Ani Hakobyan

Այն մասին, թե ինչպես վայելել կյանքը անգամ այս օրերին

Վերջերս շատ ենք հանդիպում այնպիսի մեկնաբանությունների, որոնց մեջ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում հանգիստ դուրս գալ տանից, չեն կարողանում շփվել իրենց ընկերների ու հարազատների հետ, չեն կարողանում զբաղվել իրենց սիրելի աշխատանքով և վերջապես չեն կարողանում անել այն, ինչ անում էին վերջին իրողություններից առաջ։ Սակայն եկեք մի պահ մեզ հիշենք մի քանի ամիս առաջ, երբ այս ամենը դեռ չէր կատարվել։

Ամեն առավոտ զարթուցիչի ձայնը այնպես էր հասնում ականջիդ, որ հասկանում էիր՝ արդեն ժամանակն է, ուզած-չուզած պիտի վեր կենաս, կատարես ամենօրյա քո սովորական գործողությունները և վազես տանից դուրս։ Աչքերդ արդեն սովորել են տեսնել նույն տեսարանները. մեքենաների ծուխ, որից քեզ թվում է՝ ուր որ է` կխեղդվես, ինչ-որ տեղ շտապող մարդիկ՝ ուսանողներ, դպրոցականներ, խցանումներ, մետրոյի արագընթաց վագոններ, որոնց մեջ ասեղ գցելու տեղ չկա։ Առջևումդ բացվում է Երևանը՝ իր բանուկ փողոցներով, երջանիկ դեմքերով, քո սիրո քաղաք Երևանը։ Սա այն քաղաքն է, որտեղ մարդիկ երջանիկ են՝ անկախ ամեն ինչից, այստեղ քաղաքի ամեն անկյունում դու տանն ես, այստեղ քեզ բոլորը սիրում են, անգամ եթե դա քեզ բարձրաձայն չեն ասում։ Շտապում ենք դպրոց, համալսարան, աշխատավայր, ու սկսվում էր մեր ամենօրյա աշխատանքային օրը։ Ու ամեն օրվա ավարտին մենք մտածում էինք, թե երբ են գալու հանգստյան օրերը, երբ են գալու արձակուրդները, որ հանգստանանք այս աշխույժ առօրյայից։

Իսկ հիմա եկեք վերադառնանք մեր այսօրվա օրվան։ Երկար մտածենք ու կհասկանանք, որ մեր աշխույժ առօրյան այնքան էլ անհետաքրքիր չէր և այնքան էլ հոգնեցնող չէր, ինչքան ամբողջ օրը տանը նստելը և պատուհանից դուրս նայելը՝ տեսնելով, թե ինչպես է ծաղկում ծիրանենին և ինչպես է գարնան արևը ջերմացնում շրջակայքը։ Եվ իսկապես, մի պահ ուզում ես հետ վերադարձնել քո աշխատանքային առօրյան, խցանված փողոցները ու նրանց աղմուկը, անգամ ամեն ինչից դժգոհող մարդկանց։ Ու նաև հասկանում ես, որ ինչքան էլ սպասենք հանգստյան օրերին ու արձակուրդներին, միևնույնն է, դրանք անպայման գալու են և ոչ թե մի, այլ շատ անգամներ։ Այդ իսկ պատճառով պետք չէ սպասել, պիտի վայելել ներկա պահը։

Հիմա մեզնից շատերը տանը նստած, չգիտեն՝ ինչով զբաղվել, շատերը դիտում են այն ֆիլմերը կամ կարդում են այն գրքերը, որոնք պլանավորել էին, բայց հոգու խորքում սպասում ենք այս ամենի ավարտին։ Վստահ կարող եմ ասել, որ մեզնից շատ քչերն են գիտակցում, որ սա մի մեծ արձակուրդ է բոլորիս համար, որ հանգստանանք գրեթե ամեն ինչից։ Պիտի վայելել նաև այս արձակուրդը, որ հետո աշխատանքը ավելի հաճելի թվա։

Առանց դժգոհ մարդկանց ու նրանց դժգոհությունների աշխարհը այն չէր լինի։ Դրա համար արտահայտեք ձեր դժգոհությունը, բայց երբեք մի՛ դադարեք վայելել ներկա պահը և օգտվեք ամեն մանրուքից, որ կյանքը նետում է ձեր դիմաց։