Ամառային ճամբար երիտասարդների ուժերով

Ահա արդեն երրորդ տարին է, ինչ մենք՝ Վայքի ակտիվ երիտասարդներս, կազմակերպում ենք ամառային ճամբար, որին մասնակցում են 6-15 տարեկան երեխաներ, ովքեր կտրվում են համակարգչից ու պարապ չեն մնում: 

Մի փոքրիկ պատմություն ճամբարի նախապատրաստական և առօրյա կյանքից:
Նախորդ երկու տարիներին կամավորական աշխատանք ենք կատարել Սյունիք ՀԿ-ի հետ, և ամեն ինչ շատ բարեհաջող էր ստացվել: Տարածքի, երաժշտության և այլ նմանատիպ խնդիրների առաջ չենք կանգնել:

Այս տարի առաջարկություն ստացանք մեկ այլ ՀԿ-ի հետ սկսել ճամբարը: Սակայն մինչ ճամբարը սկսելը, ՀԿ-ի տնօրենը մեզ տարածք և երաժշտություն էր խոստացել, բայց չտրամադրեց: Ճամբարային առաջին օրվա ծրագիր էինք գրել ու շատ հետաքրքիր, բայց ապարդյուն… Քանի որ իր խոստացած երաժշտությունը չկար, որ կարողանայինք անել այն, ինչը որ մտածել էինք: Նա խոստացավ, որ վաղը կլինի, բայց… Անընդհատ վաղը պետք է լիներ, բայց չեղավ:Վերջապես գտնվեց մի ծնող, ով իր տան երաժշտական սարքը վստահեց մեզ: Տարածքի առումով էլ տրամադրեց ընդամենը մեկ սենյակ, այն էլ երեխաներին գրեթե չէր կարելի ներս մտնել: Մենք էլ ստիպված հով տարածքներ էինք փնտրում դրսում՝ արևից պաշտպանվելու համար: Այդ սենյակն ու շենքն էլ մենք աղջիկ ջոկատավարներով ամեն օր մաքրում, հավաքում նոր դուրս էինք գալիս: Արդեն չէինք կարողանում այդպես շարունակել, ուստի որոշեցինք գնալ քաղաքապետարան (քաղաքապետն էր հովանավորել, որպեսզի երեխաների համար գրենական պիտույքներ գնեինք), խնդրեցինք կա՛մ մեզ տարածք տրամադրել, կա՛մ ավելի լավ է այսքանով ավարտենք ճամբարը: Նա էլ զանգեց ՀԿ-ի տնօրենին, և մի կերպ բացեցին տարածքի դուռը:Երեխաների հետ աշխատելն իրոք հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, աշխատատար և հոգնեցուցիչ: Չնայած այս ամենին, ամեն-ինչ շատ բարեհաջող ավարտվեց: Եղավ մեր փակման միջոցառումը: Մտածում էինք՝ լավ չի լինի, բայց սխալ էինք ենթադրում, շատ լավ անցավ: Երեխաներն ու ծնողները շատ գոհ էին, և ցանկանում էին, որ շարունակվի այս ծրագիրը:

Ճամբարի ընթացքում երեխաները սովորեցին երգել, պարել, սպորտով զբաղվել, ձեռքի աշխատանքներ կատարել, նկարել, թատրոնում խաղալ:
Մի խոսքով, ունեցանք նյարդային, ուրախ, հոգնած ու հետաքրքիր 10-օրյա ամառային ճամբար: