Լուսանկարը՝ Անահիտ Բախշեցյանի

Այսօր և վաղը

Գիտե՞ք, էս ցույցերի, գոռոցների, դասադուլների ու հանրահավաքների մեջ մի հաճելի բան կա։ Զգալ ու տեսնել, թե ինչքան ոգևորված ու համախմբված են մեր հայրենակիցները։ Ավելի հաճելի է նկատել դա հարազատ քաղաքում ծանոթ մարդկանց մասնակցությամբ։ Նստած կարդում էի ուրիշ քաղաքներում անցկացվող երթերի մասին ու մի քիչ տխրում, որ նույն համախմբվածությունը չեմ կարող տեսնել մեր պատշգամբից, բայց․․․ Ինձ ու շատերին մի խումբ երիտասարդներ եկան ապացուցելու, որ, այո՛, սպիտակցիները կարող են համախմբվել, անկախ տարիքից, աշխատավայրից ու անձնական սկզբունքներից նրանք կարող են կանգնել մեկը մյուսի կողքին ու գնալ մի գաղափարի հետևից։ Նայում եմ դեռահաս դպրոցական տղաներին: Նրանցից ոմանք հնարավոր է, որ դպրոցի բակում երբեմն հակասություններ են ունեցել, երբեմն չեն հասկացել իրար, բայց հիմա, այսօր նրանք ձեռք-ձեռքի բռնած փողոց են փակում ու մեկ մարդու նման մեզ հայտնի արտահայտություններ վանկարկում։ Համախմբվածությունն ամենամեծ ուժն է։ Պայքարողը միշտ էլ պայքարում է, ու կարևորը այդ ոգին արթնացնելն է։ Այսօր արատավոր երևույթների դեմ պայքարողը վաղը թշնամու դեմ ավելի ամուր ոգով ու կամքով կպայքարի։