Anush abrahamyan

Այո, ես տարբեր եմ

Միակ բանը, որ բնորոշ է ինձ ամբողջությամբ, դա փնտրելու մոլուցքն է: Փնտրում եմ մարդկանց ու բնության ժպիտը, չնայած դեռ չեմ գտել, բայց շարունակում եմ փնտրել: Փնտրում եմ նույնիսկ ինձ (որքան էլ որ անհավանական թվա) և ամենակարևորը, ցանկանում եմ գտնել «կես-կես»-երին: Երբևէ մտածե՞լ եք, թե ձեր շուրջն ապրող մարդկանցից քանիսն են կես կյանքով ապրողներ կամ, այսպես ասած, «կես-կես»-եր: Դրանք այն մարդիկ չեն, որ արթնանում են արևի հետ և փորձում ապրել, կամ էլ նրանք, ովքեր ապրում են աստղերի տակ` զգալով գիշերը: Նրանք են, ովքեր երբեք չեն շնչի գոյատևելու համար, որոնց համար անցյալը սոսկ հիշողությունների ամբողջություն չէ, այլ քողարկված ապագա: 

Նրանք կիսել են իրենց լույսի ու խավարի սահմանի վրա: Անդադար հավաքում են իրենց կյանքի հսկայական փազլը, ինչպես բոլորը՝ միայն այն տարբերությամբ, որ վերջին կտորը հենց իրենք են: Եվ ամենակարևորը՝ տառապում են անվերջ փնտրելու մոլուցքով: «Կես-կես»-երը տարբերվում են: Մի պահ մտածեք. միգուցե խոսքը ձե՞ր մասին է: Եթե այո, ապա մի տխրեք, դուք միայնակ չեք:

«Քեզ դժվար է հասկանալ, ինչո՞ւ ես այդքան ուրիշ»: Այս և նմանատիպ այլ արտահայտություններ հաճախ եմ լսում ինձ շրջապատող մարդկանցից, դրանք արդեն սովորական են ինձ համար:

Միգուցե, չէ՞ որ չեմ կարող նայել, թե ինչպես է հալվում ձյունը` սիրելով արևին, վախենում եմ մթությունից, միաժամանակ պաշտելով գիշերը: Չեմ սիրում լողալ, բայց ջուրն իմ տարերքն է: Թվում է, թե իմ մեջ ամեն ինչ իրարամերժ է, դրա համար էլ նման չեմ շատերին: Բայց եթե ինքս ինձ նույնացնեի բոլորի հետ, էջերով չէի գրի տարբերության մասին: Եթե սիրեի, այլևս չէի գրի մարդկանց մասին, ովքեր մոռանում են անհատին: Ենթադրում են հենց այնպես, «ոտքի վրա»: Երբեք չեն հարցնի անձրևից, թե ինչո՞ւ է այդքան թախիծ բերում ամպերից երկիր, և ինչու է ավելի հաճախ գալիս աշնանն ու գարնանը, այլ կբավարարվեն` ասելով, որ տարվա եղանակին է բնորոշ, և պետք է հիմնականում տանը մնալ` չհիվանդանալու համար:

Չեն հարցնի հողին՝ ինչո՞ւ է այդպես անուշ բուրում և ուժ տալիս հային, այլ կասեն` հողը կարևոր է, որովհետև նրանից բերք ենք ստանում: Նրանք երբեք չեն հարցրել ինձ՝ ինչո՞ւ եմ ուզում դառնալ ծաղրածու, այլ ուղղակի կասեն, որ տարօրինակ եմ ու երբեք չեմ հասնի նպատակիս:

Մարդիկ երբեք մահի կոկորդից չեն բռնի` կորստի համար պատասխան պահանջելու, այլ հանգիստ կմտածեն, որ կյանքի օրենքն է այդպիսին, իսկ օրենք փոխելու համար պետք է «մեծ» լինել: Եթե այդպես է, ապա ես ուզում եմ «մեծ» լինել:

Այո, ես տարբեր եմ, տարբեր եմ ամեն օր՝ միաժամանակ, նման լինելով բնությանը: Եվ վերջապես, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, որ տարբերվելը «Կես-կես-երի մասնագիտությունն է, այն մեղք չէ…