Աղվերանի մեդիա ճամբար. Ալափարս

Զարթուցիչը նորից զնգաց, ինն անց կես էր, իսկ մենք ժամը իննին պետք է գնայինք նախաճաշի: Սենյակակիցներիս հետ արագ պատրաստվեցինք, իջանք ճաշարան: Նախաճաշն ավարտելուն պես նայեցինք օրակարգին:

-Օ՜, ֆոտոարշավ դեպի Աղվերանի հարակից գյուղերից մեկը՝  Ալափարս:

Տաք հագնվեցինք, վերցրինք ֆոտոապարատներն ու շարժվեցինք դեպի Ալափարս: Մեքենայի մեջ երեխաները զրուցում էին, զվարճալի պատմություններ էին պատմում, և ճանապարհը բավականին կարճ էր թվում: Հասանք գյուղ, բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք որսալ ամենահետաքրքիր պահերը:

Գյուղում հազվադեպ էին մարդիկ երևում, իսկ հանդիպողներն էլ ամաչում էին նկարվել: Մի քիչ քայլեցինք գյուղի փողոցներով, տեսանք երեխաների, որոնք իրենց բակի նստարանին նստած խաղում էին: Երբ մեզ տեսան, նրանցից մեկն ասաց.

-Տղերք, թռանք, նկարում են:

Ու սկսեցին արագ փախչել: Փախչող ու ամաչող մարդկանցից բացի հանդիպեցինք նաև երեխաների, որոնք բակում խաղում էին և համաձայնեցին, որ նկարենք իրենց: Տղաներից մեկի ձեռքին հաց կար, որը նա անընդհատ թաքցնում էր: Հանդիպեցինք նաև Հռիփսիմեին, ով սոխ էր գնել և տուն էր տանում:

Ֆոտոարշավն անցավ շատ   հետաքրքիր, ու մենք հոգնած, բայց ստացված նկարներով վերադարձանք հյուրանոց: