Պատմություններ օվկիանսի այն կողմից. Այցելություն

Չորեքշաբթի է: Հյուրընկալ ընտանիքս այս օրերին այցելում է տեղի ծերանոց ու մի խումբ ընկերների հետ հոգևոր երգեր երգելով շրջում ծերանոցի միջանցքներով: Ծերանոցի բնակիչների համար այս օրը շաբաթվա ամենասպասված օրն է: Երգում ենք, ու միաժամանակ հետևում, թե ինչ է կատարվում միջանցքում: Ծերանոցի բնակիչները, դանդաղ վարելով իրենց անվասայլակները, դուրս են գալիս սենյակներից ու ժպիտով սպասում: Նրանցից յուրաքանչյուրը մի յուրահատկություն ունի, որով ճանչում ենք իրեն: Օրինակ՝ առաջին սենյակի փոքրամարմին, բարակ ձեռքերով տատին փազլ հավաքելու բացառիկ տաղանդ ունի: Մյուս պալատում մնացող մորուքով պապին հնչեղ, թունդ ձայն ունի, ու ամեն անգամ միանում է մեր երգչախմբին, երբ հերթը հասնում է իր միջանցքին:

Շատերը ապաքինվում են, մի մասին մի քանի օր է մնացել ապրելու: Այ, էս պապիկին կարճ ժամանակ է մնացել… Կանգնում ենք նրա սենյակի մուտքի մոտ… Ժպտում է… Իսկ մենք ձեռք-ձեռքի բռնած աղոթում ենք:

Էհ, ինչ ասեմ… Ապրում ենք, էլի…