Ամբողջ կյանքս օգնել եմ մարդկանց, այսօր անօգնական եմ մնացել…

Հատված Հայկական Կարմիր խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի կամավորի օրագրից

Գայանե տատը 90-ն անց է, Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մասնաճյուղի պարենային օգնության ծրագրի շահառուներից է: Մյուս շահառուների նման ապրում է միայնակ: Ձմռան ամիսներին քույրը` Աստղիկը, գալիս է Գայանե տատի հետ ապրելու, սակայն հետո միանում է իր ընտանիքին, ու Գայանե տատը լրիվ մնում է միայնակ: Նա գրեթե չի տեսնում ու չի լսում: Ասում է` ծերությունից է: Աչքերից մեկը վիրահատել են, իսկ մյուսի վիրահատության համար գումար են պահանջում, որը ինքը չի կարող վճարել: Համակերպվել է:

Վեց տարեկանից դպրոց է հաճախել, հետո` բժշկական տեխնիկում: Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է Արագածոտնի մարզում, տարբեր պաշտոններ է վարել: Սովորել է նաև Անասնաբուժական ինստիտուտում, բայց չորրորդ կուրսից դուրս է մնացել ֆինանսական խնդիրների պատճառով: Իր ամբողջ կյանքն անցկացրել է մարդկանց օգնելով, սակայն ծերության օրոք մնացել է անօգնական:

-Այդպիսի բան է կյանքը,- ասում է Գայանե տատը:

Թեև չի տեսնում, բայց անգիր գիտի տան ամեն անկյունն ու ամեն առարկայի տեղը, դիրքը, որովհետև ինքնուրույն է կառուցել՝ կամաց-կամաց: Զավակներ ու թոռներ չունի, որովհետև չի ամուսնացել: Մեծ սեր է ունեցել, բայց չի ամուսնացել:

-Ես «լաբորանտկա» էի, երբ Փարպիի բնակիչները դեղնախտով վարակվեցին: Քիչ մասնագետներ կային մարզում, ու որոշեցին, որ ես պիտի մեկնեմ այնտեղ բժշկելու: Ես ներարկում անել չգիտեի, բայց ինձ վերապատրաստեցին ու ուղարկեցին այնտեղ: Հետո պարզվեց, որ ես էլ եմ վարակվել դեղնախտով: Հիվանդությունը բարդացավ, ու ինձ չթողեցին ամուսնանալ: Շատ սիրուն էի, սիրած տղա ունեի, բայց բժիշկներն ասացին, որ եթե ամուսնանամ ու երեխա ունենամ, կամ ես կմահանամ, կամ երեխաս: Դժբախտացա: Որոշեցի իմ ամբողջ կյանքը նվիրել մարդկանց օգնելուն:

Գայանե տատը երանությամբ է հիշում իր ապրած օրերը:

-Փոքրիկ հրաշք էին ինձ անվանում,- ասում է Գայանե տատը: -Այնքան մարդկանց եմ օգնել, կյանքեր փրկել…

Աստղիկ տատը նույնպես «լաբորանտկա» է, մեկ-երկու տարով մեծ է Գայանե տատից: Նրա կյանքն էլ դժվարություններով է անցել: Երբ կաթի գործարանում էր աշխատում, փորձանոթը պայթեց, ու աչքը հեռացրին։ Մի կերպ է հարմարվում, բայց այս տարիքում էլ աշխատում է օգնել քրոջը: Մի աչքով հազիվ է տեսնում, մեջքը կոր է:

-Բայց իմ վիճակն ավելի լավ է, քան քրոջինս,- ասում է Աստղիկ տատը:

Երկար զրուցում ենք Կարմիր Խաչի կամավորներով: Տատիկները հիշում են իրենց մանկությունն ու պատանեկությունը: Երիտասարդ տարիները… Ժպտում են… Մենք էլ ենք ժպտում` ի պատասխան: Ինչքա՜ն քիչ բան է նրանց պետք ժպտալու համար։ Ընդամենը հաճելի զրուցակից և վստահություն, որ կան մարդիկ, ովքեր մտածում են իրենց մասին, հոգում են իրենց համար…

Լուսանկարները` Շուշան Միկոյանի, Վաչե Վարդանյանի