Այլընտրանքային էներգիա. «Ֆրի էներջի», և արևը ձեր տանն է

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Հարցազրույց «Ֆրի էներջի» կազմակերպության տնօրեն Արարատ Չոբանյանի հետ

-Ներկայացեք, խնդրում եմ, պատմեք Ձեր ծավալած գործունեության մասին։

-2012 թվականից զբաղվում ենք այլընտրանքային էներգիայով, այսինքն՝ ներմուծում, վաճառք և սպասարկում։ Մինչ այսօր կատարել ենք մի շարք իրարից շատ տարբերվող աշխատանքներ, և կարող եմ ասել, որ ամեն մի տեսակի այլընտրանքային էներգիայի նոր մոդել առաջինը մեր շուկայում կիրառում ենք մենք ինքներս։ Մոդելը հենց մշակել ենք տվյալ տեղին համապատասխան, ոչ թե ինչ-որ ստանդարտ մոդել ենք վերցրել ու դա իրականացրել։ Ամեն տեղին համապատասխան իր տեխնիկական հաշվարկներն են կատարվել, և դրանց համապատասխան՝ տեղադրվել է արևային համակարգը, որը մինչև այսօր գործում է։ Իրականում, շատ մեծ ոլորտ է, ու համարյա բոլորը մեկը մյուսից տարբերվում են, որովհետև ամեն մի նոր լուծում ստանալու համար անհատական մոտեցում է պետք։ Բավականին մեծ աշխատանք է կատարվում մինչև տեղադրումը, շահագործումը, ու իրականում արդյունքը կախված է հենց այդ ճիշտ գնահատումից։ Եթե նախնական գնահատման շեղումները գերազանցեն թույլատրելի սահմանը, հետագայում շատ ավելի մեծ խնդիրներ կարող են առաջանալ։

-Ինչպե՞ս է ստեղծվել «Ֆրի էներջին», և ո՞ւմն է եղել գաղափարը։

-«Ֆրի էներջի»-ից առաջ մենք հիմնադրել ենք մեկ այլ կազմակերպություն՝ «Արփի Սոլար»-ը, մինչև 2018 թվականի մարտ ամիսը աշխատել ենք այդ կազմակերպությամբ։ Եվ դրանից հետո ստեղծվել է «Ֆրի էներջի»-ն, և մեր հիմնական գործունեությունը արդեն իրականացնում ենք «Ֆրի էներջի» կազմակերպությամբ։ Իրականում, այդ ամենը ստեղծվել է զրոյից։ Շուկայում շատ քչերը գիտեին, թե ինչ է ընդհանրապես արևային էներգիան, կամ ինչ կարող է տալ արևային էներգիան Հայաստանի Հանրապետությանը։ Սկիզբը դժվար էր հենց այդ առումով, պետք է մարդկանց ենթագիտակցության մեջ նստեր այդ ամենը։ Քանի որ ներկայացնողը մենք էինք, պետք է ճիշտ ձևով ներկայացնեինք, որպեսզի մարդու համար ընկալելի լիներ։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ մեր շուկայում կար թերահավատություն այս ամենի հանդեպ։ Իհարկե, այդ թերահավատությունը ավելի շատ մարդկանց սոցիալական վիճակից է կախված։ Գնալով կարծրատիպերը կոտրվեցին՝ շնորհիվ, կարելի է ասել, մեր կատարած աշխատանքների: Բնականաբար այն, ինչը սկսում է զարգանալ, այն, ինչի մասին սկսում ենք շատ խոսել, ավելի շատ հասանելի է դառնում մարդկանց։

Աշխատում ենք հանրապետության բոլոր մարզերում, նաև Արցախում, այնտեղ էլ ունենք գրասենյակ, ներկայացուցիչ։ Այլընտրանքային էներգիան կիրառելի է ցանկացած տեղում, որտեղ օգտագործվում է տաք ջուր կամ էլեկտրաէներգիա, իսկ այնպիսի տեղ չկա, որ չօգտագործեն, հետևաբար արևային համակարգը կիրառելի է ամենուր։ 

Արևային համակարգերի զարգացմանը և տարածմանը նպաստեցին և շատ մեծ դեր ունեցան ֆինանսական կազմակերպությունների լավ առաջարկները, որոնք մեր շուկայում տարբերվում են մնացած առաջարկներից։ Եղել են ու այսօր էլ, իհարկե, գործում են առանձնահատուկ ֆոնդեր, որոնք չգազաֆիկացված համայնքներին տալիս են հնարավորություն՝ շատ ավելի ցածր տոկոսներով ձեռք բերելու արևային համակարգեր։ Եվ բնակիչների ամսական վճարումը այս համակարգերի տված խնայողությունից շատ ավելի ցածր գումար է կազմում։ Արդյունքում ունենում են արդեն անվճար էներգիա՝ դա կլինի ջերմային, թե էլեկտրական, էական չէ։ Եվ այս ծրագրերի շնորհիվ Հայաստանում բավականին մեծ զարգացում ստացավ արևային էներգիան: Շատ մեծ կազմակերպություններ իրենց ներդրումն են արել իրենց սեփական բիզնեսում, որովհետև հատկապես արտադրության մեջ շատ լուրջ խթան է անկախ էներգակիր դառնալը։ Նույնիսկ ավելցուկների դեպքում հնարավորություն կա դրանք վաճառելու պետությանը՝ էլցանցերին։ Իրավաբանական անձանց՝ արտադրողների դեպքում շատ կարևոր է, քանի որ արևային համակարգերի կիրառումը տվյալ կազմակերպությունում միանգամից զգալիորեն ազդում է ապրանքի ինքնարժեքի վրա։ Հույս ունեմ, որ այս տենդենցը գնալով ավելի մեծ տարածում կունենա։

-Իսկ գործունեության առաջին տարիներին ի՞նչ էիք արտադրում և որտե՞ղ։

-Իրականում ներմուծում ենք, ոչ թե արտադրում, բայց այնպես չէ, որ պատրաստի սարքավորում է ներմուծվում ու ստանդարտացված տեղադրում է կատարվում։ Հիմնականում բաղադրիչներն են ներմուծվում, և տվյալ նախագծին համապատասխան՝ կոմպլեկտավորումը մենք ինքներս ենք որոշում՝ տվյալ տեղում ինչն է համապատասխանում, ինչքան ներդրում է պետք անել։

-Բայց արտադրամասեր կա՞ն, որտեղ կատարվում են այդ աշխատանքները։norkharberd1

-Այսինքն՝ «Արփի Սոլարը» աշխատում էր անհատակա՞ն պատվերների վրա։

-Իհարկե, պատվերների հիման վրա ենք աշխատել, չենք արտադրել ու արտահանել մեկ այլ երկիր։ Այդ անհատական պատվերները կարող են լինել իրավաբանական անձանց, այսինքն՝ կազմակերպությունների համար, և կարող է լինել ուղղակի անհատի համար։

-Ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ ծրագրերով էիք ներկայացնում արևային համակարգերի անհրաժեշտությունը:

-Ցանկացած։ Շատ տպավորիչ բաներ են եղել սկզբնական շրջանում, խոսակցություններ, բայց, էսպես ասեմ՝ պայթյունը եղավ աշնան սկզբում, եթե չեմ սխալվում «Արմենիա էքսպո» ցուցահանդեսին։ Այս մասին շատ խոսելու հնարավորություն տվեցին հենց այդ ցուցահանդեսները, դրա համար տարվա մեջ ինչքան ցուցահանդես կար՝ անկախ այն բանից՝ բիզնեսը դրան ֆինանսապես պատրաստ է, թե ոչ, մենք պարտադիր մասնակցել ենք, որպեսզի ավելի շատ տեղեկացնենք մեր մասին։ Ու ամեն մի ցուցահանդեսի մի նորարարությամբ ենք հանդես եկել։

Առաջին ցուցահանդեսին, որին մասնակցում էինք, բոլոր եկողները առաջին անգամ էին տեսնում մեր ապրանքը, ու տաղավարում տասը հոգուց ավելի աշխատողները ուղղակի չէին հասցնում սպասարկել հետաքրքրվող մարդկանց։ Ցուցահանդեսները շատ են նպաստել մեր մասին ինֆորմացիայի տարածմանը, որովհետև մեր հայկական մենթալիտետը այդպիսին է․ մենք սիրում ենք ռեալ տեսնել, ձեռքով շոշափել, զգալ։

-Կարո՞ղ եք հիշել առաջին գնորդին։

-Ճիշտն ասած՝ միանգամից չեմ կարող հիշել, բայց կարող եմ ասել, որ առաջին հաճախորդները եղել ենք մենք ինքներս, որովհետև նախ մենք ինքներս ենք փորձել հասկանալ՝ ինչի հետ գործ ունենք, արդյո՞ք օգտակար է, նոր արդեն վստահ, համոզված՝ առաջարկել ենք մարդկանց։

-Հիմնադրման պահից մինչ այսօր ի՞նչ զարգացում է ապրել կազմակերպությունը։

-Երկրաչափական պրոգրեսիայով աճել է։ Ցանկացած տարին չես կարող համեմատել նախորդի հետ։ Աճն արդեն 100, 200 տոկոսն էլ է գերազանցում։ Շատ մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ դեռ առջևում է, որովհետև այսօրվա դրությամբ, ըստ Հայաստանի բնակչության թվի ու ընտանիքների թվաքանակի, մենք ապահովել ենք ընդամենը 5-7%-ը։ Այսինքն՝ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ եթե առանց տեղեկացված լինելու, առանց մանրամասն ինֆորմացիա ունենալու վերջին 5 տարվա ընթացքում այդ 5%-ը ապահովվել է, ապա առաջիկա 5 տարվա ընթացքում միանշանակ այդ թիվը պետք է առնվազն տասնապատկվի։

-Գյուղական համայնքների ծրագրերից կպատմե՞ք, ո՞ր համայնքներն են, որտեղ տեղադրված են արևային համակարգերը։

-Մեր փորձից կարող եմ ասել, որ Վարդենիսում (ընդհանուր Վարդենիս քաղաքը իր շրջակա գյուղերով), օրինակ, կարելի է ասել մոտավորապես 70% չափանիշ կա արդեն։ Կար մի ֆրանսիական ներդրման ֆոնդ, որն առանց հավելավճարների գումար էր տրամադրում մարդկանց արևային համակարգ ձեռք բերելու համար, իհարկե, այդ գումարի հետ վերադարձի պայմանով։ Երեք տարվա ընթացքում մարդիկ քիչ-քիչ վճարելով (առանց տոկոսի) այդ գումարը հետ են վերադարձնում։ Ցիկլը այնպիսին է, որ հետ վերադարձվելու արդյունքում, երբ մեկ համակարգի ներդրման արժեքն արդեն լինում էր այդ ֆոնդում կուտակված, նորից հաջորդը տեղադրվում էր։ Եվ այդ ֆոնդը երկու տարի առաջ սկսեց ընդամենը 5000 եվրոյից, եթե չեմ սխալվում, ջրատաքացուցիչ համակարգի 6 կամ 7 տեղադրում ենք արել։ Այսինքն՝ 6-7 ընտանիքից ենք սկսել, բայց այսօր այդ թիվը արդեն հարյուրը գերազանցել է հենց այդ ֆոնդի տված գումարով։ Եվ շատ ողջունելի են նմանատիպ նախագծերը, որովհետև այդ նույն հազար եվրոն իրենք կարող էին նվիրաբերել այդ ընտանիքին, որն էլ մի անգամ կծախսեր իր սոցիալական կարիքների վրա։ Իսկ այս դեպքում գումարը ներդրվել է ընտանիք և այդ ընտանիքից հետ է եկել, գնացել մեկ ուրիշ ընտանիք, ու բնականաբար, ցիկլը մեծացել է։ Եթե այն ժամանակ ամիսներով սպասում էինք, որ այդ վեց ընտանիքը ամսական իրենց երեք կամ չորս հազար դրամները վճարեն և ընդամենը ութ, ինը ամիս հետո այդ գումարը կուտակվի, դառնա ևս մեկ նոր համակարգի տեղադրում, այսօր արդեն ամեն ամիսը երեք, չորս համակարգի գումար է կուտակվում՝ հարյուր հաճախորդների հաշվին։ Դա շատ նպաստեց, որ այդ տարածաշրջանում զարգանա արևային էներգիան։ Մենք չենք խոսում սրա արդյունավետության մասին, չենք խոսում օգտակարության մասին, ֆինանսատնտեսական ոչ մի ներդրման մասին չենք խոսում, որովհետև դրա կարիքը չկա։ Ժողովուրդը արդեն մեզնից ավելի լավ գիտի, թե դա ինչ է, իրենք դա իրենց կենցաղում օգտագործում են ու իրենք են արդեն խոսում դրա մասին։ Երբ մի նոր գյուղ ենք մտնում առաջին տեղադրումն անելու համար, գոնե առաջիկա 10-15 օրը այդ գյուղը շատ ակտիվ է լինում։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ունեն այդ հնարավորությունը, միանգամից գնում են համակարգեր։ Ու կամաց-կամաց այդ գյուղերը հիմնականում դառնալու են 100% ծածկված արևային համակարգերով։norkharberd

-Իսկ քաղաքային համայնքներում ովքե՞ր են ձեր հիմնական գնորդները։

-Ցանկացած մարդ, ոչ մի խավի տարանջատում չունենք։ Ես չեմ կարող ասել, որ ընդամենը միջին և բարձր խավի մարդիկ են օգտվում այս համակարգերից։ Ընդհակառակը՝ նույնիսկ միջին ու միջինից ցածր խավերից թվաքանակով ավելի շատ հաճախորդ ունենք, քան միջին և միջինից բարձր խավերից։ Որովհետև այսօր դա տեղադրվում է մի կենցաղի համար, որը շատ մարդիկ չունեն և երբևիցե չեն էլ ունեցել։ Ու այսօր տրվել է հնարավորություն ընդամենը ամսական չորս, հինգ հազար դրամ վճարելով՝ ունենալ տաք ջուր։

-Իսկ բնակարանի համար պանելները որտե՞ղ են տեղադրվում։

-Հիմնականում տանիքում են տեղադրվում, ջրատաքացուցիչները կիրառելի են դառնում վերջին երեք հարկերի համար։ Իսկ ֆոտովոլտային պանելների մասով բոլորին էլ կիրառելի է, բայց մի նրբություն կա, որ պանելները շատ ավելի մեծ տարածք են պահանջում տեղադրման համար և, ենթադրենք, երեք մուտք ունեցող հինգ հարկանի շենքի բոլոր բնակիչների համար տանիքը բավարար չէ։

-Հայաստանում կա՞ն այնպիսի տարածքներ, որտեղ տարվա կտրվածքով արևային օրերն այդքան շատ չեն, ու կա՞ արդյոք ոչ բավականաչափ արևային էներգիա ստանալու խնդիր։

-Հայաստանում չունենք այդպիսի տեղ։ Այսինքն՝ Հայաստանի վատագույն տեղերը արևային ժամաքանակի առումով եվրոպական երկրների հետ համեմատելի թվեր չեն։ Հայաստանի ռեսուրսը շատ ավելին է։ Հազվագյուտ երկրներից ենք համարվում։ Մենք սովոր չենք ձմռան ամիսներին եռման աստիճանի ջուր ստանալու, բայց քանի որ այս տարվա ձմեռը ավելի նպաստավոր է, մարդիկ ունենում են այդ ցուցանիշը։ Եվ մարդիկ զանգում հարցնում են՝ նորմա՞լ է արդյոք 95°C ջուր ունենալ, թե ինչ-որ ուրիշ տեղից է տաքանում։ Դրա համար Հայաստանում չունենք այդպիսի տարածք, որը վատագույնը կլինի։ Վատագույն տարածքներից մեկը, օրինակ, Երևան քաղաքն ու Արարատյան դաշտավայրն են, եթե համեմատենք Գեղարքունիքի կամ Արագածոտնի մարզի հետ։

-Իսկ համակարգերը ինչպե՞ս են կառավարվում սպառողի կողմից։

-Տեխնիկական հարցերը բոլորը կառավարելի են։ Չկա մի տեսակ, որը չկարողանա հաճախորդի կարիքները բավարարել։ Ընդ որում կան մոնիտորինգային համակարգեր (հիմնականում ֆոտովոլտային համակարգերի դեպքում), որոնք հեռահար են։ Այսօր այդ սարքավորումներն ունեն ինտերնետին միանալու հնարավորություն, կարողանում ենք հավելվածը բացել, ու ցանկացած ժամանակ տեսնել՝ տվյալ պահին որ հաճախորդի մոտ ինչ է արտադրվում։ Եվ երբ հաճախորդը կապվում է մեզ հետ որևէ խնդրի դեպքում, հենց այդ մոնիտորինգի միջոցով միանգամից խնդիրը տեսնում ենք։ Սպասարկման հետ կախված զանգերի 80-90%-ը լինում են չիմացության պատճառով, որոնք հեռախոսով լուծելի խնդիրներ են։

-Քանի՞ իրազեկման կենտրոն ունեք և որտե՞ղ։

-Մենք ավելի շատ անհատական իրազեկման կենտրոններ ունենք, այսինքն՝ բոլոր մարզերում ունենք մեր ներկայացուցիչները, մեր գործընկերները թե՛ մարքեթինգային, թե՛ վաճառքի, թե՛ տեղադրումների և տեխնիկական մասով։ Որովհետև, երբ տվյալ տարածքում ունենում ես տեխնիկական մասնագետներ, դա տալիս է որոշակի առավելություն․ հնարավոր է լինում արագ սպասարկում իրականացնել։ Եվ դա նաև սոցիալական խնդիր է լուծում, որ թեկուզ ամեն մարզում առնվազն չորս կամ վեց հոգի ունենում են իրենց աշխատանքը, և կարիք չկա, օրինակ, Դիլիջանում տեղադրում անելու համար Երևանից մասնագետ ուղարկելու։ Իրենք անցել են մեր բոլոր թրեյնինգները, թրեյնինգից հետո ընտրվել են համապատասխան մարդիկ, որոնք բավարարել են գոնե մինիմալ չափանիշներին, անցել են փորձաշրջան մեր վարպետների հետ ու անցել են աշխատանքի։ 

-Արևային պանելները կյանքի տևողություն ունե՞ն։

-Այն ապրանքները, որոնք մենք ներմուծում ենք, շուկայից պատահական գնված ապրանքներ չեն։ Պանելների մասով գոյություն ունեն աշխարհի մակարդակով թոփ տասնյակ արտադրողներ։ Եվ միանշանակ աշխատում ենք այդ թոփ տասնյակի հետ և՛ ջրատաքացուցիչների, և՛ ֆոտովոլտային պանելների մասով։ Այսօր հնարավոր է մեկ կիլովատանոց արևային համակարգ դնել հազար դոլարով ու համակարգը տեղադրել 700 դոլարով։ Դրանից է կախված, թե տարեկան ինչքան կարտադրի, ինչքան խնայողություն կտա, ինչ օգտակար գործողության գործակից կունենա, ինչ ձևով է կատարվում տեղադրումը և այլն։ Ենթադրենք, տվյալ տարածքում տարեկան 1450 կիլովատ էներգիա պետք է ունենանք (ըստ ուսումնասիրությունների` 25 տարվա ընթացքում շեղումը 5% է), և տեսնում ենք, որ մեր շեղումը 15 կամ 20 տոկոս է, դա խոսում է հենց ֆոտովոլտային մոդուլի որակի, մաքրության, օգտակար գործողության գործակցի, տեխնիկական պարամետրերի մասին։ Եվ մենք ոչ թե միանգամից բերել ենք ու սկսել ենք տեղադրել, այլ բերել ենք, փորձարկել ենք, փչացրել ենք, իր հետ ամեն ինչ արել ենք, որպեսզի հասկանանք, թե մեր բնակլիմայական պայմաններում որն է արդարացված։

-Միջին վիճակագրական սպառողին քանի՞ տարի է ծառայելու արևային համակարգը։

-Միջին ընտանիքը անում է մոտ մեկուկես միլիոն դրամի ներդրում, այդ գումարից խնայողությունները հետ են գալիս ընտանիք մոտ հինգ տարի հետո, ինչից հետո ևս 20 տարի օգտվում է արևային համակարգից։ Այսինքն՝ 25 տարի գործարանային կենսագործունեության ժամկետ ունեն համակարգերը։ Այնպես չէ, որ 25 տարի հետո այդ համակարգը դեն են նետում։ Այն կարելի է թարմացնել ևս 10-15 տարի ժամկետով՝ ընդամենը ներդնելով սկզբնական գումարի 30 տոկոսը։isahakyan

-Ինչպիսի՞ն է համագործակցությունը Ձեր և պետության միջև։

-Անմիջապես կազմակերպության հետ կապված չկա։ Կան պետական ծրագրեր, որոնց անպայման մասնակցում ենք, օրինակ՝ վերջերս Թալին համայնքում։ Սերտ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի հետ, որի հետ մի շարք ծրագրեր ենք իրականացրել։ Դրանք այնպիսի ծրագրեր էին, որոնք սկզբնական շրջանից՝ խորհրդատվությունից սկսած՝ մինչև վերջ մենք ենք արել։ Ու այն արդյունքը, ինչը մենք սկզբում խոստացել էինք ծրագրերի պատասխանատուներին, որ կունենանք, միշտ ունեցել ենք, հիմնականում 10 տոկոսով էլ ավելի։ Օրինակ՝ դեկտեմբեր ամսին էլ արեցինք ծրագիր բոլոր մարզերում՝ 36 համայնքներում, B&B-ների (հյուրատուն) համար։ Պատկերացրեք, ինչ կարևոր է գյուղում գտնվող հյուրատան համար ունենալ արևային ալտերնատիվ էներգիայի աղբյուր։ Սեզոնին՝ տարվա մեջ մոտ 6-7 ամիս, հյուրատունը ընդունում է հյուրեր։ Բնականաբար, գյուղացու համար գերծախսը էլեկտրականությունն է ու գազը, քանի որ ուտելիքը հիմնականում ինքն է աճեցնում։ Այս համակարգերի տեղադրումից հետո գյուղացիների համար ջրատաքացումն ու էլեկտրաէներգիան դառնում է լրիվ անվճար։ Այս համակարգերը հնարավորություն են տալիս այդ խնայողությունները ներդնել ուրիշ բանի մեջ՝ իրենց բիզնեսը ավելի ընդլայնելու, բարելավելու, զարգացնելու։ Մի հետաքրքիր ծրագիր ունեցանք նաև Շիրակի մարզում՝ պետական հաստատություններում էինք տեղադրում համակարգը։ Այսպիսի մի նրբություն կա, երբ տվյալ պետական հաստատությունը ունենում է խնայողություններ, տարվա վերջում այդ խնայողությունները հետ է վերադարձնում բյուջե։ Երբ տեղադրում ենք արևային համակարգեր, բնականաբար, այդ հաստատությունները ունենում են տնտեսված գումար, որը պետք է ըստ օրենքի վերադարձնել բյուջե։ Արդյունքում ստացվում է այնպես, որ տվյալ տնտեսվարողը չունեցավ խնայողություն։ Կոնկրետ տնտեսվարողի համար ունենալ արևային համակարգ, թե ոչ, նույն բանն էր։ Այդ պատճառով էլ մենք մեր միջնորդությամբ, մեր մասնագիտական բացատրություններով փոխեցինք իրավիճակը։ Բարերարը տեղադրում է արևային համակարգ այն պահանջով, որ խնայված գումարը չի կրճատվելու, հետ չի վերադարձվելու։ Հակառակ դեպքում նա այդ ներդրումը չի անում։ Ենթադրենք՝ տեղադրել ենք ծերանոցում։ Անթիվ-անհամար այլ ծախսեր ու կարիքներ կան, որոնք կարող են լուծվել խնայված գումարի հաշվին։ Կառավարությունը ընդունեց, բարերարը ներդրումը կատարեց, և խնայողությունը մնաց տվյալ տնտեսվարողին՝ նպատակային օգտագործման համար։ Սահմանափակ կարողություններով երեխաների մանկատանն էլ ենք տեղադրել համակարգ։ Այդ մանկատանը կար լողավազան, որը շատ անհրաժեշտ էր տարբեր թերապիաների համար։ Լողավազանը տարվա յոթ-ութ ամիսը չէր աշխատում, բայց երեխաները ամենօրյա оգտագործման կարիք ունեին։ Արևային համակարգը տեղադրելուց հետո առնվազն 10 ամիս օգտագործում են։ Այսպիսի օրինակները շատ են։ 

-Հայաստանում ալտերնատիվ էներգիա արտադրող էլ ի՞նչ կազմակերպություններ կան։ Արդյոք դրանք մրցակիցներ են «Ֆրի էներջի»-ի համար։

-Շատ են այդպիսի կազմակերպությունները, օրինակ՝ հիդրոէլեկտրակայաններն են շատ, ջերմային էլեկտրակայանները։ Առաջին հայացքից՝ այո, դրանք մրցակիցներ են, բայց ինչու եմ շեշտում՝ մրցակիցներ չունենք, քանի որ շուկայի ընդամենը 5-7 տոկոսն է բավարարված, դաշտը ազատ է։ Ով լավ աշխատի, ով ամենաճիշտ և լավ ծառայությունը ապահովի, նա էլ կունենա ամենամեծ հաջողությունը։ Մեր ոլորտում հաջողությունը չի պայմանավորվում վաճառքի քանակով։ Քանակը, գինը ժամանակավոր բաներ են։ Խնդիրը էժանության մեջ չէ, խնդիրը որակի մեջ է։ Եթե մենք նախապես հաճախորդին ասել ենք, որ էներգիան ապահովելու ենք իր համար, ուրեմն պետք է ապահովել ամեն գնով։ Ով ապահովի, նա հաջողելու է։ Թերություններ միշտ կան, ես չեմ ասում՝ մենք անթերի ենք աշխատում։ Հարցն այն է, թե ինչպես ես դու լուծում, վերացնում այդ թերությունները։haghpat

-Այլընտրանքային էներգիա արտադրելու համար լիցենզիա անհրաժե՞շտ է։

-Ոչ։ Շինարարական աշխատանքների համար են պետք, նախագծումից սկսած՝ մինչև տեղադրելու պահը տարբեր լիցենզիաներ են պետք։ Լիցենզիաները խոսում են նաև տվյալ կազմակերպության որակի, նրա կատարած աշխատանքի մասին։ Արդյոք տվյալ կազմակերպությունը ունի բարձր որակավորումով մասնագետներ։ Բնականաբար, երբ մասնագետները լիցենզավորված են պետության կողմից, դա արդեն առավելություն է թե՛ մեր կազմակերպության, թե՛ մեր անվան, թե՛ կատարված աշխատանքի համար։ Լիցենզիաներ կան, որ պարտադիր են։ Օրինակ՝ պետք է ունենալ լիցենզավորված էներգետիկ, պետք է վստահ լինել, որ էներգոմատակարարումը լինելու է անթերի։

-Գիշերային ժամերին ինչպե՞ս է լուծվում էլերկտրաէներգիայի հարցը։

-Օրենքը այսպիսին է․ տեղադրվում է արևային համակարգ, տվյալ բաժանորդի հաշվիչը փոխվում է, դառնում է դարձափոխիչային հաշվիչ՝ երկու ցուցմունք ցույց տվող։ Արևային էներգիան արտադրության ժամանակ գնում է ուղիղ սպառում, ավելցուկի դեպքում՝ ավելցուկը ֆիքսվում է դարձափոխիչային հաշվիչով։ Ամեն ամսվա վերջում, երբ էլցանցի աշխատողը վերցնում է հաշվիչի ցուցմունքը, ցանցից վերցվածից հանվում է արևային համակարգով ստացված ավելցուկը, նոր, եթե կա մնացորդ, մնացորդի համար վճարում է հաճախորդը։ Իսկ եթե կա ավելցուկ, ավելցուկը տեղափոխվում է հաջորդ ամիս։ Իսկ գիշերային սակագինը ամեն ամիս չի հաշվարկվում։ Ամեն ամիս վճարում են՝ ինչքան ծախսել են։ Տարվա վերջում՝ դեկտեմբերին, իր ավելցուկներից հանվում է իր արդեն կատարած վճարումները ու նոր, եթե ավելցուկ մնում է, պետությունը գործող սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում է տվյալ բաժանորդին։

-Հնարավո՞ր է կուտակիչ տեղադրել և կուտակել այն էներգիան, որը ուղիղ չի սպառվել։

-Հնարավոր է, արևային համակարգերի երեք տեսակ գոյություն ունի։ Առաջինը on-grid ներցանցային համակարգն է, որը միացած է կայանի հետ, երկրորդը off-grid համակարգն է՝ ցանցից անկախ, մշատական կուտակիչներ ունեցող համակարգ է: Այն ցանցից անկախ է, ու ցանցում հոսանք չլինելու դեպքում էլ դու ունես էներգիա։ Երրորդ տարբերակը հիբրիդ համակարգն է, որը նախորդ երկու համակարգերի միացումն է։ Այն և՛ ներցանցային է, և՛ off-grid։ Այսինքն՝ այդ համակարգը միացված է ցանցին և ունի հնարավորություն կուտակիչներ ունենալու, ցանցից անջատվելու դեպքում օգտվում է կուտակիչներից։ Հիմնականում արևային համակարգերը տեղադրում ենք տնտեսելու համար, այնպես չէ, որ դադարում ենք ունենալ պետական ցանցից հոսանք։ Տնտեսական տեսանկյունից ձեռնտու չէ off-grid կամ հիբրիդ համակարգ տեղադրելը, քանի որ ներդրումը միանգամից բարձրանում է, և եթե on-grid համակարգի դեպքում գումարի հետ վերադարձը ապահովվում է 5-6 տարում, off-grid համակարգի դեպքում դա կապահովվի առնվազն 9 տարում, հիբրիդ համակարգի դեպքում՝ 11 տարում։ Այդ պատճառով այն տնտեսապես նպատակահարմար չի համարվում, այդ համակարգերից հիմնականում օգտվում են այն տեղերում, որտեղ ընդհանրապես ցանց չկա, էլեկտրաէներգիա չկա։ Այդ դեպքում ավելի հարմար է արդեն առանձին համակարգ ունենալը, քան թե այդ մեծ հեռավորությունների վրա լարանցումը ապահովելը՝ հոսանք ապահովելու համար։ Կամ օգտագործում են նաև փոքր լուծումներ տալու համար։ Օրինակ՝ գյուղից հեռու՝ ինչ-որ դաշտում, կան այգիներ, որոնք ունեն ոռոգման խնդիր։ Պոմպերի համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիա, որն էլ ավելի հեշտ է ապահովել փոքր արևային լուծումով։ Եվ, վերջապես, այն մարդիկ են օգտվում այս համակարգերից, որոնց համար տնտեսական էֆեկտը էական չէ։ Իրենց համար էական չէ ներդրման չափը, այլ պետք է, որ միշտ հոսանք լինի։ Դա արդեն կենցաղ վարելու խնդիր է, ամեն մեկի անձնական որոշումն է։

-Ինչքանո՞վ է կարևոր Հայաստանում արևային էներերգիայի արտադրությունը զարգացնելը։

-Համար մեկ կարևորության խնդիր է։ Սկզբում էլ նշեցի՝ շատ մեծ էֆեկտներ ունի տարբեր ոլորտներում։ Սպառողը դառնում է արտադրող՝ ինքն իր համար։ Ավելցուկն էլ վառաճում է պետությանը։ Իսկ էներգետիկ անկախությունը արդեն առավելություն է։

-Պետությունը ինչ-որ կերպ խթանո՞ւմ է ալտերնատիվ էներգիայի զարգացմանը։

-Իհարկե, խթանում է։ Նախանցած տարվանից արդեն տրվեցին մի քանի լիցենզիաներ արևային կայաններ ունենալու համար, որոշվեց սակագին։ Այսօր արդեն կան մի քանի կայաններ կառուցված, սպասվում է շատ մեծ կայան Գեղարքունիքի մարզում, որը պետք է կառուցվի։ Սա արդեն խթան է։eghegis

-Արևային էներգիայի կայան տեղադրելու որոշումը համա՞յնքն է կայացնում։

-Կարող է կայացնել։ Հիմա կա սուբվենցիայի ծրագիր, այն ընդունվել է նոր կառավարության օրոք, որը թույլ է տալիս արևային համակարգերի կիրառումը։ Այսինքն՝ համայնքը ինքը կարող է իր սեփական օգտագործման համար ունենալ արևային համակարգ։ Համայնքը, ներդնելով ընդամենը 20 տոկոս, կարող է ձեռք բերել համակարգը, քանի որ ըստ այդ ծրագրի՝ 60 տոկոսը ներդնում է կառավարությունը, 20 տոկոսը՝ համաշխարհային բանկը։ Բոլոր համայնքային նշանակության կառույցները՝ դպրոցներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ, ունենում են անվճար էլեկտրաէներգիա։ Տնտեսված գումարը, բնականաբար, կօգտագործվի գյուղում այլ նպատակների համար՝ լուսավորություն, ճանապարհների կառուցում։

-Հայաստանի ռեսուրսները կբավականացնեի՞ն, եթե, ենթադրենք, բոլոր բնակիչները օգտվեին արևային համակարգերից։

-Առայժմ չենք կարող դա ապահովել։ Բայց գնալով տեխնոլոգիաները զարգանում են։ Մենք չենք կարող համեմատել 3-4 տարի առաջ ու հիմա առկա տեխնոլոգիաները։ Բնակաբար, հետագայում արևային էներգիան ավելի կիրառելի կլինի։

-«Ֆրի էներջի»-ն պլանավորո՞ւմ է այլ աղբյուրներից ալտերնատիվ էներգիա ստանալ։

-Այս պահին՝ ոչ։ Օրինակ՝ քամուց էներգիա ստանալու տնտեսական էֆեկտը շատ ավելի փոքր է՝ համեմատած արևայինի հետ։ Ունենք նաև տարածաշրջանային խնդիր։ Հայաստանը շատ մեծ, քամոտ երկիր չէ։ Ունենք Հայաստանում մի քանի գործող կայաններ, ու երբ նայում ենք վերլուծությունները, տեսնում ենք, որ ռիսկերը առայժմ շատ բարձր են։ Հետագայում, գուցե կզբաղվենք դրանով։

-Ի՞նչն է առանձնացնում «Ֆրի էներջին» շուկայի մյուս կազմակերպություններից։

-Կարծում եմ՝ մեր անհատական մոտեցումը ամեն մեկին։ Որպես անհատ՝ լինելով կազմակերպության տնօրենը, ես չունեմ շփման որևէ խնդիր իմ գործընկերների հետ: Մրցակից չեմ անվանում, նրանք իմ գործընկերներն են, քանի որ շատ հարցերում ենք համագործակցում։ Բարիդրացիական հարաբերություններով՝ առանց շփման սահմանափակումների աշխատում ենք մի շուկայի ներսում։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար։

-Ընդամենը տրամադրվածություն և սեր աշխատանքի նկատմամբ։ Ես աշխատում եմ 24 ժամ, բայց ես դա սիրով եմ անում, և ոչ թե պարտադրված։ Այս ոլորտում դեռ շատ բան ունենք սովորելու։ Ամեն օր մի նոր տեխնոլոգիա, նոր երևույթ, նոր գնահատական։ Պետք է այդ ամենին հավասար փորձենք քայլել։abovyan12

-«Ֆրի էներջի»-ն բարեգործությամբ զբաղվո՞ւմ է։

-Բնականաբար։ Այստեղ կազմակերպության հնարավորության խնդիրն է։ Ցանկացած հնարավորություն մենք բաց չենք թողնում։ Դա մեր բնավորության գիծն է, մեր ապրելակերպը, կապ չունի՝ «Արփի սոլար»-ն ենք, թե «Ֆրի էներջին»։ Բարեգործությունը, հովանավորությունը միայն ֆինանսական խնդիրներ չեն։ Ինչքան լավ մարդիկ կան, որոնք մեծ գործեր են անում, բայց իրականում այդ հնարավորությունը չունեն։ Բայց անում են, որովհետև այդ մարդիկ իրենց տեսակով այդպիսին են։ Միշտ պատրաստ ենք մեր հնարավորության սահմաններում օգտակար լինել։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ուզում են իրենց սեփական բիզնեսն ունենալ։

-Կուզեմ, որ առաջինը ճիշտ գնահատեն իրենց հնարավորությունները։ Նկատի ունեմ՝ մտավոր հնարավորությունները, ֆինանսականը վերջին տեղում է։ Ճիշտ գնահատեն իրենց ռիսկերը և սիրեն իրենց գործը։ Ու անպայման կհաջողեն։