amalya harutyunyan

Այդպես էլ չտարավ

Չըխկ, չըխկ, վերջապես գիշերվա ժամը 3-ն անց է: Փակ կոպերս բացում եմ ու հետ գցում վերմակը, սկսում եմ ամբողջ տան մեջ քայլել ու հագուստս փնտրել:
Գնում ենք, վերջապես գնում ենք, հավերժություն թվացող մի քանի ժամը անցյալում է, մեզ հիմա սպասում է Ղարաբաղը:
4 ժամ պետք է ճանապարհ գնանք, ամեն անգամ ուժեղ հարվածում եմ ինձ, կամ լայն բացում կոպերս, որ համոզվեմ` երազ չէ, մենք իրոք գնում ենք եղբորս տեսնելու:
Երբ խոսքը գնում է զինվորների մասին, ես արդեն ես չեմ, ես դառնում եմ նրանց վահանը, կամ զենքն ու զրահը: Երբ խոսքը իրենց մասին է, ամեն ինչ այլ է, ամեն ինչ խրոխտ է, ամեն ինչ ուժեղ է:
Ու ճանապարհին մտածում եմ, թե տեսնեմ եղբորս, ինչպես եմ ողջունելու, թե ինչպես է իր երդումը տալու, մտածում եմ, ու այնքան լավ զգացողություններ են առաջանում, սկսում եմ ինձ հպարտ զգալ, շատ հպարտ:
Երբ քնում ենք և հանգիստ մեր գլուխները դնում բարձին, ինչ-որ մի տեղ, ինչ-որ սարերի կենտրոնում բազմաթիվ կանաչ ու շագանակագույն հագած երիտասարդներ պայքարում են հենց մեր հանգիստ քնի համար: Երբ մեզ համար հրավառությունը երկնքում ժայթքող գունավոր լույսերն են, նրանց հսմար հրավառությունը թնդանոթի համազարկն է: Երբ մեզ համար կոնֆետը ամենօրյա ուտելիք է, նրանց համար տոն օրերի նվեր, երբ մեզ համար Հայաստանը ուղղակի Հայաստանն է, նրանց համար իրենց արյունով պահած ու պահվող հայրենիքն է:
Երբ հասանք տեղ, մեզ մի քանի կիլոմետր էր բաժանում թշնամուց, մի սար, և նրանք էին, իսկ եղբայրս ինձնից հեռու էր ընդամենը մետրեր:
Չզգացի, թե ինչպես, բայց վազեցի ու հայտնվեցի հրապարակի ատաջամասում:
Սկսվեց երդման արարողությունը, փշաքաղվեցի, սիրտս սկսեց ինչ-որ հայրենասիրական ռիթմերով բաբախել: Այստեղ ամեն ինչ այլ է, այստեղ օդը բուրում է հայրենասիրությամբ, ծաղիկը ծաղկում է զինվորի ձեռքով ջրած ջրով, հողը զգում է զինվորների խրոխտ քայլքը:
Մի պահ սառեցի, երբ զինվորները սկսեցին երգել «Ախպերս ու ես» երգը: Սարսուռ զգացի, չկարողացա ոչինչ անել, միայն լսում էի, լսում էի` երգի չվերջանալու ակնկալիքով:
Իսկ հետո, երբ վերջապես հնարավորություն ունեցա գրկել եղբորս, րոպեներով բաց չէի թողնում: Ախր, կարոտը մի քիչ շատ էր, բայց սա ուրիշ կարոտ է, հպարտ կարոտ:
Դեռ 25 օր է անցել ընդամենը, դեռ 705 օր էլ ունեմ սպասելու, իսկ ես հպարտ կսպասեմ, չէ որ հիմա ինձ համար  կոնֆետը հասարակ կոնֆետը չէ, հրավառությունը մեր հրավառությունը չէ, և Հայաստանս ուղղակի Հայաստանը չէ:
Գնալուց առաջ ամբողջ մի շաբաթ եղբորս հետ տունն էի, հագուստն էի արդուկում, կերակուր պատրաստում: Ասում էր.
-Ամալիկ, քեզ պիտի հետս տանեմ բանակ, որ շորերս արդուկես:
Չտարավ, ափսոս, այդպես էլ չտարավ: