laura sekoyan

Ալյուրն աղացինք

Աշուն է եկել, և դա արդեն ամեն ինչ փոխում է։ Ամռանը մեր բակի ճոճանակն էր հարևանների սուրճ խմելու ու զրուցելու վայրը, իսկ աշունն այդ վայրը տեղափոխվում է մեր հյուրասենյակ։

Սովորական աշնանային օրերից մեկն էր, երբ պատուհանից տեսա դարպասից ներս մտնող հարևաններին։ Ավանդական սուրճից ու մի թեթև բամբասանքից հետո բոլորը սկսեցին բողոքել աշնան հոգսերից՝ չմոռանալով ավելացնել սպասվող ձմռան հոգսերը։ Մի մասը բողոքում էր, որ ծախսերն են շատ, մյուսը՝ դեռ շատ բաներ չի հասցրել անել: Նմանատիպ շատ բողոքներ էին հասնում ականջիս, երբ հարևան Հասմիկը փոխեց թեման։ Նա տատիկիս ասաց, որ պայմանավորվել է մեքենայի վարորդի հետ, որը էժան գնով կտանի Քաղսի՝ ալյուր աղալու։ Տատիկս, իհարկե, համաձայնեց, և սկսեցին խոսել այն մասին, թե ով որքան ցորեն է տանում աղալու։

Հաջորդ օրը, երբ դասից եկա, մառանի ցորենի պարկերը չկային։ Երկու-երեք ժամ անց տեսնեմ՝ մի մեքենա եկավ, որի մեջ ալյուրով լցված պարկեր կային։ Այդպես մառանը նորից լցվեց, բայց այս անգամ ալյուրի պարկերով։ Տատիկս յոթ հարյուր կիլոգրամ ցորեն էր տարել աղալու, իսկ հարևան Հասմիկը՝ երկու հարյուր կիլոգրամ։ Բավականին գումար էին ծախսել ալրաղացում։ Իսկ գթասիրտ վարորդը, կիսելով գյուղացու հոգսը, քիչ գումար էր վերցրել։ Երեկոյան նորից հավաքվեցին մեր տանը՝ այդ առիթով սուրճ խմելու, և տատս, որը հասցրել էր արդեն խմոր հունցել ու հաց թխել, մի բաժակ սուրճի շուրջ գովում էր նոր աղացած ալյուրը։

Եվ իսկապես, տնական ալյուրից թխված հացերը շատ համեղ են։ Թեև աշունը շատ ծախսատար է, բայց այդ ծախսերը չանելն անհնար է։ Աշնան ծախսերն ուղղված են ապահով ու հանգիստ ձմեռ ունենալուն, իսկ միայն ալյուր աղալը դեռ բավական չէ։