ella mnacakanyan yerevan

Այլմոլորակային տեսածը

Դաս, փորձ, պարապմունք(ներ), տուն, դաս, փորձ, պարապմունք(ներ), տուն: Երբեմն նաև մեկը մյուսի հաշվին կամ ժամանակ: Փակ շրջան է: Զանգ հեռախոսիս:

-Շըշշ, պապան ա, սուս մնացե՛ք,- ասում եմ ես մինչև զանգին պատասխանելը, որովհետև դա միակ տարբերակն է 9 աղջիկների համախմբին (որոնք մեծամասամբ էքստրավերտներ են) լռեցնելու… Դե՜, գոնե մի քանի վայրկյանով:
-Հա՞, պապ ջան:
-Էլլա, ո՞ւր ես,- ձայնի տոնից ու ժամին նայելուց հասկանում եմ, որ պատասխանի այլ տարբերակ չունեմ:
-Վերջացրի արդեն, հիմա դուրս եմ գալիս,- ասում եմ ու մյուս ձեռքով էլ վերցնում պայուսակս,- գնացի, երեխեք, վաղվա փորձի ժամը կասեք, էլի,- ներողություն հայցող հայացքով (որովհետև ես ինքնագլուխ որոշեցի, որ վերջացրել եմ արդեն) բացում եմ դուռն ու ավելացնում,- պաչիկներ:
Հետո ավտոբուս: Էլի: Ճանապարհներ, ճանապարհներ, ճանապարհներ: Էլի: Այդ ճանապարհներին հանդիպող տարօրինակ դեմքեր ու դեպքեր: Էլի: Դե՜, ինչպես այս մեկը:

Հեռվում վերջապես նշմարվում է անհրաժեշտ համարի ավտոբուսը, ու ես ժպտում եմ այնպես, կարծես դա կյանքիս մեծագույն ձեռքբերումն է: Հասնում է կանգառին, ու, թեև լիքն է, բայց քանի որ ահագին երկար եմ սպասել ու էլի շտապում եմ (իմ փակ շրջանում ես միշտ շտապում ու միշտ ուշանում եմ), ես էլ եմ խցկվում մնացածի պես: Բայց բախտս բերում է, քանի որ բարի մեկն ինձ է զիջում իր տեղը: Էլի ժպտում եմ, շնորհակալություն հայտնում. ի վերջո, դիմացս դեռ 1 ժամվա ճանապարհ կա, լավ է նստած երթևեկելը: Ու մինչ կհասցնեմ տեղավորվել, ինձ վրա զգում եմ այդ բարի մեկի կողքին նստած երիտասարդի` ակնդետ, այլմոլորակային տեսածի հայացքը: Մի պահ մեջս կասկած է ընկնում` գուցե իրո՞ք ուրիշ մոլորակից եմ հայտնվել, հետո սթափվում եմ` չէ՜, դժվար թե, երկրացի եմ` հասարակ մահկանացու: Միգուցե պարզապես մի բան այն չէ՞ արտաքինիս մեջ (դե, ասենք, գլխիս մի կեսը ճաղատ է, մյուսը` երկար մազերով), բայց, ախր, չէ՛ էլի, առավոտյան եմ ինձ նայել հայելու մեջ, ամեն ինչ սովորական էր կարծես: Նստում եմ ու շարունակում ինձ այլմոլորակային զգալ, մինչև «այլմոլորակային տեսածը» (էդպես անվանենք երիտասարդին) վերջապես խոսում է.
-Անունդ Նանե՞ ա:
-Չէ:
-Բայց ախր էնքան նման ես էդ աղջկան,- «այլմոլորակային տեսածի» հայացքը չի փոխվում,- շատ նման ես, չես պատկերացնի:
-Հը՜մ, չէ, հաստատ անունս Նանե չի,- վստահաբար ասում եմ ես, որովհետև, չնայած իմ կյանքում գրեթե ամեն ինչ երևի-ով է, բայց այս մեկը ճշմարտություն է, որի մեջ հաստատ համոզված եմ. անունս Նանե չի: Էլի չորս տառից է, մեջն էլ «ա» կա, բայց դե Նանե չի էլի, վստահ եմ: Բայց այ, «այլմոլորակային տեսածը» վստահությունս կարծես չի կիսում: Շարունակում է նույն այլմոլորակային տեսածի հայացքով նայել: Հետո հանում է հեռախոսը, ինչ-որ բան փնտրում այնտեղ, հետո նույն հայացքով նայում ինձ, ապա` հեռախոսի էկրանին, հետո էլի ինձ ու էլի էկրանին: Ենթադրում եմ` ինձ ու Նանեին է համեմատում: Մտածում եմ` տեսնես ի՞նչ տեսք ունի նմանակս, բայց դե հո հայացքս չե՞մ գցի նրա հեռախոսին, էդպես ճիշտ չի լինի: Տեղն է դնում հեռախոսը, էլի նայում ինձ, ասում.
-Համ էլ շնորհավոր միամսյակդ:
Ժպտում եմ.
-Մերսի:
Հետո վերցնում է մյուս հեռախոսն ու զանգում ընկերոջը, պատմում իր խնդիրների մասին. խորհրդի կարիք ունի կարծես: Հետո պատմում է իմ մասին, իմ ու Նանեի նմանության մասին: Չգիտեմ, երևի կարծում է` չեմ լսում իրեն, բայց դե թարսի պես լսողությունս սովորականից լավն է, իսկ ականջակալներս, ինչպես առավոտյան դասի գնալիս հասկացա, կորցրել եմ: Այդպես ավարտին է մոտենում մեկ ժամանոց ուղևորությունս, ու երբ գրեթե պատրաստվում եմ իջնել, «այլմոլորակային տեսածն» էլի ասում է.
-Բայց դու, ա՜խր, շատ նման ես Նանեին: Նանեն իմ կյանքի էն ամենալավ, ամենալուսավոր աղջիկն ա եղել, որին սիրել եմ: Գժի պես:
Ես ափսոսանք եմ նկատում նրա աչքերում: Լավ է, երբ գժի պես սիրում են, բայց վատ է, երբ անցյալ ժամանակով ու ափսոսանքով են խոսում այդ մասին: Երևի… Երևի, որովհետև կորցնում են:
-Լավ նայի քեզ, կարևորը՝ չկոտրվես երբեք,- «այլմոլորակային տեսած»-ը երևի ասում է բառեր, որոնք Նանեին է ասել կամ կասեր,- լավ կլինի ամեն ինչ:
Ես ժպտում եմ.
-Դուք էլ մի կոտրվեք,- մի տեսակ զգում եմ, որ ինքն էլ այդ բառերի կարիքն ունի: Ու երևի ինձնից էլ շատ:
Իջնում եմ, քայլերս ուղղում դեպի տուն: «Այլմոլորակային տեսածը» ձեռքով է անում ավտոբուսից, հետո անհետանում տեսադաշտիցս, ու ես սկսում եմ մտածել: Չէ, նմանակների գոյության մասին չէ: Ոչ էլ իմ ու Նանեի նմանության, որովհետև գրեթե վստահ եմ, որ իրականում բոլորովին էլ նման չենք իրար, պարզապես… Պարզապես երբ գժի պես սիրում են ու կորցնում, հետո շարունակ կորցրած(ի)ն են փնտրում ուրիշների մեջ, կորցրած(ի) արտաքինը, կորցրած(ի) ձայնը, կորցրած(ի) ժեստերը, ինչպես «այլմոլորակային տեսածն» իմ մեջ Նանեին էր փնտրում: Ու երբեմն թվում է, թե գտնում են, դե՜, գոնե արտաքնապես, ինչպես այս դեպքում էր, բայց, ավա՜ղ, այդպես միայն թվում է: