Ահա և ես

Կանաչ, մեծ աչքերով, անընդհատ պոչով, բաց վարդագույն կծմծոտած շրթունքներով, նիհարած այտերով այդ աղջիկը ես եմ։ Երբեք չեմ սիրել ինքս ինձ բնութագրել։ Երևի նրա պատճառով, որ չեմ կարողանում դա լավ անել։ Դե ինքներդ դատեք՝ տեսնում եմ իմ դիմացինին, շրջապատս, ձեռքերս և քայլելաձևս, իսկ դեմքիս արտահայտությունը, տեսքս միշտ չէ, որ կարողանում եմ տեսնել։ Բայց երբեմն դիմում եմ ռիսկի և ինձ բնութագրում։ Դե ինչ, սկսենք մազերիցս։ Բարակ, մի փոքր ալիքավոր, խճճված, մուգ շագանակագույն այս մազերս ես չեմ սիրում։ Նրանք ինձ չեն ենթարկվում։ Ոչ կարողանում եմ հարթեցնել, արդուկել, ոչ էլ խուճուճացնել, դրա համար անընդհատ պոչ եմ կապում կամ էլ հավաքում եմ։ Երբեմն լինում է, որ երեկոյան մազերս արձակելով դրանք ցավում են և կանգնում ինչ-որ արտասովոր ձևով։ Սիրում եմ կրել գլխարկներ, տարբեր ձևի և չափի։ Դրանք ինձ սազում են։ Աչքերս կանաչ են, երբեմն մուգ, երբեմն բաց, իսկ երբեմն էլ դրանք դառնում են կապույտ։ Տատիկս ասում էր, որ իմ աչքերի գույնը փոխվում է հագածս զգեստի գույնի հետ։ Ես էլ, որ փոքր էի զարմանում էի ու հարցնում.

-Իսկ եթե կարմիր հագնեմ, աչքերս էլ կարմիր կլինե՞ն։

Տատիկս ծիծաղում էր և շոյում գլուխս։ Փոքր ժամանակ աչքերս ավելի շատ կապույտ երանգի էին, իսկ այժմ մուգ կանաչ։ Իսկ երբ ծիածանաթաղանթս վերջանում է, սկսվում է ինչ-որ մուգ գիծ։ Շատերը ասում են, որ կարծես այդ գիծը մատիտով ընդգծված լինի։ Աչքերիս չափը այժմ մի քիչ փոքրացել է։ Երեխա ժամանակ, ինչպես եղբորս և մայրիկիս մոտ, դրանք մեծ են եղել, զարմացած։ Ի դեպ, եթե այժմ ես մի փոքր վախենամ, զարմանամ, աչքերս ինքնըստինքյան մե՜ծ կբացվեն։ Թարթիչներս երկար չեն, բայց խիտ են ու հաստ։ Աչքերիս տակ մուգ պարկեր կան, քիչ քնելու պատճառով։ Դրանք լինում են մանավանդ դասերի ժամանակ։ Այտերս վերջերս նիհարել են իրենց կամքով, և ես ոչ մի միտումնավոր բան չեմ արել։ Շրթունքներս բաց վարդագույն են, փոքր չեն, բայց մեծ էլ չեն։ Արդեն ռեֆլեքս է դարձել այն կծմծելը, դրա համար հետքեր են մնում։ Իսկ դրսում, ցուրտ ժամանակ, դրանք չորանում են և ուռում։

Ահա և ես՝ մի աղջիկ կանաչ աչքերով, կապած մազերով նստած գրում եմ իմ մասին։