manana arxiv

Ախ, այդ մականունները

Բոլոր ժամանակներում և բոլոր սերունդները բողոքել են մականուններից: Նրանք, ովքեր մականուն ունեին, տառապում էին, նրանք, ովքեր մականուն չունեին, զարմանում, թե ինչու են նեղանում մյուսները: Ինձ էլ որոշեցին մականուն կպցնել, և պետք է ասեմ, որ դրա մեջ ոչ մի լավ բան չկար. դպրոց չէի ուզում գնալ, ամեն մեկի անզգույշ խոսքից կուչ էի գալիս… Մի օր էլ նայեցի ինձ վիրավորողին` Սերոբին. նիհար, սուր, երկար քիթ, իսկ բարակ ձեռքերն այնպես էին ճոճվում, ասես փայտից լինեին:

-Ի՞նչ ես ուզում, Բուրատինո…

Սերոբն այլայլված շուրջը նայեց:

Դասընկերներս փայլող աչքերով մոտեցան մեզ.

-Ի՞նչ, ի՞նչ ասացիր…

Էլի մի վայրկյան ու նոր ծնված անունը պիտի թևածեր դասարանում: Նայեցի նրա վախեցած դեմքին, հիշեցի ինձ:

-Տես, հա, եթե մեկ էլ մականունով դիմես, բոլորին կասեմ քո նոր անունը,- սպառնացի նրան:

Սերոբը ոչինչ չասաց: Զգացի, որ հաղթել եմ:

-Հեչ, ասում էի` մաթեմից ստուգողական ենք գրելու…

Դե, երբ ստուգողականից ենք խոսում, էլ դատարկ բաների մասին ո՞վ է հիշում: Այդ օրվանից ինձ այլևս մականունով չեն դիմում, իսկ եթե մեկը սխալմամբ փորձում էր, Սերոբի հետ էր գործ ունենում:

Ժամանակները փոխվում են, իսկ մականունները շարունակում են ապրել: Երբ մի ժամանակ ինքդ ես մականուն ունեցել, գիտես, թե ինչ տառապանք է: Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր մականուն ունեն: Ես ձեզ հետ եմ:

***

Մեր դասարանում մի տղա կա, որը կարծես չի բոյովանում: Միշտ ծիծաղում էինք նրա վրա և Ճուտիկ էինք ասում: Նա նեղանում էր: Մենք լրջանում էինք, բայց մի քանի ժամ հետո նորից նույն անունն էինք տալիս: Նա էլ նորից նեղանում էր, և այդպես շարունակ: Բայց հետո հասկացավ, որ նեղանալով բան դուրս չի գա: Մի օր էլ ասաց, որ ավելի լավ է իրեն Ճուտ ասենք, չէ՞ որ ինքն արդեն երեխա չէ: Եվ մենք եկանք փոխհամաձայնության: Հիմա, երբ նրան Ճուտ ենք ասում, այլևս չի նեղանում:

Արմեն Բաբայան, 13 տ.

***

Մեր դասարանի Անդրանիկին ասում ենք Փափախ, քանի որ գլխին միշտ գլխարկ կա: Երբ ուսուցիչն ասում է. «Անդրանիկ, գրատախտակի մոտ»,- մենք ասում ենք` գնա, Փափախ: Երբեմն նա նեղանում է, իսկ երբեմն էլ ձևացնում է, թե մեզ չի լսում:

Իսկ Ալբերտին Կորժիկ ենք ասում, որովհետև նա միշտ կորժիկ է ուտում և մեզ էլ հյուրասիրում է: Իսկ եթե մի քանի օր կորժիկ չի բերում, մենք բողոքում ենք.

-Կորժիկ, բա մեզ կորժիկ չե՞ս բերել:

Նա իր մականունից չի նեղանում: Ուսուցիչներն էլ են սովորել մեզնից և նրան դիմում են մականունով:

Հասմիկ Սերոբյան, 13 տ.

***

-Ախթունգ, Ցվետիկը եկավ:

Այդպես ենք մենք ամեն անգամ դիմավորում մեր ռուսերենի ուսուցչուհուն: Նրա իսկական անունը Սվետլանա է: Սկզբից այդ անունը փոխեցինք Սվետի, իսկ երբ մի օր նա ասաց, որ փոքր ժամանակ դպրոցում իրեն ասում էին Ցվետիկ, այդ օրվանից էլ նրա անունը դարձավ Ցվետիկ- Պոլուցվետիկ:

Մի օր նա լսեց, որ ես իրեն Ցվետիկ եմ անվանում և շատ բարկացավ: Դրանից հետո աշխատում էի նրա աչքին չերևալ. դասերից փախչում էի կամ թաքնվում նստարանի տակ, երբ նա դասարան էր մտնում: Մի անգամ էլ նա ինձ բռնացրեց դպրոցի դռների մոտ և տարավ տնօրենի կաբինետ: Մի ժամ անընդմեջ լսեցի տնօրենի քարոզները, իսկ երբ դուրս եկա նրա կաբինետից, ինձ անակնկալ էր սպասում. Ցվետիկի որդիները եկել էին ինձնից բացատրություն պահանջելու: Նրանք հաստատ ինձ մի լավ ծեծ կտային, սակայն օգնության հասան իմ դասընկերները:

Տիգրան Մուրադյան, 14 տ.

***

Մեր դասարանում մի աղջիկ կա, նրա անունը Էմմա է: Բոլորը ձեռ էին առնում: Երբ կապում է մազերը, բոլորին, չգիտես ինչու, նրա ականջները տարօրինակ են թվում: Բայց ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում: Տղաներից մեկը մի օր նրա հետևից Չեբուրաշկա բղավեց: Հետո փոխեց այդ անունը և դարձրեց Չեբուրատոր: Էմման շատ էր նեղվում, իսկ ես նրան խղճում եմ, երբեք վատ բառեր չեմ ասում, չեմ նեղացնում, բայց ընկերություն էլ հետը չեմ անում…

Մի անգամ Էմման ինձնից տնայինը խնդրեց, որ արտագրի: Գրելու ժամանակ բոլորը գոռում էին.

-Չեբուրատորն արտագրում է, Չեբուրատորն արտագրում է:

-Չեբուրատորը դու ես,- փորձում էր պաշտպանվել Էմման` դիմելով մեկ դիմացը նստողին, մեկ` հետևինին, բայց միևնույնն է, չէր կարող դիմադրել ամբողջ դասարանին և ի վերջո լռեց: Շատ վատ բան ստացվեց:

Իննա Ազնաուրյան, 11 տ. 

***

Մեր դասարանի Լյովը առաջ շատ էր սիրում քթանցքերով կավճի փոշին ներս քաշել: Դրա համար մենք նրան Նարկոտիկ ենք ասում: Ինքն արդեն այդպես չի անում, բայց մենք շարունակում ենք ասել:

Դավթին Ձմեռ պապի ենք ասում, որովհետև ինքն ամենալավն է ձնագնդիկ խաղում: Մեր բակի թիմային խաղերում յոթ օրվա ընթացքում հինգ նոկաուտ է արել ու յոթ նոկդաուն:

Իսկ ես Նշանն եմ, որովհետև ամենաթույլ, բայց ամենադիպուկ հարվածողն եմ: Մեր Ֆորմուլան հինգ րոպեում պինդ ձնագնդիկ է սարքում, որը ամենաշատը Ձմեռ պապիկին է պետք գալիս: Եթե Ֆորմուլան չլիներ, Ձմեռ պապիկի նոկաուտները չէին լինի:

Թորոս Իսկուդարյան, 12 տ.