aniharutyunyanarm

Ալիսան բանասերների աշխարհից

Գրքերից ու ֆիլմերից դուրս` իրական ու մեզ շրջապատող աշխարհում, մեր կողքին, ընկերների ու ծանոթների մեջ մենք ունենք մարդիկ, օրինակներ, որոնց ցանկանում ու ձգտում ենք նմանվել: Նմանվել՝ ինչ-որ բաներ սովորելու իմաստով, նրանցից լավն ու դրականը վերցնելու իմաստով:

Ցածր ու հաճելի ձայնով, նուրբ շարժումներով Ալիսա Սահակյանին հաճախ եմ հանդիպում: Նստում ենք ու զրուցում, խոսում ամեն ինչի ու բոլորի, կենդանի ու գրքային, ֆիլմային ու իրական հերոսների մասին: Լսում եմ խորհուրդներ, պատմություններ, որոնք, անկախ ինձնից, իմ ներսում, հոգում ինչ-որ բաներ են փոխում, որ հետո եմ զգում ու նկատում: Ինքն իր բնավորության ու «ես»-ի հետ անընդհատ կռվող, իր թերությունների դեմ պայքարող Ալիսան շատերի համար, գուցե, սովորական կին է` խելացի, գեղեցիկ, հոգատար, բայց իմ սրտում` ինչ-որ մի տեղ, Ալիսան իմ իրական աշխարհի օրինակներից մեկն է, որից ես երբեք չեմ դադարում սովորել:

«Երբ փոքր էի, երազում էի… Շուտ մեծանալ, դառնալ ուսանող, ինձ պատկերացնում էի երկար եղունգներով, շպարված, թիթիզ ուսանողուհի, բայց երբ մեծացա, հասա այդ տարիքին, ինձ ամենևին մեծ չէի զգում և շպարին ու եղունգներին արդեն մեծ նշանակություն չէի տալիս: Մինչև հիմա էլ կարծես իմ տարիքը չեմ գիտակցում, ինձ մեծ չեմ զգում: Սիրում էի գրքեր թերթել, դասամատյան էի կազմում ինձ համար, երևի նրանից էր, որ մանկությունս դպրոցում է անցել, անընդհատ այդ միջավայրում եմ եղել, ուսուցչի աշխատանքն եմ տեսել ու սիրել: Բայց մի ընթացք էլ կար, երբ տարված էի «Պարզապես Մարիա» սերիալով, որտեղ հերոսուհին հագուստի մոդելավորող էր, ես էլ երազում էի մոդելավորող դառնալ, մեծ տետր ունեի, որտեղ հագուստներ էի նկարում ու ինձ ապագայում մոդելավորող էի պատկերացնում: Բայց պարզվեց, որ ուսուցիչ դառնալու երազանքը կամ ցանկությունն ավելի մեծ էր, և ի վերջո, այն հաղթեց, ու ես ընտրեցի ուսուցչի մասնագիտությունը:

Ես մեծացա այն ժամանակ… Երբ պապս կաթված ստացավ: Նա մեր տան հիմնասյունն էր, հիմքը, մեծը, ու նրա հիվանդությունից հետո ես մահը մոտ զգացի մեր տանը, առաջին անգամ մահվան շունչը զգացի, թեև այդ ժամանակ նա առողջացավ, բայց գիտակցում էի արդեն, որ նրան կարող էինք կորցնել: Իրականում երևի ես ավելի ծանր ապրումներ եմ ունեցել նրա հիվանդության սկզբնական շրջանում, քան մահվան ժամանակ, որովհետև երկար հիվանդությունը կարծես արդեն նախապատրաստել էր մահվանը, բայց հիվանդությունը անակնկալ էր բոլորիս համար, ու ես ամեն ինչին, կյանքին արդեն այլ աչքերով էի նայում:

Բանասեր, որովհետև… Սիրում էի բառը: Երբ փոքր էի, հորաքրոջս տանը հաճախ էի լինում արձակուրդներին, նա էլ պարապում էր դիմորդների հետ: Երեխաների հետ ես էլ էի թելադրություններ գրում ու «բազկաթոռ» բառը սխալ էի գրել: Հետո մտածեցի, որ արմատը «բազուկն» է, ու արդեն յուրաքանչյուր բառի արմատն էի փորձում գտնել, թե ինչի հետ է կապված: Մենք սկսում ենք խոսել, բայց տեղյակ չենք լինում խոսքի կանոններին, բառերին, ու երբ սկսեցի ուսումնասիրել բառերը, ինձ համար օրինաչափություններ գծել, կապել միմյանց դրանք, սիրեցի լեզուն ու գնացի բանասիրական: Հիմա երբեմն փոշմանում եմ ընտրությանս համար, որ կարող էի ավելի գործնական, շահութաբեր մասնագիտություն ընտրել, կամ այնպիսին, որ ավելի միջազգային լիներ, տարբեր երկրներում գնահատվեր ու ընդունվեր, բայց քանի որ ունեմ իմ մասնագիտությունը, փորձում եմ լավը լինել դրա մեջ: Բավականին երկար ժամանակ է` դպրոցում եմ աշխատում, բայց, ցավոք, դեռ ոչ իմ մասնագիտությամբ:

Եթե ֆիլմ, ապա… Պատմական ֆիլմեր, որոնք համաշխարհային գլուխգործոց համարվող գրքերի, ստեղծագործությունների հիման վրա են նկարահանվել, որոնք, հիմնականում, նայում եմ գիրքը կարդալուց հետո: Հազվադեպ է եղել, երբ ֆիլմն ավելի շատ է տպավորել, քան գիրքը: Երբեմն, ըստ տրամադրության, կոմեդիաներ եմ նայում: Չելենտանոյի, Ֆելինիի, իտալական ռեժիսորների ֆիլմերն եմ հավանում: Ֆիլմեր ընտրելիս մեծ ուշադրություն չեմ դարձնում դերասաններին, եթե սցենարը, միտքը սիրեմ, այդքան էական չի լինի` համաշխարհային աստղեր խաղում էին, թե ոչ:

Գիրքն ինձ համար… Սովորելու, լիցքաթափվելու, հանգստանալու միջոց է: Խոստովանեմ, որ վերջին տարիներին շատ չեմ կարողանում կարդալ. երբեմն ժամանակ չի լինում, կամ ծուլությունն է հաղթում: Հիմա գրասեղանիս Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» է: Նոր եմ սկսել կարդալը: Բայց էլի շատ չեմ կարողանում կարդալ, որովհետև անգլերեն եմ սովորում: Արդեն ոչ թե տրվում եմ սիրած գրքերին կամ գրողներին, այլ անում եմ այն, ինչ ինձնից պահանջվում է և ինձ պետք է հետագայում: Ձեռքիս տակ միշտ կա հունական դիցաբանությունը: Կարծում եմ` սա շատ կարևոր, մեծ բան տվող գիրք է: Շատ արվեստի գործեր կան, որոնք ստեղծվել են դիցաբանության հիման վրա, և առանց տեղյակ լինելու` դժվար կլինի դրանք հասկանալը: Շատ առասպելներ, թևավոր խոսքեր դուրս են եկել դիցաբանությունից, որոնց մենք հաճախ ենք հանդիպում ու ինքներս էլ շատ ենք օգտագործում, բայց սկզբնաղբյուրը չգիտենք: Արվեստի շատ գործեր նաև աստվածաշնչյան կերպարներով ու թեմաներով են: Գրքեր կարդալով մենք նաև արվեստին ենք շատ մոտենում:

Գեղեցիկը… Գնահատում եմ շատ: Գեղեցիկ մարդկանց, իրերը միանգամից նկատում եմ: Գեղեցիկի զգացողությունը մարդու մոտ դեռ փոքր տարիքից պետք է զարգացնել, որն էլ երեխայի հետ մեծանում է, հասունանում: Տարբեր տարիքում տարբեր կերպ ենք ընկալում գեղեցիկը: Նույն կերպ էլ մարդկանց մոտ է գեղեցիկի պատկերացումը տարբեր. կան մարդիկ, որոնք գնահատում են միայն արտաքին տեսքը, մարդիկ էլ կան, որոնք թափանցում են հոգին, բնավորության գեղեցկությունն են փնտրում: Կարծում եմ` մենք առաջինը պետք է մարդկանց արարքների մեջ գեղեցիկը տեսնենք, գնահատենք: Հիմա կյանքի այն փուլում եմ, որ սոցիալական տարբեր խավերի մարդկանց հետ եմ շփվում, որ հնարավոր է փողոցում տեսնեի, այդքան չնկատեի այդ մարդուն, որովհետև նա արտաքինով աչքի չի ընկնում, բայց երբ սկսում եմ շփվել մարդկանց հետ, ամեն մեկի մեջ, ամեն մեկի արարքի, բնավորության մեջ կարողանում եմ տեսնել գեղեցիկը:

Չեմ սիրում բնավորությանս մեջ… Ծուլությունը: Երբ որևէ գործի նվիրվում եմ, ոգևորվում եմ ու հանկարծ որևէ բան չի ստացվում, միանգամից հիասթափվում եմ: Իսահակյանից մի երկտող հիշեցի` բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական: Ես հիմա չգիտեմ` դիպվածի բերումո՞վ է, որ կյանքս այսպես է ստացվել, թե՞ կամքի թուլության պատճառով, բայց հիմա մտածում եմ, որ պետք է ավելի կամային լինեմ, թույլ չտամ, որ միայն դիպվածները տանեն ինձ առաջ: Ես պիտի ուժեղ լինեմ ու ես ինչ-որ բաներ փոխեմ իմ կյանքում: Երբեմն մտածում եմ, որ սովորելու տարիքը բաց եմ թողել արդեն, բայց շուրջս օրինակներ եմ տեսնում, որոնք նորից մոտիվացնում են ինձ, որ ինձնից ավելի տարիքով մարդիկ սկսում են որևէ լեզու սովորել, կատարելագործել իրենց իմացածը, մտածում եմ, որ ես էլ դեռ իմ ժամանակն ունեմ սովորելու, ու դրա համար երբեք ուշ չի լինում:

Մարդկանց մեջ գնահատում եմ… Մարդ լինելը. դա բոլորս էլ փորձում ենք, ու կրթությունը էական չէ մարդ լինելու ու մնալու ճանապարհին: Սովորելու ցանկությունը, աշխատասիրությունը: Երիտասարդ սերնդի մեջ ձգտումն եմ գնահատում շատ, գործնական լինելը: Իդեալիստ ռոմանտիկ չեն, ավելի իրատես, գործող են, գիտակցում են, թե իրենց ինչ է պետք ու կարողանում են ոչ միայն երազել, այլև գործել, կյանքում գտնել իրենց տեղը: Մեր սերունդն այդքան էլ համարձակ, վստահ չէր: Երևի պատճառն այն էր, որ մեզ մութ ու ցուրտ տարիներն էին բաժին հասել, բայց, այսօրվա երիտասարդներին նայելով՝ ես իրոք հաճույք եմ ստանում: