Ամենակարևորը

Լուսանկարը` Աիդա Մովսիսյանի

Լուսանկարը` Աիդա Մովսիսյանի

Ես 16 տարեկան եմ, բայց հասցրել եմ հասկանալ, թե որ  խնդիրն  է հուզում Մալիշկա գյուղի բնակիչներին: Մեր գյուղը բավականին մեծ է: Այն ունի 2 դպրոց  և 2 մանկապարտեզ, սակայն դա քիչ է  5612 բնակչությանը աշխատանքով ապահովելու համար: Խորհրդային տարիներին գյուղում գործել է կոնդենսատորների գործարանը շուրջ 600 աշխատատեղով, որը այնուհետև վերափոխվել է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում։ Գյուղում ուրիշ աշխատատեղեր չկան, և գյուղի մեծ մասը գնում է արտասահման աշխատելու, թողնելով իր հայրենիքը՝ Հայաստանը: Այդ խնդիրն ինձ  ամենից շատն է հուզում, որովհետև  երբ դասընկերներով խոսում ենք, միայն ես եմ  խոսում իմ հայրիկից, միայն ես եմ  պատմում, թե ինչպես  է մեր օրն անցնում իրար հետ: Իսկ նրանց հայրերը արտերկրում են և գալիս են տարվա մեջ մեկ կամ երկու անգամ՝ մեկը Նոր տարուն, մյուսն էլ հարազատի կամ բարեկամի մահվան ժամանակ, երբ տարբերակ չունեն չգալու: Նրանք մեծանում են առանց հոր և չգիտեն, թե որն է իդեալական հոր կերպարը:

Երբ ես սկսեմ աշխատել, խոստանում եմ ամեն ինչ անել, որ աշխատատեղերը ավելանան, մարդիկ նորից վերադառնան հայրենիք  և  ապրեն իրենց ընտանիքի հետ: Մեզ աշխատատեղեր են անհրաժեշտ. մեր ընտանիքները մեր հայրիկների կարիքն ունեն: