anahit Zaxaryan askeran

Այսուհետ սահմանին

Հուլիսի 10-ն էր, օրը՝ երկուշաբթի: Մի կողմից շոգ եղանակն էր թմրեցնում ինձ, մյուս կողմից էլ մարմնիս բարձր ջերմաստիճանը: Մի կերպ տանից դուրս եկա. շտապում էի, պետք է գնայի «Ղարաբաղ տելեկոմ», հետո մտնեի մի քանի բանկ, այնուհետև վազելով հասնեի տուն: Ճանապարհին ինչքա՜ն ծանոթ դեմքեր տեսա, բայց ակնոցս չէի հանում և գլուխս շրջում էի, որպեսզի չտեսնեին ինձ, որովհետև հնարավոր էր՝ հենց նրանց մոտ ուշաթափվեի, իսկ ուշաթափվել կամ վատանալ ծանոթի մոտ նշանակում է «հիվանդանալ» աշխարհի ամենածանր ու ամենավատ հիվանդություններով, իսկ դրանք ինձ պետք չէին այդ նեղ պահին: Շնչակտուր քայլում էի, մեկ էլ հանկարծ մեքենաների շղթա տեսա. սկիզբ ուներ, բայց վերջը չտեսա: Այս ի՞նչ է կատարվում այստեղ: Ի՞նչ պետք է մտածեր արցախցին այդ պահին. կամ ունենք զոհ սահմանում, կամ էլ պաշտոնյաներից մեկն է գալիս Ասկերան:

Մեկ էլ ականջիս հասան բարձր երաժշտության ձայներ: Սիրտս հանգստացավ, բայց դեռ չէի հասկանում՝ այս ի՞նչ առիթ է:

Շուտով տեսա Մշակույթի տան դիմաց հավաքված մարդկանց, շատերի աչքերին՝ արցունքներ, շուրթերին՝ աղոթքներ, աչքերում՝ ուրախություն, հպարտություն, իսկ ոմանք էլ հեռվում կանգնած սպասում էին իրենց անուն-ազգանուններին: Ասկերանում ամառային զորակոչի մեկնարկն էր: Տեսա ծանոթ տղաների, դասընկերների, համաքաղաքացիների և վերջ ի վեջո՝ արցախցիների, որոնք կազմ-պատրաստ կանգնած սպասում էին, թե երբ են գնալու և կատարելու իրենց պարտքը: Մի պահ մոռացա, որ ջերմություն ունեմ, որ արևը խփում է ուղիղ աչքերիս, որ ուշանում եմ և սկսեցի աղոթել: Աղոթեցի, իսկ հետո ուրախ դեմքով մտա «Տելեկոմ»: Բոլորն ինձ նայում էին զարմացած հայացքներով, բայց ինձ հետաքրքիր չէր, թե ինչ կմտածեն նրանք: Անփոփոխ թողնելով դեմքիս արտահայտությունը՝ դուրս եկա «Տելեկոմից»: Բանկերում նույնպես զարմացած հայացքներ որսացի, բայց ես ժպտում էի, որովհետև հպարտ էի այնտեղ կանգնած կազմ-պատրաստ տղաներով:

Աստված իմ, խնդրում եմ պահապան եղիր մեր հայ ազգին, մեր տղաներին, նորակոչիկներին, զորացրվողներին, սահմանը պահողներին, բոլո՜ր-բոլորին: Ես գիտեմ, վստահ եմ, որ Տերը լսում է ինձ և բոլոր այն մարդկանց, ովքեր աղոթում են մեր պաշտպանների համար:

Տղաները գնացին, ես էլ եկա: Ես եկա մեր տուն, ամեն ինչ նույնն էր. ջերմությունս՝ նույնը, արևն էլի այրում էր, տրամադրությունս էր փոխվել, մեկ էլ տղաների ապրելու տեղը: Նրանք այսուհետև կապրեն սահմանում, որ մենք հանգիստ լինենք մեր տներում: