hovhannes ghulijanyan

Ամառային հանգիստ. հնարավո՞ր է, և որտեղ

Ամառային արձակուրդները սկսվեցին, և բոլորին սկսեց տանջել կարևոր մի հարց. որտե՞ղ կազմակերպել ամառային հանգիստը։ Եկեք մի փոքր վերլուծենք՝ արդյոք Հայաստանո՞ւմ, թե՞ նրա սահմանից դուրս է ճիշտ և նպատակահարմար հանգստանալ։

Հենց սկզբում նշենք, որ Հայաստանի քաղաքացին Հայաստանում հանգստանալով՝ իր ներդրումն է կատարում պետական բյուջեի մեջ, բայց, դե ինչ-ինչ պատճառներով ժողովրդին չի հետաքրքրում պետական բյուջեն։ Գնային տեսանկյունից ևս Հայաստանը ձեռնտու է, քանի որ միջին մակարդակի պայմանների հանգիստը Հայաստանում տասից տասնհինգ հազար դրամի է հասնում, իսկ այլ վայրերում սկսվում է տասնհինգ հազարին գումարած ճանապարհածախսը: Իսկ երբ հանգիստը դառնում է ընտանեկան, երբ մեկ օրվա արժեքը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում սկսվում է քառասուն հազարից, հասկանում ենք, որ լիարժեք հանգիստը, որը կտևի տասն օր կամ ավելի, սովորական ապրող հայերի համար դառնում է թանկ հաճույք։

Ինչ վերաբերվում է նրան, թե Հայաստանում քիչ են վայրերը և մարդիկ նորություններ են ուզում, ապա հարցումները ցույց են տալիս, որ հայերից քչերը գիտեն իրենց պատմամշակութային ժառանգության մասին, իսկ դա գալիս է նրանից, որ մարդիկ քիչ են այցելում տեսարժան վայրերը: Այստեղ ևս մեկ հակասություն կա. մարդը կարող է այցելել ինչ-որ վայր, սակայն էքսկուրսավար չունենալու պատճառով տեղեկություններ չստանա։ Օտար երկրում նաև հեշտ է ավելորդ քաշքշուկի մեջ ընկնելը, որն առաջանում է լեզվին վատ տիրապետելուց, մշակույթների տարբերությունից և այլն։

Ամառվա մեկ ամիսը շուտով կանցնի: Չգիտեմ՝ քանիսը կունենան հնարավորություն մեկնելու հանգստի, բայց կուզենայի ձեր կարծիքն էլ իմանալ: