duxik

Ամեն ինչ փոփոխվել է

Ցուրտ, անարև, ձյունաշատ ձմեռվանից հետո էլ ի՞նչ կարելի է ցանկանալ, եթե ոչ տաք ու արևոտ գարուն: Բայց երբ տնից դուրս ես գալիս կամ պատուհանից դուրս ես նայում ու տեսնում ես ցեխ, ձյուն կամ անձրև, սառնամանիք ու միապաղաղություն, գարնան մասին սպասումներն ու դրա հետ կապածդ հույսերը հօդս են ցնդում: Կամ երբ ամեն առավոտ վախով մոտենում ես պատուհանին ու հույս տածում, թե ուր որ է արևոտ ու պարզ եղանակ կտեսնես, դեմ ես առնում մի գորշ ամպամած օրվա: Դա էլ հերիք չէ, 1-2 ժամից սկսում է ձյուն տեղալ: Բայց դե մի կողմից էլ ամեն ինչից շատ ենք, է, բողոքում: Հա, բայց ո՞նց չբողոքենք, է:

Անցյալ տարի գարունն էնքան շուտ եկավ, որ նեղվում էինք, թե ինչի՞ ձյուն քիչ եկավ, կամ թե` ինչո՞ւ պիտի ամբողջ ձմեռ ցեխի մեջ անցկացնենք: էս տարի էլ համարյա թե նույն խայտառակ վիճակն է, մի տարբերությամբ, որ հիմա արդեն բողոքում ենք, թե ինչի գարունն ուշացավ, ու թե ինչի պիտի էսքան ձյուն գա: Հեսա ամառն էլ որ գա, բողոքելու ենք, թե հերի՞ք չի, էսքան տոթ ու արև կլինի՞, որ մենք տեսանք: Ու շատ էլ տեղին կանենք, որ կբողոքենք: Աշխարհում ամեն բան տակն ու վրա է եղել: Ոչ արևից ու քամուց է լինում բան հասկանալ, ոչ անձրևից ու ձյունից: Տեսնես էդ ի՞նչ եկավ ու էսպես խեղաթյուրեց աշխարհն ու բնությունը: Ամեն բան քիչ-քիչ փոփոխվում ու խառնվում է իրար: Տեսնես՝ հիմա, որ մուլտֆիլմ նկարեն, արջը քանի՞ ամիս պիտի քնի՝ երե՞ք, թե՞ վեց, կամ մի քիչ էլ շատ: Էդ խեղճ կենդանին քնում էր, որ ցուրտ եղանակն անցներ, գարունը բացվեր, վեր կենար տաքանար, մի քիչ էլ պաշար հավաքեր, հիմա վեր կենա, որ ի՞նչ անի: Հիմա էդ խեղճն էլ է շիվարել մնացել, չգիտի՝ վե՞ր կենա, թե՞ քնի, ախր, ոչ մեկը հստակ չի ասում՝ գարունը երբ կգա:

Չգիտեմ՝ ինչքան էսպես կշարունակվի, բայց արդեն կամաց-կամաց հասկանում եմ, որ օրգանիզմս էլ է հոգնում ու փոփոխության ենթարկվում էս ամենից: Չտեսնված կանաչ ու արևոտ գարուն եմ ուզում, գոնե մի ամիս…