taguhiHovhannisyan

Այդպես էլ կարուսել չնստեցի

-Կարուսե՜լ, ուխ, հավե՜ս, ուզում եմ նստել…

Այսպես մոտենում ենք կարուսելին, գնում տոմս, և ահա, կարուսելը բարձրանում է: Ոչ մի դժվար բան չկա, կամ այդպես թվում է: Կարուսել, որը սիրում են անկախ տարիքից ու մտածելակերպից: Որը մանկության խորհրդանիշն է: Բայց կարո՞ղ եք պատկերացնել, որ «կարուսել» բառը ինչ-որ մեկի համար նույնիսկ մղձավանջ է։

Կան մարդիկ, որոնց համար կարուսել նստելը մաթեմատիկայի դժվարագույն խնդիր լուծելուց էլ բարդ է կամ թերևս անհնար… Ես ուզում եմ խոստովանել, որ ես այդ մարդկանցից մեկն եմ: Դե, տեսքիցս հեչ չի երևում, որ ես կարող եմ նման տեսակի վախ ունենալ՝ վախ կարուսելից։ Չգիտեմ՝ նման վախը ինչ գիտական անուն ունի, բայց ես իսկապես վախենում եմ կարուսել նստելուց: Չեմ կարող բացատրել զգացողություններս, դրանք շատ ցաքուցրիվ են ու հակասական: Կարծես «Կարապն ու խեցգետինը» պատմությունը լինի: Մի կողմից նստելու և այդ վախը հաղթահարելու ցանկությունն է, մյուս կողմից՝ այդ չհիմնավորված ու ծիծաղելիորեն ամուր վախն է: Ամեն մեկը ինձ իր կողմն է քաշում: Չգիտեմ, կանգնել ու մնացել եմ մեջտեղում: Ախր, այնքա՜ն գեղեցիկ է ու գունավոր, այնքա՜ն եմ նախանձում այն մարդկանց, ովքեր վայելում են չվախենալու հաճույքը: Ես մտովի նստում եմ այն, հա, հենց այն ամենաբարձր կարուսելը և րոպեներ անց հայտնվում ամենավերևում։

Գուցե հենց բարձրն է խանգարում։ Գուցե ես էլ վախենում եմ բարձրանալո՞ւց, այլ ոչ թե հենց կարուսել նստելուց։