Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է

Ասում են` ես զարմանալի մարդ եմ։ Մի տարվա ընթացքում երեք անգամ փոխեցի որոշումս` մասնագիտության ընտրության հարցում։ Սկզբում ցանկանում էի ընտրել Ամերիկյան համալսարանի  «Անգլերեն և հաղորդակցություն» բաժինը։ Հետո (մոտ վեց ամիս անց) մասնակցեցի մի բիզնես սեմինարի, որից հետո որոշեցի ընտրել «Բիզնես» բաժինը, բայց մինչ այդ դեպքը, բիզնեսը ինձ համար «անհասանելի» ոլորտ էի համարում։ Իսկ հիմա՝ հինգ ամիս անց, մտածում եմ սովորել ծրագրավորում։

Ամբողջ կյանքում ատել եմ ծրագրավորումը։ Դեռ մեկ շաբաթ առաջ էլ ատում էի այն։

Ինչքան էլ որ չեմ սիրել ծրագրավորումը, միշտ էլ հարգել եմ ծրագրավորողներին և ծրագրավորում սովորողներին։ Նրանք ոչ միայն ապագայում կունենան բարձր վարձատրվող աշխատանք, այլ նաև մեծապես կօգնեն Հայաստանին։ Հայաստանը կարիք ունի շատ և լավ ծրագրավորողների։

Մինչև ընդունելության համար նախատեսված դիմումի հանձնման ժամկետը ունեմ երեք ամիս։ Քիչ չէ։ Կհասնեմ ներբեռնել ծրագիր՝ կոդեր գրելու համար, ինչպես նաև ձեռք կբերեմ մի լավ գիրք և կփորձեմ պարզել. արդյոք արժե՞ ծրագրավորում ընտրել, թե՞ ոչ։ Ում պատմում եմ այս մտքի մասին, բոլորն ասում են, որ խուսափեմ այսպիսի կտրուկ որոշումներ կայացնելուց, քանի որ երկար ժամանակ որոշված էր, որ բիզնես եմ սովորելու, այդպես էլ անեմ։ Բայց ինչո՞ւ ոչ։ Ի՞նչ պարտադիր է սովորեմ այն, ինչի մասին ավելի երկար եմ մտածել։ Շատ մարդիկ կան, ովքեր դեռ մանկուց որոշում են իրենց մասնագիտությունը, կամ գուցե իրենց ծնողներն են որոշած լինում, ինչը շատ հաճախ է լինում, և ընտրում են հենց այդ մասնագիտությունը։ Այդպիսով նրանք չեն նկատում տարիների ընթացքում իրենց շրջապատում ի հայտ եկող փոփոխությունները։ Չեն նկատում, որ որոշ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում։

Կարծում եմ՝ պետք չէ խուսափել կտրուկ որոշումներ կայացնելուց կամ ինչ-որ փոփոխության հետ առերեսվելուց։ Պետք չէ կառչել անցյալում ունեցած որոշումներից կամ մտքերից։ Չէ ՞ որ մենք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ենք զարգանում և բացահայտում նոր հետաքրքրություններ:

Ես շնորհակալ եմ ինձնից, որ ցածր ստացա անգլերենի քննությունս և չդիմեցի համալսարան։ Այլապես սովորելու էի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնում ու, հավանաբար, հետո չէի էլ մտածելու այլ բաժին ընտրելու մասին։ Այս ամիսների ընթացքում ես, երկար ժամանակ մենակ մնալով իմ մտքերի հետ, շատ բան հասկացա ու բացահայտեցի։ Հասկացա, թե ինչ եմ ուզում իրականում, և թե ինչն է ինձ հետաքրքրում։

Ես շատ եմ հետաքրքրված բիզնեսով։ Հնարավորության դեպքում անպայման հիմնելու եմ իմ սեփական բիզնեսը, երբ էլ որ դա լինի։ Եթե անգամ ծրագրավորում սովորեմ, երբեք չեմ մոռանա ուսումնասիրել բիզնեսի գաղտնիքները։ Ամերիկյան համալսարանում հնարավորություն եմ ունենալու ծրագրավորմանը զուգահեռ ուսումնասիրել նաև բիզնես։

Եթե երեք ամսվա ընթացքում հասկանամ, որ այնուամենայնիվ ծրագրավորումը իմը չէ, ապա կսովորեմ բիզնես, բայց բակալավրիատի տարիներին չեմ դադարի ուսումնասիրել ծրագրավորումը։ Եվ հնարավոր է մագիստրատուրայում սովորեմ ծրագրավորում։ Ինչպես ասել է Մարկ Ցուկերբերգը. «Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Մի աշխարհում, որը փոխվում է իսկապես արագ, միակ ստրատեգիան, որը երաշխավորում է ձախողում, ռիսկի չդիմելն է»։