aniharutyunyanarm

Աթոռների բարձրությունն ու սեղանների մեծությունը

Փոքր տարիքում ես լաց էի լինում, երբ ինչ-որ բան էի ցանկանում, ու լացում էի այնքան, մինչև տալիս էին ցանկացածս։ Դա ամենասովորական, ամենահասարակ խաղալիքն էր, կոնֆետը, ափսեն, որը ջարդելու անհագ ցանկություն ունեի։ Հետո հասկացա, որ արդեն ոչ թե պետք է լացեմ, այլ ինքս գնամ ու վերցնեմ այն, ինչ ուզում եմ։ Ես, կարծես, մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ արդեն ոչ թե հեշտությամբ պետք է գնամ ու հենց այնպես վերցնեմ ցանկացածս, այլ ճանապարհին ինչ-որ բաներ պետք է հաղթահարեմ՝ բարձր աթոռների տակով անցնել, սեղանները շրջանցել։ Բայց, անկախ ամեն ինչից, ես միշտ հասնում էի ցանկացածիս։ Փոքր տարիքում, իրոք, հեշտ էր։

Ամենածանրը, թերևս, այն օրն էր, երբ ես, հաղթահարելով բոլոր փորձությունները, հասա ու չկարողացա վերցնել կոնֆետները, որովհետև դրանց եղբայրս ինձնից շուտ էր հասել։ Չգիտեմ՝ որն է եղել քո առաջին հիասթափությունը, բայց դու կհասկանաս ինձ, եթե հիշես դա ու կներես, որ հիշեցնում եմ քեզ դրա մասին։ Ես գիտեմ, որ մանկությունն էլ չի լինելու ու չի լինելու նաև նպատակիս հասնելու ամենահեշտ տարբերակը՝ գնալ ու վերցնել։ Ճանապարհին միշտ բարձր-բարձր աթոռներ կհանդիպեն, մեծ սեղաններ, որոնց շրջանցելու համար կոշիկներ կմաշվեն ու մազեր կսպիտակեն, մարդիկ, որոնք ավելի շուտ կվերցնեն իմ նպատակը, բայց կլինեն նաև մարդիկ, որոնք լացող երեխային հանգստացնող մոր պես կգրկեն ինձ, ու ես նորից ինչ-որ տեղից ուժ կգտնեմ։ Ես գիտեմ, որ ճանապարհները սարսափելի երկար են լինում, ճանապարհները՝ դեպի լույսը տանող։ Լույսը, բայց իմ ներսի, որովհետև մութ թունելի վերջի լույսին սպասելու կարիք չեմ ունենա, եթե հասնեմ ու դուրս հանեմ իմ ներսի լույսը։ Բայց ես կշարունակեմ քայլել մութ թունելով, քայլել ու կոշիկներ մաշել այնքան, մինչև հասնեմ այդ լույսին, ու բոլոր նպատակների վերջում, բոլոր հաղթանակների ու պարանոցիցս կախված ոսկե «մեկերի» վերևում՝ ամենա-ամենա բարձրում, փոքր լույսը կդնեմ, որ հետո՝ վերջում, արդեն անցնելիք ճանապարհի փոխարեն լուսավորեմ անցածս ճանապարհը, որովհետև ես գիտեմ, որ ավելի շատ բարձր աթոռներ ու մեծ սեղաններ հաղթահարելուց հետո նպատակին հասնելն անտանելի հաճելի է։

Ես գիտեմ, որ երբեմն ամենադժվարը հասկանալն է այն, որ արդյոք նպատակը, որի համար ճանապարհներ պիտի անցնեմ, իրո՞ք պետք է ինձ, միգուցե դա մանկական քմահաճույք է՝ ափսե ու բաժակ կոտրելու նման։ Ես պիտի կյանքում իմ կոնֆետն ու իմ լույսին տանող ճանապարհը գտնեմ, որ վերջում մոռանամ անգամ ճանապարհի աթոռների բարձրության ու սեղանների մեծության մասին։