Ամփոփում ենք

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

-Իսկ եթե էս տարի տոնածառ չդնե՞նք,- ասաց մայրիկս, երբ մտա սենյակ: 

-Բայց ինչի՞,- զարմացած հարցրեցի ես:

-Դե, բա էլ ե՞րբ եք դնելու, արդեն դեկտեմբերի 30-ն ա: Քիչ հետո խանութ ենք գնալու, կարելի ա էդ մեր մեծի փոխարեն մի հատ փոքրն առնել:

-Է~,- միանգամից դժգոհությունս հայտնեցի ես,- չէ, ես համաձայն չեմ: Ես եմ դնելու, կդնեմ մերը, բայց վաղը:
Վերջերս, ինքս ինձ համար ավանդույթ եմ դարձրել` տոնածառը միշտ դեկտեմբերի 31-ին եմ դնում, ինքս էլ չգիտեմ, թե ինչու:

-Լավ,- ժպտաց մայրիկս,- խանութ կգա՞ս մեզ հետ:

-Հա, իհարկե,- ուրախ համաձայնեցի ես ու գնացի պատրաստվելու: Ես սիրում եմ ամանորյա անցուդարձը: Նախատոնական իրարանցումը ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բան ունի իր մեջ: Բոլորի երկար ցուցակները, խառնված դեմքերն ու լիքը զամբյուղները և՛ նույնացնում են մարդկանց, և՛ մի քիչ վախեցնում, քանի որ թվում է, թե բոլորը պատրաստվում են աշխարհի վերջին կամ այլմոլորակայինների հարձակմանը: Խանութների փեղկերը գեղեցիկ զարդարված են, և դրանցով հիանալուն խանգարում են միայն դրանց շուրջը հավաքված մի խումբ սելֆի անողները: Սպիտակ հեքիաթ հիշեցնող փողոցով քայլում են մարդիկ, ովքեր քայլում են շտապելով, երևի իրենց տոլմայի ու բլինչիկի մասին մտածելով, և միայն երեխաների աչքերում կարելի է տեսնել մի արտասովոր փայլ, Ձմեռ պապիկի սպասում ու հրաշքի կատարման ակնկալիք:
Խանութում անասանելի շատ մարդ կա: Իրար հրմշտելով, իրար զամբյուղների մեջ նայելով ու փորձելով միմյանց չկորցնել, նրանք շարժվում են առաջ՝ դեպի մյուս բաժին: Խանութում հնչում է հաճելի ամանորյա երգ, որը, ցավոք, այդքան էլ չի համապատասխանում տիրող իրավիճակին: Գնումները կատարելուց հետո մենք կանգնեցինք «ծովից ծով» հերթերից մեկում: Հերթի սկիզբը չէր երևում, իսկ վերջն ավելանում էր ու ավելանում: Մեր դիմացը կանգնած էր մի երիտասարդ ընտանիք:
-Պա՛պ, հլը տես ի~նչ կոնֆետ ա,- լսվեց նրանց փոքրիկի ձայնը:
-Հա, բալես, տանն ունես սրանից, չէ՞,- հայրը ժպտաց, քանի որ հերթի երկու կողմից մարդիկ նայում էին իր տղային:
-Իմն ուրիշ ա, էս ավելի մեծ ա,- հիացած ասաց երեխան:
-Հետո սրանից էլ կառնենք քեզ,- ասաց հայրն, ու երեխան լռեց՝ շարունակելով նայել կոնֆետին:
Քիչ անց, երբ հերթը մի փոքր առաջ գնաց, նորից լսվեց արդեն բոլորիս ծանոթ ձայնը.
-Պա՛պ, տես ի~նչ կոնֆետ եմ գտել… Ընտի~ր:
-Սրանից էլ կառնենք քեզ, բալես: Էսօր չէ, հետո կառնենք:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Երեխան նորից լռեց: Նա շարունակեց հիացած նայել շոկոլադին՝ կարծես նայում էր եգիպտական բուրգերին կամ մի այլ հրաշալիքի: Ինձ համար շատ ուրախալի էր, որ երեխան հոր խոսքերից հետո լաց չեղավ ու չպահանջեց գնել կոնֆետը, այլ համաձայնեց գնել այն հետո: Նրա հավանած ընտիր կոնֆետը ուներ շատ գեղեցիկ տուփ, երևի հենց դա էլ «ընտիրության» պատճառն էր: Հաճախ, այդպիսի կոնֆետներն այդքան էլ համեղ չեն լինում, չնայած, որ դրանց գները միջինից բարձր են լինում: Ես մտածում էի կոնֆետների մասին, քանի որ և՛ սխալ էի համարում գցել մեծ նոր տարվա սեղան, բայց չգնել կոնֆետ երեխայի համար, և՛ հասկանում էի ծնողների՝ այդպես վարվելու պատճառը: Մտքերով տարված՝ ինքս էլ չհհասկացա, թե ինչպես հասավ մեր հերթը: Շուտով դուրս եկանք խանութից ու վերադարձանք տուն:
Հաջորդ օրը ես անցա տոնածառը դնելու կարևոր գործին: Մեր 2 մետրանոց տոնածառը պետք է դնել զրոյից, քանի որ նրա ճյուղերն առանձին են, և պետք է դրանք հատ-հատ ամրացնել հատուկ ձողին: Ես դասավորեցի ճյուղերը, բերեցի ձողը և երբ ուզում էի այն կանգնեցնել, տեսա, որ պահող չորս տոտիկները տոնածառի տուփի մեջ չեն: Ես բոլորին հարցուփորձ անելով գնացի այն սենյակ, որտեղ մյուս եղանակներին «ապրում է» մեր տոնածառը: Երկար որոնումներից հետո ես գտա երկու տոտիկ, հետո՝ ևս մեկը, սակայն չորրորդն այդպես էլ չէր երևում:
-Գտա՞ր,- հարցրեց մայրիկը՝ ներս մտնելով:
-Մնաց մի հատը գտնեմ:
-Դե շատ ժամանակ մի՛ ծախսիր դրա վրա, կարելի ա տոնածառ չդնել:
-Չէ, պիտի դնենք,- ասացի ես, շարունակելով փնտրտուքներս: Ես շատ էի ուզում դնել այն: Տոնածառը Նոր տարվա ամենավառ սիմվոլներից մեկն է: Ամեն մի խաղալիք ունի իր պատմությունն ու հիշողությունը: Ամեն անգամ, երբ տոնածառի լույսերն եմ դնում, հիշում եմ, որ երբ զարմիկս 4 տարեկան էր, ասում էինք, որ երբ ասի՝ «Լույսե՛ր, վառվեք», դրանք կվառվեն, ու երբ ասի. «Լույսե՛ր, անջատվեք», դրանք կանջատվեն: Նա զգուշորեն մոտենում էր տոնածառին, հիացած նայում լույսերին ու հրամայում դրանց անջատվել: Մենք արագ անջատում էինք: Նրա դեմքին լայն ժպիտ էր հայտնվում, և նա հրամայում էր, որ լույսերը վառվեն: Մենք միացնում էինք լույսերն, ու նա ուրախ ծափ էր տալիս: Հիշում եմ այս պատմությունն, ու դեմքիս ժպիտ է գալիս:
Մի պահ ես հասկացա, որ չնայած 17 տարեկան եմ, միևնույն է, տոնածառը ինձ անհրաժեշտ է, որպեսզի զգամ ամանորյա տրամադրությունը լիարժեքորեն: Ես վերադարձա տոնածառի մոտ, որ ևս մեկ անգամ փնտրեմ տոտիկին՝ տոնածառի ու խաղալիքների տուփերի մեջ, երբ պապիկս ասաց.
-Հիմա մի բան կմտածենք, երեք ոտքն էլ լավ է:
Ես ժպտացի, ու մի քանի րոպեից պապիկը լուծում գտավ: Նա տոտիկին փոխարինող հենակ գտավ և տոնածառը ամուր կանգնեցրեց: Մենք սկսեցինք զարդարել այն: Ամեն մի խաղալիք կախելիս հիշում էի, թե ինչպես ենք գնել այն: Օրինակ, Ձմեռ պապիկին, ձնեմարդուկին ու պինգվինին, որ կարծես նստած են սառցե խորանարդի վրա, գնել ենք վերջերս: Մտանք խանութ, որ հագուստ նայենք, սակայն չդիմանալով խաղալիքների գեղեցկությանը, գնեցինք նրանց: Հիշում եմ նաև հայրիկիս տված մի խաղալիք, որին ես անչափ սիրում էի, սակայն, ցավոք, այն կոտրվել է: Խաղալիքը դեղնավուն գունդ էր, վրան՝ Սպիտակաձյունիկի ընկերները՝ յոթ թզուկները, որոնք տոնածառն էին զարդարում՝ միմյանց խաղալիքներ փոխանցելով: Ջերմ հիշողություններով լցված դրեցինք փայլերն, ու մնաց անցկացնել լույսերը: Ես որոշեցի ստուգել դրանք մինչ անցկացնելը: Միացրեցի ու տեսա, որ կապույտ գույնը լավ չի վառվում, սակայն դեղինը, կարմիրն ու կանաչը լավ աշխատում են: Ես տարա այն հայրիկիս մոտ, որ տեսնի ինչ խնդիր է: Մենք գտանք պոկված մասը: Ես օգնեցի, որ կպցնենք այն, և երբ վերջացրեցինք, ստուգելու համար միացրեցինք, բայց հիմա էլ աշխատում էր միայն դեղինը: Մենք կարծեցինք, որ սխալ ենք արել միացումը, բայց ես տեսա, որ լույսերը մի քանի տեղից պոկվել են: Ես մտածեցի, որ կարելի է ժամանակավոր անցկացնել միայն դեղին վառվող լույսերը, սակայն մինչ հասա տոնածառի մոտ, նրանք էլ որոշեցին միանալ իրենց ընկերներին և նույնպես դադարեցին աշխատել:
-Ստացվե՞ց,- հարցրեց մայրիկը, մոտենալով տոնածառին:
-Շա~տ լավ սարքեցինք,- ասացի ես, ու հայրիկի հետ ծիծաղեցինք:
-Արդեն կիսափչացած էին: Վաղն ուրիշ լույսեր կառնենք,- ասաց հայրիկս:
Հաջորդ օրը մենք նոր լույսեր գնեցինք: Այժմ դրանք փոխում են իրենց գույները, լուսավորում մութ սենյակն ու տալիս ինձ անսպառ ամանորյա տրամադրություն:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Ես կցանկանամ, որ «Նոր տարի» ասելով մարդիկ մտածեն ոչ թե ուտելիքների, ծախսի, ցրտի, «ներկա» ստանալու համար հյուր գնալու մասին, այլ հիշեն, որ այս տոնը ընտանեկան է, լի ջերմությամբ ու գեղեցկությամբ: Եկե՛ք գոնե հաջորդ տարիներին դիմավորենք ու անցկացնենք Նոր տարին մանուկների պես մաքրությամբ, միամտությամբ, հավատով ու հույսով լի, անկեղծ սիրով ու բարությամբ: Եկե՛ք մենք էլ ամանորյա գիշերը պահենք երազանք ու հավատանք, որ այն անպայման կիրականանա, չէ՞ որ երբեմն երազանքներն իրականանալու հատկություն ունեն: