Այն ժամանակ մեր տանը

Կեսօր էր: Սենյակից դուրս գալով ու տեսնելով, որ մայրս սեղան է դնում, պահարանից մի քանի գիրք վերցրի ու արագ տնից դուրս փախա:   10 րոպե անց ներսից լսեցի մայրիկիս ձայնը:  

-Մանան, գնա լվացվի ու արի հաց ուտելու:
Չարձագանքեցի: Մայրս, տեսնելով, որ չեմ արձագանքում, հասկացավ, որ դուրսն եմ:
-Էլի: Քանի անգամ եմ ասել, որ գրքերը չի կարելի ճղել, չես ափսոսում:
Բանն այն է , որ սիրում էի գրքեր պատռել (պարտադիր պայման էր, որ գիրքը լիներ հաստ ու քիչ թե շատ պատկերազարդ ), այնուհետև պոկված թերթերը խառնել իրար ու սարքել մի գունդ:  Սարքելուց մի քանի րոպե անց գունդը հայտնվում էր աղբամանում, որովհետև ես չէի սիրում գնդով խաղալ, միայն սիրում էի թերթերը շերտ-շերտ պոկել: Գունդն էլ սարքում էի միայն նրա համար, որ թղթերը աղբամանում մեծ տարածք չզբաղեցնեին ու շատ աչք չզարնեին:
Եվ երբ ես նորից զբաղված էի իմ «սև գործով», մայրս կրկին ինձ բռնացրեց «հանցանքի վայրում»: Ինչպես միշտ, ես ունեի իմ անփոփոխ պատասխանը.
-Մամ, եթե չեք ուզում, որ տան գրքերը ճղեմ, ուրեմն ինձ համար խանութից ուրիշ գրքեր առեք:
-Բալես, ինչքան ուզում ես տետր տամ` ճղի, մենակ էդ գրքերը չէ: Հանկարծ մի օր էլ ախպորդ տետրերը կճղես:
Ու այդ օրը հեռու չէր:  Երեք օրից եկավ այդ չարաբաստիկ օրը, երբ իմ թեթև ձեռքով պակասեցին եղբորս ոչ ավել, ոչ պակաս միանգամից երկու գրքերի մի քանի էջեր:
-Սաղ քո պատճառով եղավ, մենակ քո: Գոնե պոկել պոկել էիր, էդ էջերը ընենց պոկեիր, որ պոկած տեղերը չերևային…
Մինչ շնչակտուր խոսում էր եղբայրս, այդ պահին ներս մտավ մայրս.
-Ի°նչ ա եղել, ինչի° ես գոռում:
-Ինչի եմ գոռում, ինչի եմ գոռում: Աղջիկդ ընենց հավեսով էր պոկել գրքերիս էջերը, որ երբ ուսուցիչը տեսավ, հերիք չի մի լավ ամոթանք տվեց, մի հատ էլ «երկուս» դրեց:
Ու այդ պահին պայուսակից հանեց օրագիրը և մեզ ցույց տվեց իմ շնորհիվ ստացած «երկուսը»:
-Հա, ի°նչ վատ ա, լավ էլ կերած-խմած «երկուս» ա: Էսի ավելի լավ չի՞ , քան ճմրթած «հինգը»,-առանց մտածելու ասացի ես:
Սա բավական էր, որ եղբայրս ափերից դուրս գար, բայց զսպեց իրեն ու դուռը հետևից շրխկացնելով դուրս գնաց:
Մայրս այսքան ժամանակ լուռ լսում էր, և երբ եղբայրս դուրս գնաց, նա մոտեցավ ինձ.
-Տեսա՞ր` ինչ եղավ քո պատճառով: Եթե չես ուզում, որ ջղայնանամ, ուրեմն խոստացիր, որ էլ գիրք չես ճղելու:
-Հա մամ, խոստանում եմ,- մի քիչ նեղված ասացի ես,-բայց գոնե կթողնե՞ք բարակ գրքերը…
Մորս զայրացկոտ հայացքը էլ ինձ չթողեց, որ շարունակեմ:
Այդ օրվանից ես ստիպված եղա վերջ տալ գիրք ճղելու իմ այդքան սիրելի սովորությանը:  Եվ որպեսզի ընտանիքիս ու ինձ համոզեմ, որ էլ գրքեր չեմ ճղում ու չեմ ճղելու, հենց որ պատռված գրքեր էի տեսնում, նրանց աչքի առաջ սկսում էի կպցնել, սակայն այդ «վերանորոգման» ընթացքում ձեռքերս կարծես ինձ չէին ենթարկվում և ուզում էին գոնե մի էջ պակասեցնել այդ գրքից: