Anush margaryan

Այնտեղ, որտեղ ուրախ են առանց պատճառի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

-Անո՛ւշ, որ մի օր հանկարծ որոշես գրասեղանիդ վրայի փոշին սրբել ու գրքերը հավաքել, նախապես ինձ կասես. կփորձեմ դիմանալ այդ մեծ ուրախությանը:

Քեզ ի՞նչ է պետք ուրախ լինելու համար: Պատկերացրու, որ շահել ես անվճար հանդիպում ոսկե ձկնիկի հետ։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ կխնդրեիր նրանից: Տե՜ս, նոր հարց, որի շուրջ կարող ես մտածել, երբ այսօր պառկես քնելու։ Հը՜մ, իհարկե, եթե մահճակալիդ տակ պառկած հրեշը, օ՜, ների՛ր, թիկնոցավորը թույլ կտա կտրվել քո հորինած հոգսերից ու խնդիրներից։ Հրեշը պառկում էր այնտեղ, երբ փոքրիկ էինք, հիմա նա հեռացել է՝ իր տեղը զիջելով անտեսանելի թիկնոց հագած տխրությանը:

Մի գաղտնիք ասեմ. մայրիկս կխնդրեր ձկնիկից գրասեղանս միշտ մաքուր տեսնել, դրանում վստահ եմ։ Դե լավ, խոստանում եմ՝ այսօր կհավաքեմ այն: Լա՜վ, վրայի փոշին էլ կսրբեմ, որպեսզի մայրիկս ձկնիկին տեսնելիս ավելի լավ բան խնդրի. դե, դա կարող է լինել երբեք չվերջացող շոկոլադե պաղպաղակ ինձ համար։ Պատերացնո՞ւմ ես. անդադար ուտում ես, բայց այն չի վերջանում… Ճիշտ օդում կախված ուրախության նման, որը ի տարբերություն պաղպաղակի՝ պետք չէ խնդրել ձկնիկից, հարկավոր է միայն զգուշորեն վերցնել ու պահել սրտումդ՝ մի փոքրիկ անկյունում։

Երբ փոքր էի, սիրում էի հագնել տոնական մանուշակագույն զգեստս, դու էլ երևի քո կապույտ վերնաշապիկը՝ ձախ անկյունում նարնջագույն գրպանիկ, մազերիս ամրացնել մեծ-մեծ թիթեռնիկներ, նայել հայելու մեջ ու հիացմունքից շողալ։ Իսկ երբ այս ամենին ավելանում էր այն, որ դուրս էի գալիս բակ ու պատահական հանդիպում մեր հարևան Հոռոմսիմին, ով ասում էր․ «Մազերդ ներկա՞ծ են, բալի՛կ ջան, ախր, շատ սիրուն գույն է», ուրախությունս կրկնապատկվում էր։ Ինձ թվում է՝ դու էլ ես նույն ուրախությունը զգացել, երբ ինչ-որ մեկն ասել է, որ աչքերդ գեղեցիկ են, ինչպես աստղազարդ երկինքը։

Հետո, երբ մի քիչ մեծացա, մազերիս գույնն ու մանուշակագույն զգեստս սկսեցին չուրախացնել ինձ: Կարծում եմ՝ դրանք պաշտոնաթող եղան՝ իրենց տեղը զիջելով ավելի կարևոր բաներին: Երբ առաջին դասարանում կարմիր աստղիկ ստացա, ամենաերջանիկ մարդն էի աշխարհում… Երկրորդ դասարանում դա ինձ ուրախություն էր պատճառում այնքան, որքան Ձմեռ պապիկին՝ ամանորյա նրբաբլիթը։

Հետաքրքիր է մարդկային բնավորությունը. այն, ինչն այսօր քեզ ուրախություն է պատճառում, վաղը դառնում է սովորական մի բան, որը հազիվ է նուրբ շրթունքներիցդ մի ժպիտ պոկում։ Տարիների հետ համոզվում ես, որ ուրախությունը նման է երեք սենյականոց բնակարանի՝ քաղաքի կենտրոնում. գնալով թանկանում է: Եթե մեկ շաբաթ առաջ Գվիդոնի հումորը քեզ այնպես էր ծիծաղեցնում, որ աչքերիցդ արցունքներ էին հոսում, ապա այժմ այն հազիվ թե արժանանա ուշադրությանդ: Պատճառն այն է, որ հիմա քեզ ծիծաղեցնելու համար Գվիդոնից պահանջվում է ավելի մեծ սրամտություն, տրամաբանություն, դերասանական խաղ ու պայծառ միտք… Գիտե՞ս՝ այս ամենի մեղավորը մենք ենք՝ կատարելության ձգտող կատարյալներս։ Երբեմն ձգտելով ամենագեղեցիկին, չենք էլ նկատում մեր կողքին եղած ջերմությունը, բարությունն ու տաքուկ ժպիտները… Ես այսօր այնքան ուրախ եմ, իսկ դու դա կնկատե՞ս, եթե ես չասեմ դրա մասին։ Առավոտյան տերևների վրա ցող է լինում, գիշերը լուսնի վրա մարդ է քայլում, անձրևից գինու համ է գալիս, իսկ դրանք երբևէ նկատե՞լ ես։ Ո՛չ, որովհետև դու չափազանց զբաղված ես իրական ուրախություն փնտրելով, դու կրում ես հոգսերի ու խնդիրների գորշասևավուն ակնոց, որը թույլ չի տալիս նկատել մանրուքները: Հանի՛ր դա, տե՛ս, թե որքա՜ն ուրախություն կա օդում։ Երբ սկսես նկատել մանրուքները ու ուրախանալ դրանցից, կյանքը կդառնա ավելի գունավոր, քան ծիածանն է։

Աշխարհին քո ուրախությունն է պետք ու մի մեծ վարդագույն ամպիկ։