lion chopikyan

Այդքան սպասված անձրևը

Դրսում շոգ եղանակ էր։ Մի տեսակ հոգնել էի այրող արևից։ Փողոցում շտապող մարդիկ փորձում էին ավելի արագ քայլել, որպեսզի չհալվեն ու միաձուլվեն ասֆալտին։ Այն մարդիկ, ովքեր աշնանն ու գարնանը միշտ բողոքում էին արևից, հիմա ուղղակի երազում էին դրա մասին։

Հերթական մի առավոտ արթնացա անձրևի հաճելի ձայնից։ Սառը օդը լցվել էր սենյակ ու այն լցրել անձրևի անուշ, սառը բույրով։ Ժամանակ չկորցնելով դուրս եկա փողոց։ Անձրևի կաթիլները թափվում էին վրաս ու մոռացության տալիս անցած օրերի կիզիչ արևը։ Անհամեմատ հաճելի է բույրը անձրևից հետո։

Փողոցի մի անկյունում կանգնած հետևում էի, թե ինչպես էին անձրևի կաթիլները թափվում գետնին և հագեցնում հողի ծարավը։ Մարդիկ շտապում էին վայրկյան առաջ հասնել իրենց տները և քողարկվել։ Այնինչ ես ագահ մարդու նման կանգնել էի բաց երկնքի տակ և վայելում էի անձրևի սթափեցնող կաթիլները, միևնույն ժամանակ բոլորի հայացքներում որսում էի դժգոհություն և նախատինք։ Բայց չէ՞ որ երկինքը վատ բան չէր արել, ուղղակի մաքրել էր օդը, փողոցները, տերևները և ինչու չէ նաև մարդկանց հոգիները, որ լցված էին միայն դժգոհություններով։ Անձրևի պայծառ կաթիլները սկսեցին թափվել նոր ուժով, բայց արդեն տխուր։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում գեղեցկացած ու թարմացած աշխարհը նորից տխրեց։ Բայց ես շարունակում էի քայլել և ինձ վրա վերցնել անձրևի յուրաքանչյուր կաթիլ։

Տխուր էի, որ մարդիկ այլևս չեն սիրում այն, ինչ գնահատում էին առաջ։ Մարդիկ հեռացել են բնությունից, փակվել իրենց վանդակներում, մոռացել իրականի ու գեղեցիկի մասին։ Ախր բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել բնությունից։

Ես սիրում եմ անձրևը։ Հիմա նրան նայում եմ այն ակնկալիքով, որ այն կգա շատ երկար և ինձ մոռացնել կտա արևի այրող ցավը։