milena movsesyan

Այն, ինչ չսովորեցրին դպրոցում

Տասներկու տարի մեր կյանքից նվիրում ենք դպրոցին։ Դպրոցը մեր երկրորդ տունն ենք դարձնում, ընկերներ ենք գտնում, ուսուցիչներին սիրում կամ մինչ օրս ատում ենք, առարկաները հետաքրքրությամբ ուսումնասիրում կամ նորից ատում ենք։

Ես խոնարհվում եմ այն ուսուցիչների առաջ, որ անշունչ դասագրքերի թեմաներից զատ ինձ տվեցին կյանքի դասեր ու սովորեցրին առաջին հերթին մարդ դառնալ։ Բայց ավաղ, դասաժամանակն ու հաստափոր տաղտկալի դասագրքերը խանգարեցին մեզ երկար խոսել այն կարևորի մասին, որ պիտի սովորեինք կյանքի դպրոցում։ 

Մեզ դպրոցում չսովորեցրին ճիշտ տնօրինել գումարը, չկուրանալ դրա փայլից, դավաճանելով ու մարդկանց ցած գլորելով չհասնել դրան։ Մեզ հենց սկզբից չասացին, որ փողը կեղտ է, չսովորեցրին զգուշանալ գումարից։ Դրա հետ մեկտեղ դպրոցում չասացին՝ ինչպես գումար աշխատել, ինչպես ինքնուրույն կարիքները հոգալ, ուսման վարձը վճարել։

Մեզ՝ աղջիկներիս, չդաստիարակեցին որպես թագուհիներ։ Գուցե հենց դա է պատճառը, որ հասարակության մեջ հայտնվեցին մարմինը պատահածին նվիրող աղջիկներ, ովքեր զուրկ են ինքնասիրությունից ու նաև խելքից։ Այն, ինչ թագուհուն վայել է` հպարտությունն ու համեստությունը, գեղեցիկ քայլվածքն ու հագուկապը, բարձրակրունկները, կիսաշրջազգեստները, զգեստներն ու դասական տաբատը, Կարմիր գրքում են հայտնվել։

Նրանց՝ տղաներին, չսովորեցրին լինել ասպետի նման: Իսկ աղջիկների նոր հագուկապը՝ բոթասներ ու պատռված ջինսեր, փոխեց նրանց ճաշակը․ նրանք շրջազգեստով ու բարձրակրունկներով աղջիկներին այնքան զարմացած են նայում, որ չեն կարողանում կշտանալ։ Տղաները չսովորեցին հարգել աղջկան, (իհարկե որոշ աղջիկներ իրենք իրենց էլ հարգել չգիտեն) զսպել իրենց ցանկասիրությունը, փոքր ինչ նրբություն, ավելի շատ ուշադրություն ու հոգատարություն ցույց տալ։ Հատկապես տղաներին էր պետք սովորեցնել գումար աշխատել։ Մեր հասարակության մեջ հանկարծ հայտնվեցին աղջիկներ, որ քսան տարեկանում և՛ սովորում են, և՛ աշխատում, և՛ մեքենա վարում։ Ու տղաներ, որ չեն ուզում սովորել, ոչ էլ աշխատել։ Ու եթե հանկարծ այս երկու տիպերի մարդիկ հանդիպեն, սիրահարվեն ու ամուսնանան, ապագան կանխատեսելի է լինելու՝ օրուգիշեր աշխատող կին, հարբեցող տղամարդ ու անուշադրության մատնված երեխաներ։ Եվ միայն այն բանի պատճառով, որ դպրոցում նրանց չսովորեցրին՝ ինչ է ընտանիքը, ինչ պարտավորություն է երեխա ունենալը և ինչ է նշանակում այս ամենը պահելը։

Մեզ չսովորեցրին, որ գունավոր երազներից դուրս կա նաև անգույն դավաճանություն, որ չպետք է ամենքին վստահել հատկապես անձնականի հարցում։ Բայց մեզ չեն ասել նաև՝ ինչ է անձնականը։ Դավաճանություն բառը մենք կարդացինք գրականության գրքում ու լսեցինք տատիկի սերիալներում։ Մենք չհավատացինք, որ մի օր կարող են մեզ էլ դավաճանել, որ դա ֆիզիկական ցավը գերադասելու չափ ցավոտ է լինում։

Դպրոցում մեզ զգուշացրին, որ համալսարանում դասախոսները նույնիսկ մեր անուները չեն հիշելու, մեր գիտելիքը ընկալելու ու վերցնելու վրա ուշք չեն դարձնելու, բայց չասացին, թե ինչպես ինքնակրթվենք, ինչպես համացանցը ծառայեցնենք գործիք՝ հավելյալ կրթություն ստանալու համար։ Դասախոսները աչքի ընկնող ուսանողների անունները հիշեցին։ Նրանք հաճույքով սովորեցրին մեզ այն, ինչ երեք անգամ անցել էինք դպրոցի տասներկու տարիների ընթացքում։ Միակ տարբերակը մնաց ինքնակրթությունը, դասընթացների մասնակցելն ու անգլերեն դասախոսություններ լսելը։ Ավաղ, դասերի ու աշխատանքի հետ այս ամենը դժվար է համատեղել, բայց հնարավոր կլիներ, եթե մեզ դպրոցում սովորեցնեին ժամանակը ճիշտ կառավարել։ Ամեն ինչն էլ կանեինք, նույնիսկ կհասցնեինք գնալ դպրոց ու մեկ անգամ էլ խոնարհվել այն ուսուցչուհու առաջ, ով համարձակվեց խախտել դասի պլանը ու մեզ կյանք սովորեցրեց։

Հիմա ասում եք՝ բա ինչի՞ համար են ծնողները։ Իսկ դուք նրանց հետ այս ամենի մասին խոսո՞ւմ եք, կամ ժամանակ ունենո՞ւմ եք երկար զրուցելու, կամ ֆիզիկան ու մաթեմատիկան չե՞նք կարող ծնողների հետ սովորել։

Ինչի՞ համար են տասներկու երկար տարիները, որ անգլերեն սովորելու համար պիտի առանձին պարապել ու գումար վճարել։ Ինչի՞ համար են կորցրած այդ տարիները, որից հիշվելու են էքսկուրսիաները, բաց դասերն ու քո ձեռքով գրված ռեֆերատները։ Ինչի՞ համար էր պետք ուղեղում տեղ զբաղեցնել այն ինֆորմացիայի համար, որ կարելի է գտնել գրքերում կամ համացանցում։ Ինչի՞ են պետք տասնվեց և ավելի դասագրքեր նույնքան առարկաներից, եթե կարելի է բոլորը տեղավորել երեք միլիմետր հաստության պլանշետի կամ հեռախոսի մեջ։ Ինչի՞ համար էինք ձևացնում, թե այդ պայուսակը ծանր չէ։ Մենք մրցում էինք, թե ումն է ավելի ծանր, առանց մտածելու մեր մարմնի կառուցվածքի ու առողջության մասին։ Վեցերորդ դասարանում դժվար հոգայինք մեր մասին, իսկ ի՞նչ էին մտածում հասուն դասատուներն ու ծնողները։

Դպրոցում մեզ չսովորեցրին մարդկանց հետ ճիշտ շփվել, ներկայանալ օտար միջավայրում։ Մենք չիմացանք՝ ինչպես մեծ շրջապատ ստեղծել, անծանոթին ծանոթ դարձնել, լինել քաղաքավարի ու պահպանել էթիկայի նորմերը, որ միայն ճիշտ ուտելուն չի վերաբերում։

Մեզ ոչ ոք չզգուշացրեց, որ շրջակա միջավայրը փոխել հնարավոր չէ, և պետք է ինքդ քեզ հարմարեցնես այդ միջավայրին։ Մեզ չհուշեցին, որ եթե երթուղայինում կանգնելու տեղ չկա, որ եթե տհաճ է զգալ կողքի մարդկանց մարմնի տարբեր մասերի չափերը, որ եթե տղաները պատահական կամ մեծ ցանկությամբ հպվում են քեզ, պետք  չէ թաքուն լաց լինել ու անվերջ սպասել, թե երբ քաղաքապետը կկարգավորի այս հարցը։ Կարելի է համարձակ լինել, սովորել երթևեկության կանոնները, հանձնել վարորդական իրավունքի քննությունը և հայրիկի մեքենայով գալ դասի։ Հակառակը, մեզ ասացին, որ լավ չէ դասի մեքենայով գնալ․ դասախոսը կտեսնի, կմտածի հարուստի աղջիկ ես ու չի նշանակի։ Մեզ չհասկացրին, որ կողքինների կարծիքը պիտի կարևոր չլինի մեզնից ու մեր հարմարությունից։

Դպրոցում չկարևորեցին մեր սեփական արժեքներն ու ցանկությունները, նպատակներն ու երազանքները։ Ուսուցիչները գնահատեցին անգիր արած տեքստերն ու արտագրված ստուգողականները։ Նրանցից ոչ ոք չհասկացավ, որ աշակերտի խելքն ու գիտելիքները կարելի է ստուգել նրա հետ հինգ րոպե զրուցելով։ Եվ այս դեպքում ոչ ոք չունեցավ այն համարձակությունը, որ գնահատեր՝ կարգը խախտելով։ Սա չհասկացան նաև համալսարանում․ մեզնից վերցնում են հեռախոսները չկանխատեսելով, որ կա երկրորդը, ականջակալը կամ էլ խելացի ժամացույցը։

Ախր, տասներկու տարին պիտի որ բավարարեր այս ամենը նախօրոք սովորելու համար․ չէ՞ որ գրողների կենսագրությունը, ֆիզիկայի օրենքները, երկրաչափական մարմինների անունները, եկեղեցական ժողովների վայրերն ու թվերը, բույսերի կառուցվածքը և անթիվ նման մանրուքներ հետո էլ կսովորեինք գրքերից կամ համացանցից, կկարդար նա, ում իսկապես պետք էր, ով ուզում էր զարգանալ, ինտելեկտ ու լայն մտահորիզոն ունենալ։