Ամբողջ գերդաստանից ընդամենը մեկը

Լուսանկարը՝ Մարինա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մարինա Հարությունյանի

-Իմ պապան էլ ա փրկվել Եղեռնից,- լսեցի տատիկիս ձայնը, երբ մտա սենյակ,  որտեղ հեռուստացույցով մի հաղորդում էր, և խոսում էր Եղեռնից փրկված պապիկի թոռնուհին:- Դե իրան աղջկա շորերով են պահել, որ թուրքերը ձեռք չտան,- շարունակեց տատիկս:- Իրենց ընտանիքն ու հարևաններից մի քանիսը թաքնվել են իրենց նկուղում,  բայց  թուրքերը բացի տները, մտել են նաև նկուղները ու ստուգել:  Նրանց էլ գտել են, դուրս հանել:

-Իսկ հետո՞,- հարցրեցի ես, չնայած շատ էի լսել այդ պատմությունը:

-Նրա հոր ու եղբոր վիզն են կտրել իր աչքի առաջ,- շարունակեց պատմել տատիկս հուզվելով,- փոքր քրոջն էլ կապել են մոր մեջքից և դեպի Արաքս քշել` սպանելու: Պապաս միշտ ասում էր, որ այդ ժամանակ Արաքսը արյունից ամբողջովին կարմիր ա եղել: Հետո նրան ուժեղ խփել են: Նա հարվածից ընկել ա, և թուրքերը, կարծելով որ նա մահացել ա, այդպես էլ թողել են նրան: Հետո երբ վեր ա կացել, տեսել ա ռուսական զորքը գալիս ա, մտածել ա, թե թուրքերն են: Գնացել ա իրանց նկուղ, որտեղ ուրիշ մարդիկ են դեռ թաքնված եղել, ասել ա, թե թուրքերը կարմիր պոպոզավոր գլխարկներով գալիս են ձիերով: Էդ ժամանակ էլ մարդիկ ասել են, որ դրանք ռուսներն են, ու դուրս են եկել: Ռուսական զորքը փրկել ա նրանց, պապաս հայտնվել ա Ստեփանավանի որբանոցում,- ավարտեց պատմությունը տատիկս և աչքերը սրբեց անձեռոցիկով:

-Նա Մշից էր, չէ՞,- հարցրեցի ես:

-Հա, Մշից էր,- հաստատեց նա:

Մի քանի րոպե տիրած ծանր լռությունը խախտեց տատիկս.

-Պատկերացնու՞մ ես, մարդն իր ազգանունը չիմանա: Դե պապան փոքր ա եղել, իր ազգանունը չի իմացել, հետագայում չգիտեմ, թե ով է նրան ազգանուն տվել: Ես ու երկու քույրս էլ ենք էդ ազգանունով գրվում, բայց չգիտենք, թե մեր իսկական ազգանունն ինչ ա:

Մի քանի րոպե լռելուց հետո ասացի.

-Ամենավատն են ա, որ չենք կարող պարզել, թե ձեր իսկական ազգանունն ինչ պիտի լիներ: Հենց էդ էլ եղել ա թուրքերի նպատակներից մեկը` եթե չկարողանան բնաջնջել, գոնե պատմությունը ջնջեն:

-Ինչքան դաժանություն են տեսել հայերը…- տատիկիս միտքը կտրեց հեռախոսազանգը, և ես դուրս եկա սենյակից` հեռախոսը վերցնելու: Բայց  մտքերս դեռ 1915 թվականում էին, և ես պատկերացնում էի կարմիր Արաքսին նայող մանկահասակ Իլիաս պապիկին: