mushegh kyurekhyan

Ազնավուրը Ազնավուրի մասին կամ մեծությունը գրքի էջերում

Վերջերս կարդացի Վահեի «Փոթթերիանա»-ն, և այն ինձ տարավ դեպի Հոգվարդս. մտովի բարձրացա անվերջ շարժվող աստիճաններով, մտա գաղտնի սենյակ և նույնիսկ հասա տնօրենի սենյակ ու նստեցի Դամբլդորի աթոռին: Դրեցի գլխարկը, որը երեխաներին բաժանում էր, այսպես ասած, ֆակուլտետների: Քանի որ գիտեի, եթե ցանկանայի, ապա կհայտնվեի Գրիֆինդորում (չէ որ գլխարկը լսում է ցանկությունը) և հայտնվեցի:

«Մարդը կազմված է այն գրքերից, որոնք կարդացել է»: Հեղինակը`Ռալֆ Էմերսոնը, դիպուկ է ասել, քանի որ  յուրաքանչյուրի ապրած ամեն մի օր դառնում է իր իսկ կենսագրական «գրքի» մի էջը, իսկ այդ գիրքը գնում է դեպի մարդկության պատմության գրադարան:

«…Եվ այսպես, 1924թ. մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով օտար լեզուների հնչյունաբանությանը, իր վրա է վերցնում որոշելու Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցչի անունը»:
Այսպես է սկսվում իմ առաջին կարդացած ծավալուն գիրքը: Երևի արդեն ծնողների ազգանունից հասկացաք`խոսելու եմ աշխարհահռչակ շանսոնյեի` Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի մասին: Նրան բոլորը ճանաչում են որպես Շառլ Ազնավուր: Ամբողջ աշխարհն է ճանաչում շանսոնյեին, բայց քչերը գիտեն նրա կյանքի պատմությունը: Փոքր ժամանակ, երբ մայրը սենյակից դուրս է եկել, քույրը` Աիդան, նրան հագուստի կոճակներ է տվել, որ ուտի, և շաբաթվա մեջ մի քանի անգամ ստիպված են եղել բժիշկ կանչել: Քչերը գիտեն, որ նրանք ունեցել են փոքրիկ ռեստորան (ի դեպ, եթե մտածում եք կարդալ գիրքը, ապա ուշադիր կլինեք այդ մասում. այդտեղ պատմում է պատառաքաղների մասին, այնքան  հետաքրքիր է):
Ամբողջ գրքից իմ մեջ տպավորվել է մի հատված, դա խնջույքների և թաղումների ժամանակ մեծերի խմելու արարողակարգն է: Ինչու եմ ասում արարողակարգ, քանի որ դա մի առանձին գործողություն էր: Խնջույքների և թաղումների ժամանակ կար մի հատուկ մաս, երբ բոլոր տղամարդիկ կանգնում էին և օղու բաժակը պահում էին բերանի դիմաց, իսկ արմունկը պետք է լիներ ուղիղ: Ոչ ոք իրավունք չուներ իջեցնելու արմունկը, նրանք պետք է այդպես կանգնեին 3-ից 10-ը րոպե, իսկ դեպքեր են եղել, նույնիսկ 20 րոպե կամ կես ժամ: Իսկ զավեշտալին այն էր, որ երբ խմում-վերջացնում էին բոլոր ներկաների և նրանց մահացած բարեկամների կենացները առանձին-առանձին, անցնում էին գազի, հոսանքի,  ջրի և նույնիսկ շիրիդ կամ պարանի կենացներին (պարանի կենացը մեր օրերում անվանում են օջախի կենաց և խմում ամենավերջում):
Գրքում լինում են, երբ հեղինակը տվյալ մասին համահունչ արձակ կամ չափածու որևէ բան է գրում, (այս մասը, օրինակ, իր անպատասխան սիրո մասին է):

Կյանքի շեմին բացվող կանաչ տարիների,
Տարիներից, որոնք ապրում են
Ու շնչում են մեղմ կրակով խոհերիս շղթայում…

Կամ`
 Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝  ես ինձ դուր եմ գալիս:

Գրքի մեջ շատ կան այսպիսի հատվածներ, դրանք վերջում կգրեմ:

Կարդալով աշխարհահռչակ հայի կյանքը, հասկանում ես, որ հայի ճանապարհը միշտ լեցուն  է դժվարություններով, իսկ եթե հայը իր առջև դնում է նպատակ, ապա միշտ հասնում է դրան: Ի դեպ, մոռացա նշեմ`  ամեն ինչի միանգամից չեն հասնում, պետք է կամաց-կամաց առաջ գնալ: Փոքր քայլերով երկար կգնաս, իսկ եթե մեծ քայլերով գնաս, դժվար թե  հասնես ցանկալի արդյունքի: Հասնելուց էլ չես կարող հիշել որևէ դեպք, երբ պայքարել ես, ջանք ես գործադրել, ու համոզված եմ, կյանքդ անցել է անհետաքրքիր: Բերեմ հենց Շառլ Ազնավուրի օրինակը. նա սկզբում երգել է կաբարեներում, փոքրիկ ռեստորաններում, ապա նրան տեսնելով ընդգրկել են շրջագայությունների մեջ, իսկ հետո ինքն է իր սեփական շրջագայություններն ունեցել:

Կարդացեք անպայման նրա կյանքը, այն շատ հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, երբ դուք կարդաք գիրքը, ձեր տան մյուս անդամները կարող են համակարգչով զբաղվել, ոչ թե ամբողջ օրը մեկը նստած լինի, ինչպես մեր տանն է:

 

Ահա գրքի միջից առանձնացված հատվածներից մի քանիսը `

  • Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն:  Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:
  • Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին: Այո՜, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանսիացին: Տոնը առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի, տոն չէ հայի համար:
  •  Ամեն անգամ, երբ մեկն ուզում է մեկ ուրիշին ավելի շատ աշխատեցնել, առանց նրա ռոճիկը բարձրացնելու, շողոքորթում է նրան, խնկարկում ու ասում, որ վստահում է:  
  •  Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: 
  • Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում:  Իսկ եթե չէ,  բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:
  • Պետք է ասել, որ խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան: