Ani avetisyan

Ամեն ինչ ու ոչինչ

Գրում էի, որ սովորական առօրյան գոնե դպրոցում կփոխվի. նոր կիսամյակում նոր ձևով ենք դասերն անելու: Հետո ջնջում եմ գրածս: Մեկ շաբաթն էլ հերիք էր, որ անսովորը սովորական դառնա: Գրում եմ, որ առօրեականության մասին չեմ ուզում գրել, բան էլ չկա գրելու: Հետո ՝ եթե Մաթևոսյանի հերոսներից մեկին գոնե կողքիս ունենայի՝ կգրեի թեկուզ ամենասովորական առօրյայի մասին: Նորից ջնջում եմ. Մաթևոսյանն էլ իր հերոսներին մեզնից էր վերցրել, նրանց մասին գրելու համար իմ մեջ մի քիչ Մաթևոսյան պիտի լիներ:

Գրելը, լավ գրելն էլ ամեն մարդու համար չէ: «Թթու թան չի»՝ կասեին մեծերը: Բայց ես թթու թան էլ չեմ սիրում: Դա էլ գրել-չգրելու հետ կապ չունի, ուղղակի:

Գրում էի, որ որոշել եմ մի քիչ շատ գրել, չէ, ավելի ճիշտ՝ չջնջել կամ չպատռել գրածներս: Նրանք, որ ոչ մեկին կարդալու չեմ տալիս: Բայց դա էլ ջնջեցի:

Մեկ- մեկ էլ թղթերն եմ ափսոսում, որոնց վրա այդքան գրում-ջնջում եմ, դրանց համար ծառեր են կտրվում, չէ՞։ Անխիղճ եմ, բայց ինչ արած, համակարգչով «գրել» չեմ սիրում։ Հա, համակարգչով գրել չի էլ լինում․հավաքել , շարել կամ նման մի բան, բայց գրել գրիչից բացի ոչնչով չի լինում։

Գրում էի, որ նյութերի համար թեմա գտնելը մեզ համար բարդ «պարտականություն» է դարձել, բայց շատերն էին նույն թեմայով գրում: Ամենահեշտը գրելն է, որ ոչինչ չկա գրելու, այդ մասին էլ չգրեցի։

Հիմա էլի ոչնչի մասին եմ գրում, ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր ու ամենաձանձրալի ոչնչի, որն ի տարբերություն մնացածի՝ կա ամենուր։ Երբ աշխարհում ամեն բան դադարի լինելուց՝ ոչինչը կմնա, կամ, կմնա ոչինչ։ Ուրեմն ինչու՞ չգրենք ամենատարածված երևույթի մասին։

Հետաքրիր է, չէ՞։

Գիտեմ, շատերը կասեն՝ չէ։ Բայց ես գրեցի։