marieta baghdasaryan

Ամեն ինչ այլ կլիներ

Չեմ սիրում խոսակցություններ լսել, բայց երբեմն խանութի հերթերում, դպրոցի ճանապարհին ու երթուղայինում որոշ խոսքեր միանգամից ականջներիս ստիպում են լսել, լսել մարդկանց կյանքին ու առօրյային առնչվող որոշ դրվագներ, մտածել դրանց շուրջ ու ինչ-որ բաներ հասկանալ:

Մետրոյի կանգառի աղմուկի մեջ երկու կին՝ ծանր տոպրակները ձեռքներին, հոգոց հանելով խոսում էին․

-Մի երկու տոպրակ ոնց լցվեց արագ, տենց արագ էլ դրամապանակս դատարկվեց, անտեր ռուբլին ընկավ, մարդ չգիտի՝ էլ ինչ անի։

-Հա, իրոք, մի ամբողջ ամսվա աշխատանք լցնում ենք տոպրակները, մի քանի օրում պրծնում ա, գնում, մեզ էլ մնում ա անհանգստությունը:

-Հազար եմ ասել, ա՛յ տղա, արի հետ, ընտանիքիդ կողքին եղի, երեխեքիդ մեծանալը տես․․․ Է՜հ, տեսնես՝ կգա՞ մի օր, որ մեր երկու երնեկն էլ մի տեղ կլինի․․․

Պարզից էլ պարզ էր, որ արտագնա աշխատանքի մասին էին խոսում։

Մի քանի օր անց երեկոյան միացնում եմ հեռուստացույցը, մի ալիքով՝ տնտեսական աճ, մյուսով՝ բանակ, սիրիահայեր, արտագաղթի բարձր ցուցանիշ և այլ թեմաներ։ Անջատում եմ ու գնում պատուհանի մոտ: Նայում եմ դիմացի չորսհարկանի շենքի լույսերին, ախր, անցած տարի բոլորը վառ էին: Իսկ հիմա, առաջին հարկի բնակիչները տեղափոխվեցին Ռուսաստան, երրորդում ապրողները վաղուց վաճառել են ամեն ինչ ու տեղափոխվել Երևան, իսկ բակում խաղացող երեխաների աշխուժությունը շուտվանից նախկինը չէ: Զանգում եմ ընկերուհուս ու զգում ձայնի տխրությունը, եղբայրը նորից մեկնում է արտերկիր՝ աշխատելու, ու ինքն էլ տխրել է, որովհետև կկարոտի:

Շաբաթ-կիրակիներս ավարտվում են տատիկիս ու պապիկիս հետ «սքայփով» զրուցելով, ու ինձ համար էս ամենի ամփոփումը միշտ երեկոյան էդ ժամին է գալիս, երբ հասկանում եմ՝ ինչ բարդ է ապրել հարազատներից հեռու: Մարդիկ, անտեսելով բազմաթիվ դժվարություններ, հեռանում են: Մեկը՝ ժամանակավորապես, մյուսը՝ մշտական, դե, ոնց երգում է ասվում՝ օտար ափերում բախտ որոնելու:

Ինչքան ուրիշ կլիներ ամեն ինչ, եթե չլիներ արտագաղթը: Մեր բակն առաջվա պես ակտիվ ու աշխույժ կլիներ, մետրոյի աղմուկի մեջ մի քանի հոգոց երևի պակաս կլիներ, դիմացի շենքի լույսերի հատուկենտությունը չէր լինի, ու ես էլ երևի «սքայփ»-ով զրույցների փոխարեն շախմատ կխաղայի պապիկիս հետ երեկոյան:

Ու չնայած մարդիկ, նրանց խոսակցությունները, հոգսերն ու ձգտումներն այդքա՜ն տարբեր են, նրանք երբեմն այնքան նման ու ընդհանուր իմաստ են թաքցնում․ մետրոն, լույսերը, բակն ու «սքայփը»։