Ամսվա վերջում ամենասպասվածը` աշխատավարձը

Փոքր ժամանակ բոլորս էլ երազել ենք տիեզերագնաց, բժիշկ, զինվոր, ուսուցիչ, վարորդ դառնալ: Իմը տիեզերագնացն էր: Սակայն տարիներն անցան, մանկությունը մնաց անցյալում` իր հետ տանելով տիեզերագնաց դառնալու ցանկությունը: Եվ հիմա, երբ կարելի է ասել, որ մասնագիտության հարցում կողմնորոշվել եմ (եթե չհաշվենք, որ պարբերաբար այն փոխելու մտքեր են առաջանում), որոշեցի մասնագիտությանս վերաբերող հարցերի մասին առավել խորը մտածել: Նախկինում միշտ մտածում էի, թե ինչու պապս գիշեր ու զօր վարելով մեքենան` ստանում էր զգալի չափով պակաս աշխատավարձ, քան նրա ղեկավարները, և ինչպես ինքն էր ասում` «նաչալնիկ-բեզդելնիկները»: Վերջիններս ստիպված չէին գիշերները արտաժամ աշխատել, արձակուրդի չգնալ (ի դեպ, տարվա մեջ ամենամյա արձակուրդից չօգտվելը համարվում է օրենքի խախտում, էս ուղղակի, իմանանք, էլի), որպեսզի բավարարեին իրենց ընտանիքի պահանջները: Եվ հիմա հարց է առաջանում` ինչպե՞ս է այսպես ստացվել:

Սկսենք ամենասկզբից.

Պապս չի էլ ավարտել 9-րդ դասարանը, և երբ հարցնում եմ` ինչու, նա միշտ պատասխանում է, որ նեղ ժամանակներ էին, դաշտերում աշխատելը ավելի օգուտ էր բերում, քան անհասկանալի գրքեր կարդալը: Նաև նշում է, որ նույնիսկ ավարտելու դեպքում շատերին չէին թողնում գնալ Երևան, թուղթ չէին տալիս, փոխարենը՝ առաջարկում էին կոմբայնավար, տրակտորիստ կամ վարորդ դառնալ: Իսկ միևնույն ժամանակ, կային մարդիկ, ովքեր շարունակեցին կրթությունը, մասնագիտացան այնպիսի ոլորտներում, որտեղ լուրջ մասնագետ դառնալը պահանջում էր հսկայական էներգիա (այս դեպքում, ավելի շատ մտավոր, քան ֆիզիկական), ինչպես նաև ֆինանսական ներդրումներ, իսկ ամենակարևորը` «մարդկային կապիտալի» առաջացումն էր: «Մարդկային կապիտալ»-ը ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պահանջներին համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կարողությունների ամբողջությունն է, որն ապահովում է բարձր արտադրողականություն: Կարճ ասած, աշխատանքի շուկայում կարևորություն է տրվում արտադրողականությանը: Այսինքն, տվյալ աշխատանքը ինչ օգուտ է բերում: Օրինակ, բանվորները 20 օրում կարող են ավարտել վերանորոգումը, իսկ նույն ժամանակահատվածում ծրագրավորողը կարող է այնպիսի ծրագիր գրել, որը հնարավորություն կտա կազմակերպությանը աշխատողների թիվը կիսով չափ կրճատել: Ակնհայտ է, որ ծրագրավորողի աշխատանքը առավել ձեռնտու է, իսկ վերանորոգումը կարող է սպասել:

Երկրորդ կարևոր «տարբերակիչը» նախկինում կատարված ֆինասնական ծախսերն են: Դատավորը, բժիշկը մինչև մասնագետ դառնալը հսկայական ժամանակ, գումարներ են ծախսել, որն էլ պիտի փոխհատուցվի:

Հաջորդը՝ տվյալ ոլորտում առկա մրցակցությունն է: Էլի օրինակ բերեմ: Հավաքարար կարող ենք դառնալ յուրաքանչյուրս և բայց նյարդաբան…

Հավաքարարների ոլորտում մրցակցությունը կարելի է ասել, կատարյալ է, այսինքն, կան բազմաթիվ աշխատողներ և գործատուներ, ու այստեղ աշխատավարձի չափը որոշվում է աշխատանքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցության շնորհիվ:

Այս ոլորտը, ինչպես և մնացածները, ունեն «անարդարություններ»: Ասվածի վառ օրինակ է մարդկային տաղանդը, որը որոշ դեպքերում անհամեմատելի բարձր է գնահատվում: Երաժիշտը մեկ երգ կատարելով կամ հայտնի նկարիչը կտավը աստղաբաշխական գումարով վաճառելով` կարող են հսկայական եկամուտ ստանալ: Իսկ պապս պետք է տասնյակ տարիներ շարունակ մեքենա վարի, որ դրա կեսը վաստակի…

Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ձեր աշխատավարձը բարձրացրել են, սակայն միևնույն ժամանակ, թանկացել է մթերքը: Ինչպե՞ս հասկանանք. մենք օգտվեցի՞նք, թե՞ հակառակը: Սրա համար տարբերենք իրական և անվանական աշխատավարձերը: Անվանականը այն գումարն է, որն աշխատողը ստանում է: Սակայն տնտեսագետներին իրականում չի էլ հետաքրքրում` դուք ինչքան եք ստանում, այլ հետաքրքիրն այն է, որ գների ու ձեր աշխատավարձի փոփոխությունը ունեցե՞լ է արդյոք դրական ազդեցություն թե` ոչ: Հենց այստեղ էլ օգնության կգա իրական աշխատավարձը, այն հաշվվում է այսպես` W/P, որտեղ W-ն անվանական աշխատավարձն է, իսկ P-ն սպառողական զամբյուղի (մեկ ամսում մարդու գոյատևելու համար անհրաժեշտ բարիքների ամբողջությունը, այն հաստատում է կառավարությունը) գինը: Եվ եթե իրականը ավելի մեծ է լինում քան նախորդ անգամ, ուրեմն հանգիստ կարող ենք պլանավորել հավելյալ հանգիստ` օրինակ զով Սևանում…