duxik aloyan

Այն, ինչ չեք լսել դպրոցի մասին

Ես սովորում եմ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Չէ, չեն ստիպել գրել և շնորհակալություն հայտնել, ու ոչ էլ այս տարի ավարտում եմ, մի տարի էլ ունեմ, բայց ասելու բան էլ ավելի շատ ունեմ։ Ինչքան կուզեք ասեք` դպրոցները լավը չեն, ես իմ դպրոցը շատ սիրում եմ։ Սիրում եմ պատերը, սիրում եմ մուտքը, սիրում եմ դասարաններն ու անգամ խարխուլ գույքի մնացորդները, որոնց հեղինակը մենք ենք։ Երևի ներսի մարդիկ են մեղավորը էս սիրո։

Եկեք ձեզ պատմեմ ինչից սկսվեց իմ սերը, ու ինչ կա առհասարակ իմ դպրոցում, որ այսօր այսպես գովաբանում եմ։ Մեր դպրոցում սովորել են հայրիկիս տարեկիցներից սկսած հազարավոր մարդիկ։ Իմ դպրոցը  առաջին հայացքից չունի յուրահատկություններ. նույն սովորական դպրոցն է, ինչ հանրապետության մնացած դպրոցները։ Այնտեղ մեծ, շա՜տ մեծ հոգի ու նվիրում կա, տասնյակ ուսուցիչների ու հազարավոր աշակերտների։ Շատ աշակերտներ, 11 տարի սովորելով ու մեծանալով միայն 12-րդ դասարանում են ջերմությամբ լցվում ու փորձում դպրոցին մի ժառանգություն թողնել  միջոցառման կամ մի լավ արարքի տեսքով։ Օրինակ, ռուսերենիս ուսուցչուհին պատմում է, թե այդքան իր գլխին պատմություններ բերելուց հետո, ոնց է իր դասարաններից մեկը իրեն ցտեսություն մաղթել ՝ իր տան պատուհանի տակ վարդի թերթեր փռելով ու գեղեցիկ երգերով։ Մեր ուսուցիչներից շատերը մեզ համար սոսկ ուսուցանողներ չեն, նրանք ուղղակի առարկաներ չէ, որ դասավանդում են:, այլ սովորեցնում են, թե ինչքան կարևոր է ճիշտ պահին ճիշտ տեղում լինել, կարողանում են լսել մեր խնդիրներն ու ճիշտ լուծումներ տալ և միշտ ավելացնում են` կընդունեք թե ոչ, կամքը ձերն է։ Ամեն անգամ, երբ դժգոհում ենք դպրոցից, եկեք մի պահ մտածենք և հիշենք, թե ով էինք մենք, երբ մտանք դպրոց և թե ով ենք մենք, երբ դուրս ենք գալիս։ Ու էական չէ` լավ ենք սովորել, թե` չէ, սիրված ենք եղել, թե` չէ, կարևորը դպրոցը մեզ  սովորեցրել է գիտակցել, զգալ, հասկանալ, արտահայտվել։ Ինչքան էլ մեզ լավ դաստիարակեն տանը, դպրոցի սովորեցրած զսպվածությանը չի փոխարինի։ Դպրոցը երրորդ քարն է մեր կյանքի, որից կախված են մնացած 100-ը։ Դպրոցիս այս մեծ սիրո մասնիկ է կազմում միշտ ցուրտ գրադարանը, որի սովետական գրքերից ես կարևոր արժեքներ եմ քաղել, բայց ավելի շատ այդ ցուրտ սենյակում գրքերի աշխարհ մեզ ուղեկցող գրադարանավարուհուց: գրադարանավարուհու օրինակով էլ ավելի կարևոր բաներ եմ սովորել։ Գիտեք, մեր դպրոցի կոլեկտիվն ինչ բազմազան է՝ սրտի կարդիոգրամայի պես։ Դե, կարդիոգրաման ինչպիսին է լինում ՝ վերև, ներքև կամ միջին։ Կան ուսուցիչներ, որոնց գերնպատակը աշակերտների մեջ կայծ վառելն է, ոգևորելն ու ավելի ինքնավստահ դարձնելն է, և կան հակառակները։ Չեմ թաքցնի, երիտասարդ ուսուցիչներին ավելի շատ եմ համակրում, որովհետև նմանեցնում եմ նորի, նոր շունչ բերողների հետ, ու մի տեսակ բոլորն էնքան լավն են: Մեծերն էլ իրենց տեղն ունեն ՝միշտ փորձառու ու կյանքով հաստատված խորհուրդներով, հարյուրավոր իմ պես երեխաների ձեռքից ճերմակած, բայց և գեղեցկությունը կնճիռների տակ չկորցրած իրենց մաքրամաքուր ու խորաթափանց աչքերով։

Հա, իմ դպրոցի տված գիտելիքներով չեմ ընդունվի համալսարան, որովհետև այդքանը վերցնելու կամք չեմ ունեցել, բայց երբ պարապելուց ու համալսարան ընդունվելուց հետո հետ  նայելու լինեմ, ամեն գրպանումս մի լավ խորհուրդ կունենամ դպրոցից պահած ՝ սիրո, ընտրության, սովորելու, կյանքի, քաղաքակրթության, երազանքների մասին։ Մեր դպրոցն այդ ամեն ինչից մի քիչ մի քիչ տվել է ինձ, կամ ուղղակի ես կարողացել եմ միայն այդքանը վերցնել։

Իմ դպրոցն իդեալական չէ, միգուցե շատ բաներ էլ թերի են, բայց էական չէ, ես անգամ այդ թերություններն եմ սիրում՝ առանց դրանց չէի իմանա ՝ որն է իդեալականը…