Sargis Melkonyan

Ամառ 2018

Վերցնել մի ճերմակ քառակուսի նկար, մուգ կապույտ ու շագանակագույն ծածկոցով ու վերնաշապիկով տեղավորվել աջ անկյունում, մայր մտնող արևի արհեստական շող դնել դեմքին ու նայել վեր այնքան, ինչքան ունակ են տեսնել աչքերս ու չհասկանալ, չհասկանալ, բայց նայել զարմացած: Ամպերին:

Հետո մրսել երեկոյան անձրևից առաջացող սառը քամուց, բայց ջերմանալ երազելուց, մոռանալ իրականության սառը ու դատարկ լինելը, անգիտակցության ու գիտակցության բոլոր բջիջներով սավառնել, կտրվել ու տրվել երազանքին՝ պատկերելով ապագան աշխարհի ամենասիրուն ձևով. իմ ուզած ձևով:

Սթափվել հեռուներից լսվող հրավառության ձայնից, հասկանալ, որ երբեք էլ ապագան իմ ուզած ձևով չի լինի, դնել ականջակալներն ու խլանալ, մոռանալ, չքնել մինչև լուսաբաց, դադարել մտածել: Չզգալ: Ոչինչ:

Վերցնել բաց կապույտն գրիչն ու երազներ նկարել թղթին: Հետո ամեն ինչ ծալել ու դնել ծոցագրպանում: Հեռու հեռվում գտնել երջանկության կետ ու հենվել դրան՝ ամբողջ մարմնով՝ մի կերպ ու անհասկանալի վախենալ: Կորցնելուց:

Եկող ու գնացող ինքնաթիռների լույսերը տեսնել մթության մեջ ու գրկախառնություններ պատկերացնել առանց արտասվելու: Ժպտալ փուչիկներով երեք տարեկան երեխաներ պատկերացնելուց՝ ցայտաղբյուրների մոտ կամ պաղպաղակ ուտելիս:

Արևածագի հետ փոխվել, մոռանալ զգացածի մասին: Մոռանալ զգալու մասին ու գնալ այգի: Բարձրանալ ծառերի վրա ու սկսել բերքահավաքը: Օրվա ամենաշոգ ժամին ուժասպառ լինել ու քնել: Տեսնել երազներ ու վախենալ արթնանալուց: Եվ ինչ-որ պահի էս ամենն անվանել «Ամառ 2018»: