araqs nersisyan

Ամեն անգամ սկզբից

Տուն. երևի բոլորդ տուն ասելով կպատկերացնեք այն միակը, որտեղ ծնվել ու մեծացել եք, իսկ ես՝ ոչ։ Ես Արաքսն եմ, 14 տարեկան, չորս անգամ փոխել եմ տունս, չորս անգամ սկսել սկզբից։

Ծնվեցի, երկու տարի ապրեցի մի տան մեջ, որից տեղափոխվելու պատճառը 9-րդ հարկն էր։ Մի քիչ անհասկանալի էր, թե ինչը խանգարեց ծնողներիս 9-րդ հարկում։ Ես բան չեմ հիշում։

Մինչև 7 տարեկանը մանկությանս շատ լավ, հաճելի պահերը ապրեցի երկրորդ հարկում։ Հարմար էր շատ, հիշում եմ իմ բոլոր ընկերներին և մեր խաղերը։ Հիշում եմ բոլորին, անգամ մեր բակի տատիկ պապիկներին, որոնց հանգիստը միշտ խանգարում էինք՝ առավոտից երեկո անիմաստ գոռգոռալով։ Ու չեմ ուզում հիշել այն պահը, երբ մայրիկս սկսեց հավաքել իրերը ու ասաց, որ տեղափոխվելու ենք նոր բնակարան։ Գնացի, կանչեցի մոտ ընկերուհուս, և չգիտեմ՝ ինչու, սկսեցի լացել։ Նա էլ, առանց որևէ բան հարցնելու, լացեց, հետո խոսեցինք։ Իրար գրեթե ամեն օր հրաժեշտ էինք տալիս, իսկ իմ գնալու օրը առանց խոսելու միայն լացում և իրար խոստանում էինք, որ միշտ կմնանք լավ ընկերներ։

Տուն 3-րդ․ գրեթե երկու ամիս տանից դուրս չէի գալիս, ինձ թվում էր, որ դրսում ոչ ոքի հետ չեմ կարող խաղալ, որ նրանք իմ իմացած խաղերը չգիտեն։ Դե, ես ճիշտ էի, ես այդ տան մեջ դարձա 13 տարեկան և ոչ մի անգամ բակ չիջա։ Միայն երեկոյան՝ միայնակ զբոսնելու։

Դարձա 14 տարեկան, և մենք կրկին տեղափոխվեցինք։ Ես կարծես եկել էի իմ հին տուն, նորից գտա լավ ընկերներ, իմ հասակակիցների հետ ամեն օր խաղում էինք իմ խաղերը։ Ինձ թվում էր՝ գտա կիսատ թողած խաղերիս շարունակությունները։

Հիմա մի բանից եմ վախենում․ 15-ամյակս նոր տան մեջ չլինի։