Աղվերանի մեդիա ճամբար. Ախր, ամեն ինչ սկսվել է գյուղից

Մեզանից շատերը հաճախ բողոքում են, որ իրենց քաղաքում, օրինակ` Երևանում կամ Գյումրիում, քչացել են մարդիկ, փողոցները դատարկվել են և այլն:Իսկ դուք եղե՞լ եք Հայաստանի գյուղերից մեկում:

Երեկ ֆոտոարշավի էինք մեկնել Հայաստանի Ալափարս գյուղ, որը երևի ձեզանից շատերը չգիտեն,  գտնվում է Կոտայքի մարզում: Առաջին հայացքից բավականին հետաքրքիր ու պատմությունով հարուստ գյուղ էր թվում, բայց… Լրիվ էն «Սուտլիկ որսկանի»  պատմությունը հիշեցի, որն ասում էր, թե մի տուն կար, մեջը` երեք պառավ, երկուսը` մեռած, բայց էս դեպքում ես կըսէի` կիսամեռ,  մինի բերանում էլ ըսկի շունչ չկար: Տների դռները փակ էին. մեկը փակ էր, որովհետև տան տերերը տեղափոխվել էին, մյուսի տերը հավանաբար իր կովերին էր տարել արածեցնելու, դե իսկ երրորդի տերն էլ երևի էն կիսամեռ տատիկներից մեկն է, ով պառկել է իր խոնավ ու մութ տանը` առանձնանալով ինքն իր հետ…

Ինչքա~ն պատմություններ են ստեղծվել էս գյուղում, ինչքա~ն նոր կյանքեր են եղել էստեղ, ու ինչքա~ն տարիներ են անցել էս ամեն ինչից:  Թվում էր, թե էն տեղափոխված բնակիչներից մեկը իր հետ տարել է ամեն ուրախ պատմություն ու թողել գյուղի լավն ու բարին էն իմ նկարած ժանգոտված դռներից մեկի հետևում:

Նախքան գյուղ հասնելը մտածում էի, որ գյուղում հաստատ տարածված կլինի նոր թխած լավաշի անու~շ հոտը, գյուղ մտնելիս կտեսնենք էդ լավաշներից մեկը թաքուն վերցրած մի երեխայի, նոր տարվա չիր պատրաստող նորահարսերի ու էս տեսակ լիքը երևակայական պատկերներ, որոնք էդպես էլ իրականություն չդարձան` ինձ «դիլխոր» թողնելով:

Ինձ թվում էր, թե գյուղում ընդհանրապես մարդ չի ապրում, ու երբ հանկարծ վերջապես տեսանք մեկին, որը պլշած աչքերով մեզ էր նայում, մեր էրեխեքից մեկը ասաց.

-Լա’վ, խեղճին շատ վրա չտաք, վախեցնեք: Առանց էն էլ ինքը մեզանից վախենում է:

Ողջ օրվա ընթացքում էդ գյուղը, որ հաստատ նման է Հայաստանի ներկայիս գյուղերի մեծ մասին, մտքիցս դուրս չեկավ ու մինչև հիմա էլ չի գալիս: Ախր, ամեն ինչ սկսվել է գյուղից, ու մենք ներկայանալի ենք մեր հին ու ավանդական առօրյայով, որ, ցավո~ք, վաղուց սկսել է հեռանալ մեզանից: