iza Astsatryan

Ալլան

Լուսանկարը՝ Դավիթ Մարգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Մարգարյանի

Ես ու Ալլան ծանոթացել ենք կիրակնօրյա դասընթացների շրջանակներում` էքսկուրսիաների գնալու ժամանակ: Ալլան Տաթևից է, այժմ գտնվում է ԱՄՆ-ում, «FLEX» ծրագրի հաղթողներից է: Որոշեցի զրուցել նրա հետ՝ իր նախասիրությունների ու հատկապես՝ «FLEX»-ի մասին:

-Խոսելով հետաքրքրություններիս մասին՝ նշեմ, որ սիրում եմ ուսումնասիրել տարբեր լեզուներ, ամենասիրելի լեզուներից մեկը ֆրանսերենն է, որը շատ կցանկանայի սովորել: Հետաքրքրված եմ նաև լուսանկարչությամբ, հատկապես՝ սիրում եմ լուսանկարել բնությունը: Սիրում եմ կարդալ գրքեր, դիտել բազմաժանր ֆիլմեր:

«FLEX» ծրագրի մասին իմացել եմ մի քանի տարի առաջ՝ նախքան մասնակցելս, ու երբևէ չեմ մտածել դիմելու մասին: Մասնակցեցի միայն մեկ անգամ, բայց չգիտեմ՝ ինչու, զգում էի, որ պետք է անցնեմ: Երբ զանգ ստացա Ամերիկյան խորհուրդների գրասենյակից, քարացա: Հիմա արդեն ԱՄՆ-ում եմ և նույնիսկ հիմա դժվարանում եմ հավատալ, որ այս ամենն իրական է: Ես ապրում եմ Տաթևում և շատ ուրախ եմ դրա համար: Սիրում եմ իմ ծննդավայրը, շատ եմ կարոտում իմ հայրենիքն ու ընկերներիս, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր հայրենիքում: Ինչպես ասում է Պարույր Սևակը՝ օտարության մեջ ազատ լինելն ուրիշ ծերություն է, հայրենիքում ծեր լինելը՝ ուրիշ ազատություն: Ես շատ եմ հավանում ինձ հյուրընկալող ընտանիքը, բնությունը, ամեն ինչ՝ բացի fast food-ից: Առաջին տպավորություններս շատ լավն էին:

-Իսկ ի՞նչ տարբերություններ կան Հայաստանի և Ամերիկայի դպրոցների միջև:

-Դասերի սկսվելուց հետո ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձավ: Ուսուցման ձևը շատ տարբեր է, անցնում ենք յոթ առարկա՝ ամեն օր նույն առարկաները: Կարծում եմ՝ դա շատ լավ է, որովհետև ավելի խորն ես ուսումնասիրում առարկաները:

-Իսկ ի՞նչն ես ամենաշատը կարոտում:

-Շատ եմ կարոտում մեր սարերը, իմ գյուղը, ընկերներիս, ամեն ինչը:

Ալլան նաև շատ լավ ձայն ունի, Տաթևի վանքի երգչախմբում է երգում: Վստահ եմ, որ երգի ասպարեզում ևս նորանոր հաջողություններ են նրան սպասում: