահեր, հետաքրքիր մարդիկ, գեղեցիկ վայրեր և այլն, որոնց մասին կուզենայիր կիսվել: Իսկ այդ հարցում տվյալ պահին ինձ օգնում է միայն «17.am»-ը:

Մինչ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կազմակերպած դասընթացները ես մտածում էի, որ լուսանկարչությունն այնքան էլ կարևոր ու բարդ բան չի: Ուրիշ բան է նկարչությունը, երբ մարդիկ նկարում են ձեռքով:  Նույնիսկ չէի էլ հետաքրքրվում լուսանկարչությամբ: Դասընթացի ընթացքում մեզ սովորեցրեցին, թե ինչպես կարող ենք լուսանկարել, ինչ կանոններ ունի, ինչ ուղղություններ: Դասընթացի ընթացքում լուսանկարչական արշավների գնացինք մեր մարզի գյուղերն ու քաղաքները:  Ես հասկացա, որ լուսանկարչությունը պարզունակ բան  չէ, ինչպես ես էի պատկերացնում: Այժմ տնից դուրս գալիս, նույնիսկ դպրոց գնալիս, հետս լուսանկարչական խցիկս եմ վերցնում և տան ճանապարհին ամեն բան, ինչ «աչքս ծակում է», նկարում եմ:

Սովորեցի, թե ինչպես են հարցազրույց վարում, ակնարկ ու էլի ուրիշ բաներ գրում: Հիմա այն մարդիկ, որոնց մեջ հետաքրքիր բան եմ տեսնում, պայմանավորվում եմ և հարցազրույց վերցնում: Դա էլ իր յուրահատուկ և հետաքրքիր կողմերն ունի: Ես ծանոթանում եմ հետաքրքիր մարդկանց հետ, դարձել եմ ավելի դիտողունակ ու հետաքրքրասեր, չեմ ամաչում շփվել անծանոթների հետ:

Երբ տանը կամ դրսում մեծերով խոսում են` ուշադիր լսում եմ: Այդ պահին մտածում եմ, որ կարելի է գրել, թե ինչ են խոսում: Եվ մեծերից մեկը, նայելով ինձ, ասում է.

-Է՜հ, խոսում ենք՝ առանց իմանալու, որ հեսա Սոֆյան կգրի:

Այս մեջբերումով էլ ուզում եմ ասել, որ այն ժամանակ անտարբեր էի խոսակցությունների, կատարվող իրադարձությունների և աառհասարա շրջապատի նկատմամբ: Իսկ այժմ զբաղված ժամանակ էլ մի ականջս ուրիշ տեղ է՝ անմիջապես ձայնագրում է:

Ամփոփելով, կարող եմ ասել, որ «17.am»-ի թղթակից լինելը մեծ առավելություն է և պատասխանատվություն:

Հ.Գ. Հետաքրքիր մտքեր ունենաք, հավես չանեք գրել՝ կպատմեք, ես մեծ սիրով կգրեմ: